ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Bitcoin. վիրտուալ արժույթը գրավում է աշխարհը
    Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում կամ մարդկանց կողմից մենք կարող ենք կարդալ կամ լսել Bitcoin բառը: Ինչ է դա հարցը շրջանառվում է շատ տեղերում, սակայն պատասխաններն ու բացատրությունները միշտ տարբեր են:Bitcoin-ն իրականում վիրտուալ արժույթ է կամ կրիպտոարժույթ: Այն ստեղծվել է Ճապոնիայում 2008թ.-ի վերջում, իսկ տարածում է սկսել գտնել 2009թ.-ից:  Հայ իրականության մեջ դժվար է պատկերացնել գումարը կամ արժույթն առանց շոշափելու, իսկ կրիպտոարժույթները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, դրանք վիրտուալ են:Սկզբնական շրջա
  • Այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան կես մլն դոլարի արվեստի ստեղծագործություն
    Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են 654.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 33%-ով:Նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել էր շուրջ 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 660.3 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հ
  • Աճել է օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը Հայաստանյան բանկերի կապիտալում
    Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ, որից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկ է: Ընդ որում, այս 15 բանկից 9-ում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմում է 95%-ից ավելի: Մնացյալ 6 բանկում օտարերկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում չի հասնում 50%-ի:Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալներն՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների ընդհանուր բաժինը կազմում է 61.6%:Տարեսկզբի համեմատ ցուցանի
  • Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը հանձնվել Է Ռիչարդ Թալերին
    Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել Է տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկրի անունը, մրցանակ, որը հաճախ անվանում են «Տնտեսության գծով Նոբելյան մրցանակ»: 49-րդ մրցանակը հանձնվել Է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին վարքագծային տնտեսության բնագավառում կատարած հետազոտությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ռիչարդ Թալերը ծնվել Է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին. նա Չիկագոյի համալսարանին առընթեր Բուտ բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Է: Տնտեսագիտության բնագավառում հաղթողի հայտարարմա
  • Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները.
    Թվայնացումը փոխում է տնտեսությունը, փոխում է մեր կյանքը և մի շարք հնացած պատկերացումներ հասարակության և տնտեսության կազմակերպվածության վերաբերյալ։Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ  այս մասին ասաց Եվրասիական տնտեսական համաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է panorama.am-ը ։«Քննարկվող թեման շատ ակտուալ է և նախևառաջ կապված է աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների հետ։ Մենք մի կողմից պարտավոր են հարմարվել այդ փոփոխություններին, մյուս կողմից ապագային նայենք, շրջանցե
  • Հայտնի է դարձել Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը
    Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում և երրորդն աշխարհում՝ ըստ ամենահյուրընկալ քաղաքների վարկանշային դասակարգման:Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ցանկը կազմվել է CNT ամերիկյան զբոսաշրջային ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն:Վերջիններս ընդգծել են տեղացիների անմիջականությունը, քաղաքում զբոսնելու հաճույքը, որոշ վայրերում անվճար սուրճ ըմպելու փաստը, ինչպես նաև երեխաների համար բազմաթիվ ժամանցային վայրերի առկայությունը:Համաշխարհային մակարդակով ցանկի առաջատարը մեքսիկական Սան Միգել դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՈՒղեղային կենտրոնների ծագումը և քաղաքական փորձագիտության ինստիտուցիոնալացման գործընթացը 20-րդ դարի առաջին կեսին

    ՎԱՐԴԱՆ  ԱԹՈՅԱՆ
    ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, Չինաստանի ՇՄՀ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր և հատուկ փորձագետ

    Հոդվածում ներկայացվում է 20-րդ դարի առաջին կեսին արհեստավարժ քաղաքական խորհրդատուների ինստիտուտի և ինտելեկտուալ արտադրանք թողարկող հատուկ մասնագիտացված կազմակերպությունների ծագման, կայացման ու զարգացման շարժընթացը: Քննարկվում են այն նախադրյալները, որոնք նպաստում են ուղեղային կենտրոնների (ՈՒԿ) ոլորտի զարգացմանը: ԱՄՆ-ի օրինակով ցույց է տրվում ՈՒԿ ոլորտի կայացման մակարդակի անմիջական կապը քաղաքական միջավայրի և քաղաքական գործընթացում ձևավորված ավանդույթների միջև: Կատարված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պետական քաղաքականության իրականացման գործընթացում փորձագետների, արհեստավարժ վերլուծաբանների ներգրավումը և ՈՒԿ-ների ինտելեկտուալ արտադրանքի կիրառման կրիտիկական նշանակության գիտակցումը առկա է եղել դեռևս մեկ դար առաջ, ինչը մեծապես նպաստել է քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ ընդունվող որոշումների փորձագիտական հենքով ապահովմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական ու ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը:

    Հիմնաբառեր. ուղեղային կենտրոն, փորձագիտական հանրություն, հանրային քաղաքականություն, պետական կառավարում, քաղաքական գործընթաց, քաղաքական փորձագիտություն


    Պետության կողմից փորձագիտության, արհեստավարժ խորհրդատվության և պետական քաղաքականության ինտելեկտուալ ապահովման նկատմամբ պահանջարկը ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներում: Պատմությանը հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ թագավորական և կայսերական պալատներում կառավարման, քաղաքականության և հանրային կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ պետության առաջնորդներին աջակցել են իմաստուններն ու խորհրդականները: Ավելին, որոշ տիրակալներ այնքան են կարևորել իրենց խորհրդականներին, որ միջոցներ են փնտրել նույնիսկ մահից հետո, անդրշիրիմյան կյանքում նրանց ծառայություններից օգտվելու համար: Որպես ասվածի պատկերավոր օրինակ` կարող ենք նշել 1974 թ. Չինաստանում հայտնաբերված Ցին դինաստիայի առաջին կայսեր` Ցին Շիhուանդիի (մ.թ.ա. 259210) դամբարանը, որն առավել հայտնի է «Տերակոտայի
    մարտիկներ» անվանումով, որտեղ գտնվել են ավելի քան 8000 կերամիկական, գունավոր կավից պատրաստված արձաններ: Այստեղ հատկանշական է, որ, ի թիվս կայսեր զինվորների (այդ թվում` բարձրաստիճան զորավարների) արձանների, որոնք կոչված էին պաշտպանելու կայսրին անդրշիրիմյան
    կյանքում, դամբարանում առանձին տեղ է գրավում նաև վերջինիս անմիջական խորհրդականի կավե արձանը:
    Այնուամենայնիվ, մինչև 20-րդ դարը փորձագետների և փորձագիտական գիտելիքի ինստիտուցիոնալացում տեղի չէր ունենում: Մասնագիտական ոլորտում քաղաքական խորհրդատուների հանդես գալը կապված է պետական համակարգում, քաղաքական կուսակցություններում, այլ հասարակական-քաղաքական միավորումներում որոշումների ընդունման ինտելեկտուալ աջակցության ինստիտուտի ի հայտ գալու, իսկ հետագայում պետական քաղաքականության ուսումնասիրության ուղղությամբ մասնագիտացված կազմակերպությունների կազմավորման հետ:
    Նման մասնագիտացված կազմակերպությունների ծագման համար կարևոր խթան դարձավ քաղաքական և կառավարչական որոշումների կայացման գործընթացում ուսումնասիրությունների, վերլուծությունների, մշակումների և այլընտրանքային առաջարկությունների նկատմամբ պահանջարկի աճը: Մյուս կողմից` քաղաքական փորձագիտության ինստիտուտի ձևավորումն ու կայացումը պայմանավորված էին տվյալ երկրի քաղաքական համակարգի, քաղաքական որոշումների ընդունման գործընթացի առանձնահատ-
    կություններով և պետական կառույցների հետաքրքրվածությամբ` զարգացնելու սեփական կարողությունները, պետության ինտելեկտուալ ներուժը ծառայեցնելու առկա սոցիալ-քաղաքական հիմնախնդիրների լուծմանը, ձևավորելու ապագային ուղղված ռազմավարական տեսլական:
    Այդպիսի առաջին կազմակերպություններից էր 1831 թ. դուքս Վելլինգթոնի կողմից Մեծ Բրիտանիայում հիմնված և առ այսօր գոյություն ունեցող Պաշտպանական և անվտանգության հետազոտությունների թագավորական միավորված ծառայությունների ինստիտուտը (Royal United Services Institute for Defence and Security Studies - RUSI), որը սկզբնապես գործում էր որպես զինվորականների գիտական արհեստավարժ ընկերակցություն: 19-րդ դարի երկրորդ կեսից ինստիտուտը ռազմական ոլորտում հետազոտությունների, 
    սցենարային մշակումների, կանխատեսումների և խորհրդատվությունների շնորհիվ սկսում է ազդեցություն ձեռք բերել: Ըստ Յու. Նիկիտինայի` RUSI-ն առաջին վերլուծական կենտրոնն էր, որը  գործում էր միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտում: Պետք է նշել սակայն, որ այս ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների շրջանում առաջին ուղեղային կենտրոնի (ՈւԿ) ի հայտ գալու վերաբերյալ միասնական կարծիք դեռևս չկա: Այսպես` որոշ հետազոտողների կարծիքով ՈւԿ-ի նախատիպ պետք է համարել 1884 թ. Լոնդոնում սոցիալիստական բարեփոխումների  համախոհների կողմից ստեղծված «Ֆաբիանյան հանրությունը», որն այժմ էլ գործում է որպես Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության վերլուծական կենտրոն: Այս կազմակերպությունը, ի  կզբանե լինելով քաղաքական ակումբ, զբաղվում էր հասարակական գործընթացների վերլուծությամբ և ձգտում էր ապահովել սոցիալիստական համակարգին աստիճանական անցումը, ինչի նպատակով մշակում էր քա- ղաքական բարեփոխումների նախագծեր և քարոզում սոցիալիզմի առավելությունները: Մյուս կողմից` ամերիկացի մասնագետ Ջ. Սմիթը, որպես ՈւԿ- ների սկզբնավորման առաջին փորձ, նշում է 1865 թ. ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում բարեփոխումների կողմնակիցների համաժողովը, երբ հիմնվեց Սոցիալական գիտությունների ամերիկյան ասոցիացիան (American Social Science Association): Հատկանշական է, որ բրիտանական առաջին վերլուծական կենտրոնների ծագումը հաճախ կապում են Ջերեմի Բենթամի (Jeremy Bentham) և Ջեյմս Միլլի (James Mill) անունների և 19-րդ դարի կեսերին ուտիլիտարիզմի գաղափարների տարածման հետ: Վերջիններիս “The Westminster Review” պարբերականում հրապարակվող մոտեցումները լայնորեն քննարկվում էին մտավորական հանրության կողմից և որոշակիորեն ազդեցություն գործում քաղաքական որոշումների ընդունման վրա: Չնայած քաղաքական գործիչների կողմից իրենց տեսակետների նկատմամբ ուշադրությանը` այդ ժամանակաշրջանի ուտիլիտարիստների, ինչպես նաև վերևում հիշատակված Պաշտպանական հետազոտությունների թագավորական միավորված ինստիտուտի գործունեությունը դժվար է համեմատել ներկայիս ՈւԿ-ների գործունեության հետ: Մեծ Բրիտանիայում, արդի պատկերացումներին համապատասխան, ՈւԿ-ների գործունեության սկիզբ կարելի է համարել 1926 թ., երբ ստեղծվեց Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որն առավել հայտնի է որպես «Չեթմ հաուս»: Նման կենտրոնների ստեղծման համար լավ նախադրյալ էր Փարիզի խաղաղության համաժողովը (19191920 թթ.), որտեղ տեղի էին ունենում Առաջին աշխարհամարտի արդյունքների հիման վրա խաղաղության պայմանագրերի մշակումն ու կնքումը: Ավելորդ չէ նկատել, որ, ի տարբերություն արտաքին քաղաքական ոլորտում մասնագիտացած «Չեթմ հաուսի», ներքին քաղաքականության մշակման նպատակով 1930 թ. ստեղծվեց Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը (NIESR):
    Հարկ է նշել, որ պատմականորեն ՈւԿ-ները ձևավորվել են ավանդական ակադեմիական, համալսարանական կազմակերպությունների հիմքի վրա, երբ 20-րդ դարասկզբին Արևմուտքում պետական ինստիտուտները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մշակվող քաղաքական որոշումների կիրառական վերլուծության նկատմամբ: Դա պայմանավորված էր պետական կառավարման ոլորտի հաստատությունների առջև ծառացած քաղաքական-կառավարչական խնդիրների բարդացմամբ: Այս համատեքստում հատկանշական է Լ. Պալի կարծիքը, ըստ որի, մինչև Առաջին աշխարհամարտը քաղաքական փորձագիտությունը ներկայացնում էր, այսպես կոչված, «statecraft», որը կարելի է թարգմանել որպես պետության կառավարման հմտություն: Վերջինս հիմնված էր կառավարողի իմաստության և փորձառության վրա, ինչը փոխարինում էր քաղաքական փորձագիտությանը: Հավելենք, որ քաղաքական
    գործընթացում ներգրավված անձանց նման մտայնությունը, երբ վստահ էին, որ ի վիճակի են ինքնուրույն իրականացնել քաղաքական փորձագիտության գործառույթները` չներգրավելով հատուկ գիտելիքներ կրող մասնագետների, այս կամ այն չափով պահպանվել է մինչև նախորդ դարի կեսերը:
    Ընդհանուր առմամբ, կարելի է առանձնացնել ՈւԿ-ների ծագման երեք հիմնական նախապայման: Առաջին պայմանն իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկն է, այսինքն` «քաղաքական շուկայի» առաջացումը, որը ներառում է իշխանության ավելի քան մեկ աղբյուրի առկայություն: Հակառակ պարագայում, երբ իշխանությունը կենտրոնացված է մեկ տեղում, մեկ «ուղղահայացում», հանրային խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության գործունեության այլընտրանքային տարբերակների նկատմամբ պահանջարկ չի առաջանում: Ավելին, նման առաջարկությունները դիտարկվում են որպես հակակառավարական և պատժվում են: Հենց այդ պատճառով այդպիսի կենտրոններ առաջին անգամ ի հայտ են եկել կայուն ժողովրդավարական ռեժիմ ունեցող երկրում` ԱՄՆ-ում: Երկրորդ պայմանը մասնագետների` քաղաքագետների հանրության առկայությունն է, այդ նպատակով կրթության զարգացումը և քաղաքական գիտության առանձնացումը հարակից գիտություններից, ինչպիսիք են պետության և իրավունքի տեսությունը, փիլիսոփայությունը, սոցիոլոգիան և տնտեսագիտությունը: Հենց նման իրավիճակ էր ԱՄՆ-ում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին, որտեղ քաղաքական գիտությունը ինստիտուցիոնալացվել էր արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ 1880 թ. Ջ. Բրջեսը Կոլումբիայի քոլեջում (հետագայում` Կոլումբիայի համալսարան) հիմնեց Քաղաքական գիտության դպրոցը: Որպես ՈւԿ-ների ստեղծման երրորդ պայման պետք է նշել տարբեր հիմնադրամների և համապատասխան ինտելեկտուալ կենտրոնների այլ` իրարից (և պետական իշխանությունից) անկախ ֆինանսավորման աղբյուրների առկայությունը: Այդ հարցում 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ը տարբերվում էր աշխարհի բազմաթիվ երկրներից: Հենց այստեղ տարբեր ձեռնարկատերերի կողմից ստեղծվեցին տարաբնույթ հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում էին սոցիալական և հանրային քաղաքականության ոլորտի այս կամ այն նախագիծը: Նման ավանդույթ գոյություն չուներ եվրոպական երկրներում:
    Վերոնշյալի համատեքստում, սակայն, չափազանց հետաքրքրական է Դ. Աբելսոնի դիտարկումը, ըստ որի 1900-ական թվականների սկզբին խոշոր արդյունաբերողների կողմից բարեգործական հիմնադրամներ հիմնելու նպատակը սեփական միջոցները հարկումից պաշտպանելն էր և հաջորդ սերունդներին փոխանցելը: Հետագայում այդ մեծահարուստ ձեռնարկատերերը քաղաքականության վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով օգտագործել են իրենց հիմնադրամները` ֆինանսավորելով հետազոտական ինստիտուտների:
    Իհարկե, ՈւԿ-ների ծագման և համապատասխան ոլորտի կայացման համար անհրաժեշտ նախադրյալները չեն սահմանափակվում վերևում հիշատակվածներով: 20-րդ դարասկզբին այս բնագավառի բուռն զարգացումը (հատկապես ԱՄՆ-ում) ուներ նաև այլ պատճառներ, որոնք կփորձենք հաջորդիվ ևս ներկայացնել և քննարկել: Այսպես` նախորդ դարում ամերիկյան առաջին ՈւԿ-ների ձևավորմանը նպաստեց ԱՄՆ-ի նախագահներ Թեոդոր Ռուզվելտի և Վուդրո Վիլսոնի կողմից իրականացվող պետական իշխանությունն արհեստավարժ դարձնելու քաղաքականությունը: Ինչպես նշում է Ռ. Հաասը, առաջին կենտրոններն ի հայտ են եկել «առաջադիմական դարաշրջանում», այսինքն` ռեֆորմիզմի քաղաքականության (19001917 թթ.) ժամանակահատվածում, որ իրականացնում էին վերը նշված նախագահները:
    Վերջիններիս նպատակները առավելապես ապաքաղաքական էին` հանրային շահերի պաշտպանություն և պետական պաշտոնատար անձանց` քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ անաչառ խորհրդատվության մատուցում: Բացի այդ, սոցիալ-տնտեսական ոլորտում խորքային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ԱՄՆ-ում արդյունաբերական հեղափոխությունից և Առաջին աշխարհամարտից հետո, մեծապես նպաստեցին արտաքին քաղաքական և ներքաղաքական բնագավառներում որոշումների ընդունման մեխանիզմի փոփոխությանը:
    Ամերիկյան գրականությունում առաջին ՈւԿ-ներ են համարվում նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են 1894 թ. ստեղծված Չիկագոյի Քաղաքացիական դաշնությունը (հետագայում` Ազգային քաղաքացիական դաշնություն), Ինդուստրիալ հետազոտությունների բյուրոն (1904), ինչպես նաև Ռասել Սեյջի հիմնադրամը (1907)12: Նշենք, որ վերջինիս նպատակն էր հետազոտությունների, հրապարակումների, կրթության, բարեգործության և այլ միջոցներով ԱՄՆ-ում կյանքի և սոցիալական պայմանների բարելավումը:
    Հաստատության հիմնադիրն էր երկաթուղային մագնատ և ֆինանսիստ Ռասել Սեյջի այրին` Մարգարետ Օլիվիա Սեյջը, ով այդ նպատակով նվիրաբերել էր 10 մլն ԱՄՆ դոլար: Ռասել Սեյջի հիմնադրամը կարևորագույն դեր խաղաց անապահով խավի վիճակի բարելավմանն ուղղված համազգային շարժման գործում, որի խնդիրն էր ուսումնասիրել սոցիալական հիմնահարցերը, մշակել համապատասխան օրենսդրություն և այս կամ այն պահանջների բավարարման համար ստեղծել մասնավոր կազմակերպություններ: Ավելի ուշ` 1910 թ., պիտսբուրգյան հայտնի գործարար Էնդրյու Քարնեգիի կողմից ստեղծվում է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը, որի գործունեության առաջնային ուղղություններից են դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտի հետազոտությունները: Հավելենք, որ, «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Էլիու Ռութը ներառված էր պատերազմի ավարտման պայմանները քննարկող Վերսալյան բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության կազմում, և նրա նախաձեռնությամբ ամերիկյան կողմի առաջարկում ընդգրկվել էր Ազգերի լիգային զուգահեռ մշտական հիմունքներով գործող միջազգային դատարանի ստեղծումը, որը հիմք հանդիսացավ Հաագայի միջազգային դատարանի ստեղծման համար: Ավելի ուշ` 1945 թ., «Քարնեգի» հիմնադրամի տնտեսության և պատմության բաժնի պետ Ջեյմս Շոթվելը Սան Ֆրանցիսկոյի համաժողովում ղեկավարել է ոչ կառավարական խորհրդականների պատվիրակությունը, որտեղ մշակվում էր ՄԱԿ-ի կանոնադրությունը: Նրա նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել կանոնադրության նախագծում, մասնավորապես` Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
    20-րդ դարասկզբի ԱՄՆ-ի պատմության մեջ մյուս նշանակալի ՈւԿ-ն` Կառավարական հետազոտությունների ինստիտուտը (Institute for Government Research), ստեղծվել է 1916 թվականին հայտնի գործարար և բարեգործ Ռոբերտ Բրուքինգսի կողմից: Վերջինիս նախաձեռնությամբ հետագայում ստեղծվեցին նաև Տնտեսագիտության ինստիտուտը և Ռ. Բրուքինգսի բարձրագույն դպրոցը: Վերոնշյալ երեք կազմակերպությունների միավորմամբ 1927 թ. հիմնադրվեց այսօր շատ հայտնի և լավագույններից մեկը համարվող Բրուքինգսի ինստիտուտը:
    Երկրորդ աշխարհամարտից հետո Բրուքինգսի ինստիտուտին հաջողվեց ստանձնել Եվրոպայի վերականգնման «Մարշալի պլանի» հիմնական մշակողներից մեկի գործառույթը, ինչն այդ կազմակերպության նշանակալի դերակատարության կարևոր ցուցիչներից է: Հարկ է նշել, որ 20-րդ դարի առաջին տասնամյակներում ԱՄՆ-ը բուռն տնտեսական զարգացում էր ապրում: Բնականաբար, դրան զուգահեռ, վերափոխվում էր երկրի սոցիալ-տնտեսական կյանքը: Այդ ժամանակաշրջանում արձանագրվեց ԱՄՆ-ի դերակատարության և ազդեցության մեծացումը համաշխարհային քաղաքականությունում: Այս հանգամանքը ևս նպաստեց երկրում քաղաքական փորձագիտության ինստիտուցիոնալացման գործընթացին և հատկապես արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների հարցերում մասնագիտացված ՈւԿ-ների ստեղծմանն ու զարգացմանը: Այսպես՝ 1917 թ. ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի խորհրդական գնդապետ Էդվարդ Հաուսը ամերիկացի առաջատար գիտնականների, ակադեմիական ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ պարբերաբար անցկացնում էր խորհրդակցություններ, որոնց նպատակն էր մշակել Առաջին աշխարհամարտից հետո աշխարհի հետագա կազմակերպման վերաբերյալ ամերիկյան նոր մոտեցումներ: Գիտնականների այդ խումբը, որը ստացավ «Հետազոտություն» անվանումը, ամերիկյան պատվիրակության կազմում խորհրդականի կարգավիճակով մասնակցում էր Փարիզի խաղաղության համաժողովին: Խումբը մշակել էր նաև Ազգերի լիգայի խարտիայի (հռչակագիր) նախագիծը: Ավելի ուշ` 1921 թվականին, ակումբային ձևաչափում գործող այս խումբը որպես հիմք ծառայեց միջազգային գործընթացների ուսումնասիրությամբ զբաղվող՝ ներկայումս ամենահայտնի ՈւԿ-ներից մեկի` Միջազգային հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) ստեղծման համար: 1922 թվականից այս հաստատությունը սկսեց թողարկել «Foreign Affairs» պարբերականը:
    Այսպիսով` բրիտանական Չեթմ հաուսի և ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի ստեղծման նախադրյալները ձևավորվեցին Փարիզի խաղաղության համաժողովում: Հատկանշական է, որ համաժողովի ընթացքում բրիտանական և ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները նախաձեռնեցին մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց նպատակն էր միջազգային հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող հաստատության հիմնումը: Հաստատությունը պետք է բաղկացած լիներ երկու մասնաճյուղից. մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` ԱՄՆ-ում: Ինստիտուտն իր բնույթով պետք է գիտական լիներ` ձգտելով բարձրացնել երկու երկրների պաշտոնական արտաքին քաղաքականության փորձագիտական մակարդակը, նպաստելով իրականացվող քաղաքականությանն աջակցող հանրային միակամության (կոնսենսուս) ձևավորմանը: Կազմակերպության հիմնական նպատակը ոչ թե պարզապես քաղաքականության իրագործումն էր, այլ դրա մշակմամբ զբաղվողներին համապատասխան փորձագիտական հասարակական աջակցության ապահովումը: Սակայն պատվիրակությունների վերադարձից հետո պարզ դարձավ, որ, չնայած նախնական պայմանավորվածությանը, անգլո-ամերիկյան համատեղ կենտրոնի ստեղծման համար երկու երկրներում էլ ձևավորվել է ոչ այնքան բարենպաստ միջավայր. ԱՄՆ-ում զգալի էին հակաբրիտանական, իսկ Մեծ Բրիտանիայում` հակաամերիկյան տրամադրությունները: Այդ պատճառով յուրաքանչյուր պատվիրակություն իր երկրում ստեղծեց առանձին կազմակերպություն. ի հայտ եկան ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհուրդը և բրիտանական Չեթմ հաուսը: Երկու կազմակերպությունում էլ ներգրավվեցին փորձագետներ, այդ թվում` միջազգային հարաբերություններում գործնական փորձառություն ունեցող անհատներ, լրագրողներ, միջազգային իրավունքի մասնագետներ, համալսարանական շրջանակների և բանկային ոլորտի ներկայացուցիչներ: Դրանք սերտորեն փոխգործակցում էին իրենց երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու վերնախավի ներկայացուցիչների հետ: Այնուամենայնիվ, հարկ է ավելացնել, որ հյուսիսամերիկյան մեկ այլ երկրում` Կանադայում, 1928 թվականին Միջազգային հարաբերությունների կանադական ինստիտուտը ստեղծվել է որպես Չեթմ հաուսին ասոցացված կազմակերպություն:
    Բացի «Քարնեգի» հիմնադրամից, Միջազգային հարաբերությունների ինստիտուտից և Բրուքինգսի ինստիտուտից, 20-րդ դարի առաջին կեսին ամերիկյան քաղաքականության ձևավորման վրա մեծ ազդեցություն ուներ նաև 1919 թ. Հերբերթ Հուվերի (19291933 թթ. ԱՄՆ-ի նախագահ) կողմից ստեղծված Պատերազմի, հեղափոխությունների և խաղաղության ուսումնասիրությունների Հուվերի ինստիտուտը:
    Հարկ է նշել, որ 1920-ականների վերջերի և 1930-ականների սկզբների ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամը կամ «Մեծ դեպրեսիան», որը համընկավ Հերբերտ Հուվերի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ, նույնպես նպաստեց ՈւԿ-ների կայացման գործընթացի արագացմանը: Այսպես` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Հուվերին հաջորդած Ֆրանկլին Ռուզվելտը «Նոր կուրսի» շրջանակներում մշակվող ծրագրերի համար ստեղծեց ՈւԿ-ներ` միավորելով հասարակագիտության բնագավառի հայտնի մասնագետների, ովքեր կատարում էին ընթացող բարեփոխումների, այսպես կոչված, գաղափարական «քարշակի» և ինտելեկտուալ «գեներատորի» գործառույթները: Պետք է նշել, որ Ֆ. Ռուզվելտի փորձագիտական թիմը, որի կազմում էին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորներ` իրավաբան Ռեյմոն Մոլը, տնտեսագետներ Ռեքսֆորդ Գայ Թագվելը և Էյդոլֆ Օգաստես Բյորլին, կարևոր դեր խաղաց ԱՄՆ-ի քաղաքական փորձագիտության և խորհրդատվության համակարգի կայացման գործում: «Ուղեղային տրեստ» (Brain Trust) անունով առավել հայտնի արհեստավարժների այս խմբի տեսական մշակումները ոչ միայն «Նոր կուրսի» գաղափարախոսության բարեփոխական միջուկի հիմքը դարձան, այլ նաև սկիզբ դրեցին վարչական-քաղաքական խորհրդատվության և հակաճգնաժամային կառավարման ավանդույթներին: «Նոր կուրսի» ժամանակաշրջանը աչքի ընկավ կառավարական հակաճգնաժամային հաստատություններում մեծաթիվ քաղաքական վերլուծաբանների, կառավարման փորձագետների և ինտելեկտուալների ներգրավմամբ: «Նոր կուրսի» ավարտից հետո խորհրդատվության փորձն իր կիրառությունը գտավ նաև ԱՄՆ-ի հետագա նախագահների փորձագիտական խմբերի գործունեության
    մեջ: Այս փաստը վկայում է երկրի հանրային կյանքում ինտելեկտուալ վերնախավի անընդհատ աճող դերի մասին: Սակայն 20-րդ դարում ԱՄՆ-ում մտավոր կենտրոնների ի հայտ գալը չի կարելի բացառապես նախագահ Ֆ. Ռուզվելտի արժանիքների շարքը դասել: Դրանից շատ առաջ էլ նման խորհրդականների ծառայություններից էին օգտվում ԱՄՆ-ի այլ քաղաքական գործիչներ ևս: Այսպես` ըստ որոշ գնահատականների, ԱՄՆ-ում վարչականքաղաքական խորհրդատվության ոլորտում փորձագիտական խմբերի կիրառման հիմքը դրել է սենատոր, իսկ ավելի ուշ Վիսկոնսինի նահանգապետ Ռոբերտ Մերիոն Լաֆոլետ-Ավագը: Վերջինս նահանգապետ լինելու տարիներին (1906-1910) դիմել է ինտելեկտուալների օգնությանը և նրանց աջակցությամբ առաջարկել առաջադիմական-ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գաղափարը, որը ստացել էր «Վիսկոնսինյան պլան» (“Wisconsin Idea”) անվանումը18: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այդ ժամանակ նման խորհրդատվական գործունեությունը մակերեսային և ժամանակավոր բնույթ ուներ: Միայն Ֆ. Ռուզվելտի նախագահության շրջանում գիտական խորհրդատուների` պետական-քաղաքական կառավարման ոլորտ ներգրավման փորձը ձեռք բերեց հետևողական և պարբերական բնույթ, ինչն էլ նպաստեց այն բանին, որ աշխարհում առաջին անգամ հենց ԱՄՆ-ի քաղաքական տեսության մեջ ամրագրվեց «ուղեղային տրեստ» հասկացությունը: 20-րդ դարի առաջին տասնամյակներում «Քարնեգի» հիմնադրամը, Բրուքինգսի ինստիտուտը, Հուվերի ինստիտուտը, Միջազգային հարաբերությունների խորհուրդը և մի փոքր ավելի ուշ` 1943 թվականին ստեղծված Հանրային քաղաքականության հետազոտությունների ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտը, որոնք ֆինանսավորվում էին մասնավոր աղբյուրներից և չէին գործում որպես կառավարությանն առընթեր հաստատություններ, սկսեցին ազդեցություն ունենալ քաղաքականության մշակման գործընթացի վրա: Սառը պատերազմի առաջին տարիներին դրանք ոչ միայն ազդում էին քաղաքականության շուրջ ընթացող քննարկումների վրա, այլ նաև աշխատում էին կառավարության համար: Այդ ՈւԿ-ները մշակում էին փաստաթղթեր, որոնք հետագայում վերափոխվում էին օրենքների: Այսպիսով` ԱՄՆ-ում առաջին ՈւԿ-ների ստեղծման գլխավոր գործոնը սոցիալական համակարգի բարդացումն էր, հետևաբար` խնդիրների ծավալայնությունը, որոնց բախվում էր ժամանակակից պետությունը (աննախադեպ կործանարար պատերազմներ և հեղափոխություններ, արհեստավարժ բյուրոկրատիայի կառավարման խնդիրներ և այլն), ինչպես նաև այդ ժամանակաշրջանում պետական ինստիտուտների` խնդիրները սեփական ուժերով լուծելու ունակության նկատմամբ թերահավատությունը: Բացի այդ, մասնավոր նվիրատվության և բարեգործական ավանդույթի առկայությունը նպաստում էր ՈւԿ-ների ստեղծմանը, քանի որ նման կառույցները, հատկապես սկզբնական շրջանում, ստեղծվում և գործում էին գործարարների հանգանակությունների միջոցներով:
    Վերլուծական կառույցների զարգացման հաջորդ փուլը (1940-ական թվականների երկրորդ կեսից սկսած) կապված է պայմանագրային ՈւԿ-ների ի հայտ գալու հետ: Վերջիններիս ստեղծման պատճառներն էին Երկրորդ աշխարհամարտը և դրան հաջորդած «սառը պատերազմը», նոր տեսակի սպառազինությունները, գիտատեխնիկական հեղափոխության նվաճումները, սոցիալ-տնտեսական խնդիրները, կիրառական գիտության, մասնավորապես` սոցիալական գիտություններում համապատասխան ուղղությունների զարգացումը (սոցիոլոգիայում, սոցիալական հոգեբանության, քաղաքական գիտության մեջ), բնապահպանական խնդիրները և այլն: Հարկ է նշել, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ի հիմնական վերլուծական կառույցներն էին Ռազմածովային վերլուծությունների կենտրոնը (Center for Naval Analysis) և Պաշտպանական վերլուծությունների ինստիտուտը (Institute for Defense Analysis), որոնք կառավարության համար ռազմական թեմատիկայով երաշխավորություններ (recommendations) էին մշակում: Կարևոր է ընդգծել, որ ԱՄՆ-ի առաջին պայմանագրային ՈւԿ-ների ստեղծման գործում առաջատար դերը պատկանում էր ռազմաարդյունաբերական համալիրին: Բացի այդ, դաշնային կառավարությունը աստիճանաբար առավել ակտիվորեն էր մասնակցում երկրի ներքաղաքական կյանքին,
    իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային հարցերում ևս աճում էր ՈւԿ-ների կիրառական-աղաքական մշակումների և վերլուծական հետազոտությունների նկատմամբ պահանջարկը: Ժամանակը ցույց տվեց ՈւԿ-ների քաղաքացիական մասնագետների, գիտատեխնիկական կադրերի և վերջիններիս մշակումների կարևորությունը ռազմական ու քաղաքական գերիշխանության հասնելու գործում: Երկրորդ
    աշխարհամարտից հետո բազմաթիվ ինստիտուտներ ուղղակի օժանդակություն էին ստանում ԱՄՆ-ի կառավարությունից, ինչը պաշտպանության բնագավառի գիտնականներին և հետազոտողներին տրամադրում էր հսկայական ռեսուրսներ: Բացի այդ, միջոցները, որոնք տրամադրվում էին պետության կողմից` պայմանագրի շրջանակներում, շարունակում էին համալրվել նաև բարեգործական հիմնադրամների ներդրումների հաշվին: Ակնհայտ է, որ այդ տարիների ԱՄՆ-ի նախագահ Հ. Թրումենը գիտակցում էր համալսարանական և մասնավոր վերլուծական կենտրոնների փորձագետների առավելությունը պետական կառույցների ռազմական վերլուծաբանների նկատմամբ, որոնք, որպես կանոն, պակաս նորարար էին և առավել կաշկանդված` պետական վարչական աստիճանակարգային համակարգում համարձակ առաջարկություններ ներկայացնելու համար:
    Գաղտնիք չէ նաև, որ պատերազմի ավարտից հետո աստիճանաբար թափ էր հավաքում ԽՍՀՄ-ի հետ դիմակայությունը և ընդհանուր մրցավազքը, որը տարածվում էր նաև գիտական և ինտելեկտուալ ոլորտների վրա: Հենց այս համապատկերում 1948 թ. ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հովանու ներքո ստեղծվում է ՌԷՆԴ կորպորացիան (Research and Development): Բնական է, որ վերջինիս ինտելեկտուալ արտադրանքի հիմնական պատվիրատուն և սպառողը պաշտպանության նախարարությունն էր: 1950-ական թթ. սկսած` ՌԷՆԴ-ը աշխատել է ամերիկյան կառավարական գործակալությունների պատվերներով` իրականացնելով ազգային անվտանգության տարբեր բնագավառներին առնչվող հետազոտություններ:
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը որոշակիորեն նվազեցրեց ռազմական ուժերը, քանի որ նոր տեսակի զենքերը, օրինակ` միջուկայինը, թվում էին առավել էժան և արդյունավետ, քան մեծ բանակի պահպանումն արտերկրում: Ռազմական արդյունաբերության հիմնական ոլորտների ազգայնացման փոխարեն, ինչպես արեցին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի կառավարությունը պայմանագրեր կնքեց մասնավոր կոնցեռնների հետ, որոնք զբաղվում էին գիտական մշակումներով: Կառավարությունում կարծում էին, որ նման մասնավոր ընկերությունները, ուղղակիորեն կապված չլինելով Պենտագոնի հետ, առավել արագ և էժան  կերպով կկարողանան մշակել նոր տեսակի զենքեր: Այսպես ՌԷՆԴ-ը դարձավ կամուրջ ռազմական պլանավորման և քաղաքացիական զարգացման աշխարհների միջև: Կարևոր փաստ է նաև, որ «ուղեղային կենտրոն» հասկացությունն առաջին անգամ սկսեց օգտագործվել 1940-ական թվականների վերջին հենց ՌԷՆԴ կորպորացիայի կողմից: Այս եզրույթն աստիճանաբար յուրացվեց և իր կայուն տեղը գտավ նաև համապատասխան մասնագիտական գրականու-
    թյան մեջ։ Անդրադառնալով ՌԷՆԴ կորպորացիայի ստեղծման պատմությանը` հարկ է նշել, որ այդ նախագիծը սկզբնապես ծավալել է գործունեությունը 1946 թ. ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և «Դուգլաս» (Douglas Aircraft) օդանավաշինական կոնցեռնի միջև պայմանավորվածության համաձայն` որպես վերջինիս ստորաբաժանում: Արդեն առաջին տարում ՌԷՆԴ-ը սկսեց համալրել իր աշխատակազմը քաղաքականության, տնտեսության, հոգեբանության բնագավառի մասնագետներով` նպատակ ունենալով չսահմանափակել տեսական ուսումնասիրությունները բացառապես ճշգրիտ գիտություններով:
    Արդեն 1948 թ. Ֆորդի հիմնադրամի օժանդակությամբ այդ ստորաբաժանման հիման վրա ստեղծվեց ՌԷՆԴ անկախ, ոչ առևտրային կազմակերպությունը: Ինչպես նշված էր վերջինիս գրանցման վկայականում, ՌԷՆԴ-ը ստեղծվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բարօրության և անվտանգության շահերից բխող` գիտության, կրթության և բարեգործության ոլորտներում նպատակների իրականացմանն աջակցելու համար: Կազմակերպությունը ԱՄՆ-ի ինտելեկտուալ արտադրանքի շուկայում արագ դարձավ ազգային անվտանգության և ռազմաքաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող առանցքային վերլուծական կազմակերպություններից մեկը: Լինելով պաշտոնապես անկախ` ՌԷՆԴ-ը սերտ համագործակցում և կատարում էր երկրի տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Պաշտպանության նախարարության և Կոնգրեսի պատվերները: Այս կազմակերպության ուժերով է հետագայում մշակվել ԽՍՀՄ «զսպման դոկտրինը», «խաղերի տեսությունը», «Մոնտե Կառլոյի» մեթոդը և այլն: 1940-50-ական թվականներին ԱՄՆ-ում շարունակում էին ստեղծվել նոր ՈւԿ-ներ, մյուս կողմից` աճում էր փորձագետների ազդեցությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԱՄՆ-ի ՈւԿ-ների ազդեցությունն ստիճանաբար սկսեց տարածվել նաև երկրի սահմաններից դուրս` հատկապես դաշնակիցների (Արևմտյան Եվրոպա, Կանադա, Ճապոնիա) քաղաքականության մշակման վրա: Ամերիկյան փորձագետների, վերլուծաբանների հրապարակումները որոշակիորեն ձևավորում էին այդ երկրների քաղաքական կողմնորոշումը և միջազգային գործընթացների վերաբերյալ պատկերացումները: Այստեղ կարելի է, որոշ առումով, բացառություն անել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վերաբերյալ: Եթե Մեծ Բրիտանիայում ևս առկա էին (իհարկե, ԱՄՆ-ից նվազ չափով) ՈւԿ-ների կայացած համակարգ և պետական քաղաքականության անկախ փորձագիտական աջակցության ավանդույթներ, ապա Ֆրանսիայում խորհրդատուներն ու փորձագիտական աշխատանք կատարողներն
    ուղղակիորեն ներառված էին պետական համակարգում` որպես քաղաքացիական ծառայողներ: Հետագայում ևս այս հաստատությունները աստիճանաբար մեծացնում էին իրենց ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքականության մշակման և ձևավորման վրա, իսկ գործարար շրջանակները և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները արդյունաբերական աճի շրջանում առաջացած խնդիրները լուծելու նպատակով առավել հաճախ էին ֆինանսավորում և օգտվում ՈւԿ-ների ծառայություններից: Այդ ժամանակահատվածում տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության բնագավառներում սկսեցին իրականացվել ինտենսիվ ուսումնասիրություններ, որոնք
    ամրապնդում էին հավատն առ այն, որ հատուկ գիտելիքների միջոցով հնարավոր է լուծել սոցիալական հիմնահարցերը: ՈւԿ-ները ստեղծվում էին հենց նման գիտելիքների մշակման համար, որոնք անհրաժեշտ էին` լուծելու աղքատության և անհավասարության խորացող հիմնախնդիրները: Այսպիսով` ՈւԿ-ները, սկզբնավորվելով Եվրոպայում, այնուամենայնիվ, որպես ինտելեկտուալ յուրահատուկ համակարգ ձևավորվեցին ու կայացան առավելապես ԱՄՆ-ում, որի քաղաքական միջավայրը ամենանպաստավորն էր նման հաստատությունների ստեղծման համար: Բացի այդ, կատարված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պետական քաղաքականության իրականացման գործընթացում փորձագետների, արհեստավարժ վերլուծաբանների և ՈւԿ-ների ինտելեկտուալ արտադրանքի կիրառման վճռական նշանակության գիտակցումը` հատկապես ամերիկյան քաղաքական վերնախավում, առկա է եղել դեռևս մեկ դար առաջ, ինչը մեծապես նպաստել է քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ ընդունվող որոշումների` փորձագիտական հենքով ապահովմանը և պետական կառավարման համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացմանը: Ավելացնենք նաև, որ մինչև 20-րդ դարի կեսերը պետության քաղաքականությունը որոշող անձանց համար ՈւԿ-ները համարվում էին առավելապես օբյեկտիվ և վստահելի ռազմավարական տեղեկատվության և վերլուծությունների աղբյուր:
    20-րդ դարի երկրորդ կեսին գաղափարայնացված, քարոզչական և շահապաշտպան ՈւԿ-ների ի հայտ գալու հետ մեկտեղ, իրավիճակը որոշակիորեն փոփոխվեց, ինչի վերլուծությունն ու ներկայացումն արդեն մեկ այլ ուսումնասիրության առարկա է: