ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայտնի են կրիպտոարժույթի համար ամենաբարենպաստ երկրները
    Հայտնի է դարձել, որ Շվեյցարիան կրիպտոարժույթի և բլոքչեյն-նախագծերի համար ամենաբարենպաստ երկիրն է: Վարկանիշային աղյուսակը ներկայացված է BlockShow Europe 2018 կոնֆերանսի կայքում: Վարկանիշային աղյուսակի հեղինակները ուսումնասիրել են 48 երկրներում կրիպտոարժույթի կարգավորումները և հրապարակել թոփ 10 երկրների ցանկը: Շվեյցարիան առաջին հորիզոնականում է հայտնվել այն պատճառով, որ մինչև 2023թ. երկրում զրոյական հարկ է սահմանված կրիպտոարժույթի համար:Երկրորդ տեղում Ջիբրալթարն է, երրորդ տեղում՝ Մալթան: Առաջին հնգյակի մեջ մտնում է նաև Դանիան:Նյութի աղբյուրը՝   
  • Հաշվել չկարողացող բրիտանացիները երկրին տարեկան 20 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս են հասցնում
    Բրիտանացի աշխատակիցների թվաբանության հետ կապված խնդիրները տարեկան մոտ 20 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս են հասցնում երկրի տնտեսությանը,– ասվում է Natinal Numeracy ոչ առևտրային կազմակերպության հետազոտության մեջ։ Այն թվերի հետ աշխատելու ունակությունը ստուգող առցանց թեստ է մշակել, որը ցույց է տվել, որ մոտ 17 միլիոն չափահաս բրիտանացիներ հաշվելու հմտություններին տիրապետում են տարրական դասարանների աշակերտների մակարդակով։  Նշվում է, որ թվաբանության հետ խնդիրների պատճառով տուժում են աշխատանքի արտադրողականությունն ու անձնական ֆինանսները։ Վատ հաշվող
  • Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է
    Մայիսի 17-ին աշխարհը նշում է Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը:Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվա նպատակն է խթանել տեղեկացվածության մակարդակն այն հնարավարությունների մասին, որոնք կարող են բերել հասարակություններին եւ երկրներին համացանցի եւ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ), ինչպես նաեւ «թվային խզման» հաղթահարման ճանապարհների մասին:Մայիսի 17-ին նշվում է առաջին միջազգային հեռագրական կոնվենցիայի ստորագրման տարեդարձը: Նյութի աղբյուրը՝    https://news.am
  • ԱՄՆ-ում ռոբոտը մարդկանց կարող է օգնել հագնել հագուստները
    Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները ստեղծել են PR2 ռոբոտին, որը կարող է մարդկանց հագուստ հագցնել։ Խելացի սարքն արդեն կարողանում է օգնել նրանց, որոնք հիվանդանոցում են և դժվարանում են ինքնուրույն հագնվել։ Այս մասին հաղորդում է Science Daily-ն։ Արդյունավետ աշխատանքի համար գիտնականները խալաթ հագնելու 11 հազար վիրտուալ օրինակ են մոդելավորել։Նախագծի համակարգող Զաքորի Էրիքսոնի խոսքով՝ ռոբոտը փորձում է հասկանալ, թե մարդն ինչպիսի զգացողությունն է ունենում այս կամ այն սարքից և կանխատեսել հետևանքները։Սարքը դեռևս կարող է տասը վայրկանի ընթացքո
  • Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել
    Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով  նիստի ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որ
  • Բրիտանացի գիտնականները պատահաբար մրսածության դեմ դեղամիջոց են ստեղծել
    Մեծ Բրիտանիայի գիտնականները պատահաբար մրսածության դեղամիջոց են ստեղծել, որը կարելի է ընդունել ցանկացած ախտանիշի դեպքում։ Հաբերը թույլ չեն տա վարակին ներթափանցել մարդու բջիջների մեջ։ Այս մասին հաղորդում է Nature Chemistry ամսագիրը։ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնական Էդ Թեյնթի խոսքերով՝ այս դեղամիջոցը պատահաբար է ստեղծվել, երբ իրենք աշխատել են մալարիան կանխող դեղամիջոցի վրա։Այդ փորձերի ժամանակ գիտնականներն առանձնացրել են սպիտակուցային շղթաները և փորձել են միացնել դրանք հազարավոր արդեն գոյություն ունեցող դեղորայքային մոլեկուլների հետ՝ կիրա
  • Կալիֆորնիայում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան
    ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 2020 թվականից հետո կառուցվելիք շինություններում արևային մարտկոցները պարտադիր կդառնան:Ինչպես նշում է ABC հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ում առաջին անգամ ներկայացված այս   նախաձեռնությունը քննարկման է ուղարկվել նահանգի էներգետիկայի հարցերով հանձնաժողով, որն էլ հաստատել է այն:Ավելի վաղ հաղորդվել է, որ եթե իշխանությունները հաստատեն նախագիծը, մի ընտանիքի համար տուն կառուցելու արժեքը կբարձրանա 10.500 դոլարով, սակայն երկարաժամկետ հեռանկարում արևային մարտկոցները 16 հազար դոլարի չափով գումար խնայելու հնարավորությո
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տնտեսության պետական կառավարման բարեփոխումների միջազգային փորձի առանձնահատկությունները

    ԱՆՆԱ ԶԱԼԻՆՅԱՆ
    ՀՀ պետական կառավարման ակադեմիա

    Հոդվածում ներկայացվում է տնտեսության պետական կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը, իրականացման եղանակները, սպասվող արդյունքների տարատեսակները, հատկանշական գծերը: Առանձին դիտարկվում է ՉԺՀ-ում վերջին 30 տարիներին տնտեսության պետական կառավարման բարեփոխումների կատարման մի քանի առանձնահատկություններ:
    Հիմնաբառեր. ինստիտուցիոնալ միջավայր, բարեփոխումներ, տնտեսության պետական կառավարում, կոնֆուցիոսականություն, իշխանության կայունություն, ընթացակարգային բարեփոխում, կառուցվածք, գործառույթ
    Պետական կառավարման բարեփոխումների գաղափարները և գործնական նախադրյալները սկիզբ են առել դեռևս XIX դարում: Ժամանակին նշվել է, որ պետական կառավարման բարեփոխումը հարատև է, քանի որ վարչակազմը գտնվում է մշտական բարեփոխման վիճակում, ինչը համարվում է դրա առողջության նշանը:
    Պետական կառավարման բարեփոխումներն անհրաժեշտ դարձնող բազմաթիվ խնդիրների շարքում առանցքայինը պետական կառավարման համակարգի անարդյունավետ աշխատանքն է:
    Պետական կառավարման բարեփոխումների շրջանակում բացառել քաղաքական նպատակները, նշանակում է զերծ պահել հասարակությանը և նրա ամբողջական ներուժը պետական կառավարման համակարգի խնդրի  լուծումից: Անտեսել բարեփոխումների քաղաքական բաղադրիչը և փորձել
    դրանք իրականացնել բացառապես վարչական միջոցներով և միայն պետական ապարատի ջանքերով, չօգտագործելով քաղաքական ռեսուրսի օգնությանը, կնշանակի կորցնել իրականության ընկալումը և ի սկզբանե դատապարտվել անհաջողության:
    Խոսքը արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների նոր բնույթի, նաև հասարակական գիտակցության մեջ ամրագրված ներքին փոփոխությունների, կյանքի նոր չափորոշիչներով պայմանավորված իրավիճակների  մասին է: Պետության համար այդպիսի պարտադիր չափորոշիչների թվին են  դասվում ժողովրդավարությունը և ազատ ընտրությունները, իշխանությունների տարանջատումը, մարդու իրավունքները, դատական համակարգի,  ԶԼՄ-ների և այլնի անկախությունը: Ահա այդպիսի պահանջներից են «պետական գաղափարախոսություն» կամ «ազգային գաղափարախոսություն» արտահայտությունները: Դասագրքային ճշմարտություն է ազգի և պետության
    անբաժանելիությունը: Ազգը և պետությունը տվյալ ենթատեքստում հոմանիշներ են: Ազգի միավորման և հոգևոր ու միասնական զարգացման նպատակով պետական կամ ազգային գաղափարախոսության մշակման անհրաժեշտությունն անքննարկելի է:
    Բարեփոխումների իրականացման հանդեպ վախը կամ տվյալ պահին մեզ համար դժվարլուծելի խնդիրների լուծումը թողնելով ապագայում, հույսով, որ հետագայում ինչ-որ մեկն այդ խնդիրը կլուծի, կարող է հետագայում  մեզ կանգնեցնել փակուղու առջև: Այդ ժամանակահատվածում աշխարհը
    էապես կփոխվի, և խնդիրը, որն այսօր դժվարլուծելի է թվում, նոր աշխարհում կարող է սկզբունքորեն անլուծելի լինել և կործանարար ազդեցություն  ունենալ պետության համար:
    Ցանկացած երկրի պետական կառավարման համակարգ մշտապես փորձել է հարմարվել անկայուն պայմաններին, տնտեսական և սոցիալական  երևույթների համընդհանրացմանը, տեղեկատվական հոսքերի և տեխնոլոգիաների աճին: Բարեփոխումների անհրաժեշտությունն առաջանում էր հանրային կառավարման նկատմամբ դժգոհության, պետական ապարատի հանդեպ բնակչության վստահության անկման պատճառով:
    Պետության ճգնաժամն արտահայտվում էր պետական ֆինանսների անարդյունավետ օգտագործմամբ, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի անկմամբ, պետական իշխանության մարմինների և պետական ծառայության նկատմամբ վստահության կտրուկ նվազմամբ և այլն:
    Պայմանավորված քաղաքական, պատմական, իրավական և մշակութային առանձնահատկություններով` յուրաքանչյուր պետություն կուտակել է բարեփոխումների իր սեփական փորձը: Բարեփոխման նպատակները հիմնականում կանխորոշվում են այս կամ այն երկրում հանրային կառավարման
    առանձնահատկություններով:
    Այսպես` անգլո-սաքսոնական երկրներում, հանրային կառավարման  ոլորտում, ավանդական է դարձել իրավական մեխանիզմներով պետական կառավարման «կոշտ շրջանակների» սահմանումը` հիմնական ուշադրությունը դարձնելով համակարգի պատասխանատվությանը:
    Ռոմանագերմանական երկրների համար մշտապես կարևորվել է կառավարչական որոշումների ընդունմանը քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցության ապահովումը:
    Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի երկրներում վարչահրամայական կառավարման տնտեսական և սոցիալական ոլորտներում առկա էր պետական կառավարման «ավելցուկ»: Առաջին դեպքում բարեփոխումները հիմնականում նպատակաուղղվում էին հանրային կառավարման
    թափանցիկության ապահովմանը և վարչարարության կատարելագործմանը:
    Երկրորդ դեպքում առաջնահերթ լուծվում էին կառավարչական կառույցների և դրանց գործունեության կատարելագործման ու արդյունավետության մակարդակի բարձրացման խնդիրները:
    Երրորդ խմբի երկրներում արդիական են եղել ժողովրդավարացման և պետական կառավարման ապակենտրոնացման խնդիրները:
    Սկսած 2000-ականներից` բարեփոխումները տարբերում են ըստ իրականացման եղանակների (բարեփոխումներ հանձնաժողովների օգնությամբ, փորձի հիման վրա կատարվող, մասնավոր կազմակերպությունների միջոցով իրականացվող բարեփոխումներ և այլն):
    Բարեփոխումների հիմնական բովանդակությամբ պայմանավորված` առանձնացվում են նաև գործառութային, ընթացակարգային և կառուցվածքային տեսակները: Այդ բարեփոխումների միջև չկան հստակ սահմաններ, դրանց գաղափարները միահյուսվում, խառնվում և շաղկապվում են: Այնուամենայնիվ, գործառութային և ընթացակարգային բարեփոխումները պետք է նախորդեն կառուցվածքային` առավել բարդ բարեփոխումներին: Յուրաքանչյուր երկրում պետական կառավարման համակարգի բարեփոխումների ժամանակ միշտ էլ ուշադրություն կենտրոնում է եղել նախարարությունների համակարգը: Ներկայում միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս գործադիր իշխանության կառուցվածքում նախարարությունների նշանակության նվազման միտում: Նախարարությունները դադարում են գրավել մենաշնորհային դիրք, քանի որ երբեմնի «ամեն ինչ
    պետք է իրականացվի նախարարության կողմից» գաղափարը դուրս է մղվել, և գործառույթները մեծ մասամբ սկսում են իրականացնել ապակենտրոնացված կառույցները:
    Նախարարությունների համակարգը տարբեր երկրներում հաճախ ենթարկվում է ընթացակարգային բարեփոխումների: Փոխվում են դրանց թիվը,  անվանումները, գործառույթները, ինչը պայմանավորված է տարբեր պատճառներով: Օրինակ` նախարարությունը մասնատվում էր ուռճացման պատճառով, քանի որ դառնում էր անկառավարելի, կամ կոալիցիոն կառավարություններում նախարարությունները ստեղծվում էին քաղաքական նպատակներով` կուսակցությունների ներկայացուցչությունը հավասարակշռելու նպա-
    տակով և այլն:Գործառութային բարեփոխումների հիմնական բովանդակությունը պետական մարմինների խնդիրների և լիազորությունների օպտիմալացումն է, ավելորդ և կրկնվող գործառույթներից հրաժարումը:
    Բազմաթիվ երկրներում նախարարությունների գործառութային բարեփոխումների ուղղություններից մեկը, օրինակ, ապակենտրոնացումն է` մի շարք գործառույթների փոխանցումը անկախ գործակալություններին, հասարակական կորպորացիաներին և այլ կազմակերպություններին: Ապակենտ-
    րոնացված կառույցներն առաջին անգամ կազմավորվել են XIX-XX դարերի սահմանագծին:
    Ապակենտրոնացված հաստատությունները կազմակերպական առումով  առանձնացված են նախարարության կամ այլ պետական մարմնի համակարգից: Դրանք կարող են հաշվետու լինել օրենսդիր իշխանության մարմիններին, նախարարներին, իսկ որոշ դեպքերում` նաև պետության ղեկավարին:
    Անկախ գործակալությունները, պետական, հասարակական կորպորացիաները լավագույն ձևով են հարմարեցված շուկայական պայմաններում աշխատանքին և բավականին հաջողությամբ են ծառայություններ մատուցում քաղաքացիներին:
    Մեկ այլ ուղղություն է նախարարությունների համակարգում գործառույթների վերաբաշխումը, դրանց փոփոխությունը:
    Նախարարությունները պետական կառավարման մեջ ավանդաբար արտահայտում են ճյուղային սկիզբը: Կառավարման ճյուղային սկզբունքի առավելություններից են ռեսուրսների կենտրոնացումը տնտեսության և սոցիալական զարգացման առանցքային նշանակություն ունեցող ուղղությունների վրա, կառավարչական որոշումների ընդունման և իրականացման հստակ մեխանիզմով ուղղահայացների կառուցումը: Ճյուղային սկզբունքի դեպքում անհրաժեշտություն է առաջանում համակարգել առանձին նախարարությունների գործունեությունը, ինչը, որպես  գործառույթ, առավել ընդհանրական տեսքով իրականացնում է կառավարությունը: Սակայն պետական կառավարման ծավալի աճին, խնդիրների և
    գործառույթների բարդացմանը զուգահեռ, կառավարության կողմից ճյուղերի գործունեության համակարգումը բավարար չէ: Առաջանում է ըստ առանձին գործառույթների հորիզոնական համակարգման անհրաժեշտություն, և, աստիճանաբար, պետական կառավարման կենտրոնական մարմինների համակարգի կառուցման ճյուղային սկզբունքը փոխվում է գործառութայինի, ինչը հստակ արտահայտվել է արդեն XX դարի կեսին (օրինակ` ԱՄՆ-ի Վաստակների համակարգի պաշտպանության խորհուրդը, Անձնակազմի կառավարման ծառայությունը):
    Այդ փոփոխությունների հետևանքով նախարարությունների անմիջական կառավարման գործառույթները փոխարինվում են կարգավորման, համակարգման և վերահսկողության գործառույթներով: Պետությունը իրեն է վերապահում ռազմավարական կառավարման հարցերը և ձերբազատվում է այն բոլոր գործառույթներից, որոնք կարող են իրականացնել տնտեսավարող սուբյեկտները և ինքնակառավարվող կազմակերպությունները: XX դարի ընթացքում բարեփոխումների արդյունքում նկատելի էր դառնում «գերնախարարությունների» ստեղծման միտումը: Գերնախարարությունները կազմավորվում էին հարակից ոլորտներում գործող մի շարք ճյուղային նախարարությունների կամ նախարարությունների ու ծառայությունների միավորման ճանապարհով: Օրինակ` 2001 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Ներքին անվտանգության մասին» օրենքով 2003 թ. ստեղծվեց ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարություն, որը միավորեց 22 տարբեր` առափնյա պահպանության, սահմանների պահպանության, վթարային և
    անվտանգության համար պատասխանատու այլ ծառայություններ:
    Ընթացակարգային բարեփոխումների ժամանակ փոխվում են կառավարչական որոշումների ընդունման կարգը, այդ գործընթացում պետական ծառայողների տեղը և դերը: Մասնագիտական գրականության մեջ վարչական ընթացակարգը հաճախ անվանում են պետական վարչարարություն,  ինչը լիազորված սուբյեկտների կողմից լիազորությունների կատարման  նպատակով հետևողականորեն կյանքի կոչվող գործողությունների իրականացման սահմանված կարգ է:
    Ընթացակարգային բարեփոխումների գործընթացի ժամանակ` 
    1. Կատարելագործվում է վարչական ընթացակարգերի իրավական կանոնակարգումը: Մինչև 1950-ականները վարչական ընթացակարգերի հատուկ կարգավորում գոյություն չի ունեցել: Առաջինը այդպիսի օրենք ընդունվել է ԱՄՆ-ում 1946 թվականին: 1960-ականներին արևմտաեվրոպական երկրներում մեկը մյուսի հետևից ընդունվեցին վարչական ընթացակարգերի  մասին օրենքներ: Այժմ նման օրենքներ կան նաև Արևելյան Եվրոպայի շատ  երկրներում և նախկին ԽՍՀՄ տարածքում կազմավորված երկրներում:
    2. Վերացվում կամ առնվազն պարզեցվում են բարդ բյուրոկրատական  ընթացակարգերը. կատարվում է գոյություն ունեցող ընթացակարգերի վերլուծություն ավելորդ համաձայնեցումները ու ոչ էական փաստաթղթերի ներկայացումը վերացնելու, անիմաստ ձևաթղթերի լրացումից խուսափելու նպատակով:
    3. Մեծանում է վարչական ընթացակարգերի թափանցիկության աստիճանը: Վարչական ընթացակարգերի թափանցիկությունը կարելի է ապահովել կառավարչական որոշումների քննարկման և ընդունման գործընթացին քաղաքացիական կառույցների մասնակցությամբ, դրանց իրականացման ընթացքի վերահսկմամբ, քաղաքացիների համար գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հասանելիության ապահովմամբ: Բարեփոխումների արդյունքում ապահովվում է «տեղեկատվական պետության»  ձևավորումն ու կայացումը, ինչի փաստացի արդյունքը, օրինակ, բազմաթիվ  երկրներում կյանքի կոչվող «Էլեկտրոնային կառավարություն» ծրագիրն է:
    «Կառուցվածքային բարեփոխում» եզրույթը գիտական շրջանակներում  և զանգվածային տեղեկատվության միջոցներում կիրառվում է տարբեր նշանակություններով:
    Կառուցվածքային բարեփոխումներ ասելով միջազգային ֆինանսական կազմակերպությունները հասկանում են տնտեսության ինստիտուցիոնալ և կարգավորման կանոնների փոփոխություն` տնտեսական վերափոխումներ,  օրինակ` սեփականաշնորհում և կորպորատիվ կառավարում, սնանկության  ընթացակարգեր, հողի և անշարժ գույքի շուկա, աշխատանքի շուկա, արտաքին տնտեսական քաղաքականություն և քաղաքականություն օտարերկրյա ներդրումների բնագավառում, առանձնահատուկ ճյուղերի կարգավորում  (բնական մենաշնորհներ, գյուղատնտեսություն և այլն):
    Այս եզրույթը օգտագործում են նաև տարբեր բարեփոխումների պարագայում. երկաթուղային տրանսպորտի, էլեկտրաէներգետիկայի, կրթության  կառուցվածքային բարեփոխումներ և այլն, կիրառելի է նաև առանձին պետական մարմնի բարեփոխման գործընթացում:
    Կառուցվածքային բարեփոխման հասկացությունը ներառում է համալիր  բարեփոխումներ, որոնց արդյունքում սահմանվում է հրապարակային կառավարման կառուցվածքը, սահմանազատվում են ռազմավարական կառավարման, ընթացիկ պետական կառավարման գործառույթները և հանրային
    ծառայությունների մատուցման գործառույթները, վերաբաշխվում են պետական և մասնավոր հիմնարկների դերերը հրապարակային կառավարման  միասնական համակարգում:
    Կառուցվածքային բարեփոխումների հատկանշական գծերն են.
    1. կրում են համալիր բնույթ, որի արդյունքում ձևավորվում է հրապարակային կառավարման ամբողջական համակարգ` իր մակարդակներով,
    2. իրականացման ընթացքում դասական կառավարչական ուղղահայացներին փոխարինելու է գալիս ապակենտրոնացված կառավարումը,
    3. հասարակական ծառայությունների մատուցումը սպառողներին` քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրականացնում են ապակենտրոնացված կառույցները` օգտագործելով շուկայական առավել արդյունավետ մեխանիզմները:
    Մեր կարծիքով` պետական կառավարման բարեփոխումը չի կարելի  համարել ավարտված և ոչ մի երկրում, ընդհակառակը` կան բոլոր հիմքերը  ենթադրելու, որ դրանք վերածվում են պետական կառավարման մշտական  տարրի: Օրինակ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արդեն բավական ժամանակ է, ինչ դա դարձել  է այդ երկրի պետական կառավարման համակարգի անբաժանելի մասը: Չինաստանի արդյունաբերական միջավայրում նոր պետական կառավարման ներդրման ընթացքում իշխանությունը, պահպանելով կառավարման  համակարգի կայունությունը, ձգտում է կրճատել պետական միջամտությունը: Բարեփոխումների անհրաժեշտության մասին առաջին անգամ Չինաստանում խոսվել է 1980-ականներին, երբ հայտարարվեց իշխանության գերկենտրոնացման, կուսակցական և վարչական մարմինների պաշտոնների  համատեղման անթույլատրելիության, ուռճացված ապարատի մասին:
    Չինաստանում կառավարման բարեփոխումներն ունեն մոտ 40 տարվա պատմություն: ՉԺՀ Պետխորհրդի (կառավարություն) պաշտոնական կայքում ներկայացված է բարեփոխումների 7 փուլ: Սովորաբար դրանք միավորվում են երեք խոշոր փուլերում և բնութագրվում իրենց առանձնահատկություններով:
    Չինաստանում կառավարման բարեփոխումների առաջին փուլը ընդգրկում է 1982-1989 թթ. և ներառում է պետական ծառայողների թվի կրճատ ման երկու գործընթաց, երբ ՉԺՀ Պետական խորհրդի կառուցվածքը 100-ից կրճատվեց 72 պետական մարմնի, իսկ հաստիքների թիվը 75.300-ից` 48.000-ի: 1988 թ., երկրորդ գործընթացի հետևանքով, հաստատությունների քանակը կրճատվեց մինչև 65-ի, իսկ աշխատակիցների թիվը` մինչև 42.000-ի:
    1988 թվականին որոշում ընդունվեց գործառույթների ապակենտրոնացման մասին, և ամրագրվեցին երեք հիմնուղիներ` սան դին [三定], ինչը նշանակում էր պետական կառավարման մարմինների գործառույթների, ներքին կազմակերպական կառուցվածքի և պետական ծառայողների թվի կանոնակարգում:
    Կատարվեց նաև մի քանի նախարարությունների միավորում. այսպես` ատոմային էներգիայի նախարարությունը, նավթային արդյունաբերության և ածխի արդյունաբերության նախարարությունը միավորվեցին էներգետիկայի նախարարության մեջ, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ
    դուրս բերվեցին նախարարության ուղղակի ենթակայությունից և այլն: Բարեփոխումների երկրորդ փուլն ընդգրկում է 1992-2003 թթ. և կրում «վարչական համակարգային բարեփոխում» անվանումը` ի տարբերություն նախորդ տարիներին հռչակված «ինստիտուցիոնալ բարեփոխման»: Այդ փուլում հիմնարար դեր է խաղում կուսակցական կառուցվածքների օպտիմալացումը:
    1990-ականների սկզբին ՉԺՀ կառավարության կառույցների քանակը ավելացավ` հասնելով 86-ի, կուսակցական և պետական մարմինների աշխատակիցների ընդհանուր թիվը` 9,2 մլն-ի: Բարեփոխումների առաջնային խնդիրը կրկին դարձավ անձնակազմի կրճատումը, կառուցվածքային խնդիրների լուծումը: 1993 թվականին կազմակերպական և գործառութային  բարեփոխումների ընթացքում որոշ նախարարություններ փոխարինվեցին  տնտեսական կառույցներով` կորպորացիաներով կամ խորհուրդներով,  որոնք, ի տարբերություն արևմտյանների, այնուամենայնիվ, շարունակում էին մնալ ամենակարող պետական հսկողության տակ, ինչպես օրինակ` ավիացիոն և տիեզերական արդյունաբերության նախարարությունը վերակազմավորվեց երկու` ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի և տիեզերական արդյունաբերության կորպորացիայի, տեքստիլ արդյունաբերության նախարարությունը վերակազմավորվեց Չինաստանի ազգային տեքստիլ խորհրդի: Եթե արևմտյան աշխարհում կորպորատիզացումն ունի իր նմանակները, ապա կառավարության և ձեռնարկությունների միջև միջնորդ խորհուրդները զուտ չինական են: Գտնվելով պետության անմիջական ենթակայության ներքո` ժամանակի ընթացքում կորպորացիաները դուրս բերվեցին պետական մարմինների կառուցվածքից, իսկ խորհուրդներն իրենց գործառույթները նպատակաուղղեցին միայն դեպի մակրոկառավարում` մնալով Չինաստանի պետական մարմինների համակարգում:
    1998 թվականին հայտարարվեց կառավարության գործառույթների փոփոխության, նոր կառավարման համակարգի ստեղծման, բնակչության սպասարկման որակի բարձրացման, Պետխորհրդի կազմում ստորաբաժանումների և անձնակազմի կրճատման անհրաժեշտության մասին: Այստեղ հստակ երևում են Չինաստանի պետական կառավարման համակարգի բարեփոխումների երեք հիմնական սկզբունքները` ձեռնարկությունների ինքնավարության մեծացում, պետական կառավարական համակարգի կառուցվածքային փոփոխություններ և հաստիքների կրճատում: Պետական կառավարման մարմինները փաստացիորեն զրկվեցին տնտեսավարող սուբյեկտների անմիջական կառավարման գործառույթներից: Արդյունքում` Պետխորհրդի որոշ մարմինների գործառույթները նպատակաուղղվեցին դեպի մակրովերա-
    հսկողության ուժեղացում, օրինակ` պլանային տնտեսության տարիներին երբեմնի հզոր Պլանավորման ազգային հանձնաժողովը (Պետպլանը) վերակազմակերպվեց և վերանվանվեց Պլանավորման և զարգացման պետական հանձնաժողով` գործառույթների զգալի կրճատմամբ, սկսեց իրականացնել ռազմավարական պլանավորում, իրավիճակի մշտադիտարկում:
    Բարեփոխումների երրորդ փուլը ներառում է 2003 թվականից մինչև մեր օրերը, որին հատուկ է մակրովերահսկիչ լիազորություններով օժտված գերատեսչությունների հիմնումը, որոնց շարքում են, օրինակ` պետական ունեցվածքի վերահսկման և կառավարման պետական կոմիտեն, բանկային գործունեության կարգավորման հանձնաժողովը, ապահովագրական շուկայի կարգավորման հանձնաժողովը, սննդի արտադրանքի և դեղամիջոցների պետական կոմիտեն, անվտանգության և աշխատանքի պահպանության պետական վարչությունը, ինչպես նաև պլանավորման և զարգացման պետական հանձնաժողովի վերակազմավորումը զարգացման և բարեփոխումների պետական հանձնաժողովի: Այդ կառույցները հաշվետու են միայն վարչապետին, ինչը վկայում է իշխանության ուղղահայացի ուժեղացման և, դրանով  իսկ, կենտրոնական վերահսկողության և կարգավորման աստիճանի մեծացման մասին:  3-րդ փուլում Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված պայմանների համաձայն18 (Չինաստանը ԱՀԿ-ին անդամակցում է 2001 թվականից)` ներմուծումն ու արտահանումը, լիցենզավորումն ու առևտրային գործառույթների իրականացումը բարդացնող մի շարք պետական մարմինների միավորման միջոցով կազմավորվեց Առևտրի նախարարությունը:
    Կառավարման միասնական համակարգի ստեղծման նպատակով Չինաստանի ղեկավարությունը նախաձեռնեց «գերնախարարությունների» (դաբուչժի [大部制])19 ձևավորումը, ինչը ենթադրում էր գործող պետական կառույցների միավորում լայն լիազորություններով օժտված առավել խոշորների մեջ` կրճատելով գործադիր մարմինների ծանրաբեռնվածությունը, մեծացնելով պետծառայողների պատասխանատվությունը: Արդյունքում, ըստ ՉԺՀ Պետխորհրդի տվյալների, նախարարական մակարդակի գերատեսչությունների քանակը հերթական անգամ կրճատվեց` հասնելով 27-ի: 2013 թվականի բարեփոխումներում շեշտը դրվեց որոշումների կայացման համար պատասխանատվություն կրող ստորաբաժանումների օպտիմալացման, տարբեր ոլորտներում դրանց գործառույթների տարանջատման, Պետխորհրդի գերատեսչությունների միջև գործառույթների հստակեցման և փոխգործակցության ռացիոնալացման վրա: 2013 թվականին շարունակվում է «գերնախարարությունների» համակարգի ընդլայնումը, որի արդյունքում ձևավորվեցին Առողջապահության և ծննդաբերության պլանավորման պետական կոմիտեն, Մամուլի, տպագրության, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության գործերով գլխավոր պետական վարչությունը և այլ կառույցներ: Ըստ այդմ` Չինաստանի Պետխորհրդի նախարարական մակարդակի գերատեսչությունների քանակը հասավ 25-ի:
    Այսպիսով` եթե առաջին երկու փուլերը բնութագրվում են հիմնականում բյուրոկրատական կառուցվածքի կրճատմամբ, նախկինում պետական կառույցներին ամրագրված մի շարք լիազորությունների` ձեռնարկություններին փոխանցմամբ, ապա երրորդ փուլի համար որոշիչ է դառնում հակառակ մի տումը. համապատասխան ստորաբաժանումների ստեղծման և իշխանության ուղղահայացի ամրապնդման միջոցով պետության վերահսկիչ գործառույթների ուժեղացումը:
    Վերը շարադրվածից կարելի է անել եզրահանգումներ, մասնավորապես`
    1. պետական կառավարման ոլորտում բարեփոխումները հետաձգել չի կարելի. նահանջը թույլ չի տա ստեղծել ժամանակակից և արդյունավետ տնտեսություն,
    2. արդեն սկսված բարեփոխումները պետք է իրականացնել թափանցիկ, հրապարակային և քաղաքական կամքի լարմամբ` բարեփոխումների գործընթացի մեջ ներառելով բոլոր հնարավոր ռեսուրսները` վարչական, քաղաքական, սոցիալական, մշակութային: