ԱԿՏՈՒԱԼ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ում կարող է երկիրը լքելու հարկ սահմանվել
    Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամվա ընթացքում են կանգառ կատարել Ռուսաստանում:Աղբյուրը մանրամասնում է, որ նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող ԱՎԱՆՏԻ կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ:Առաջարկի հեղինակն
  • ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել
    ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակա
  • Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը
    Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու: Ի՞նչ է 5G-ն5G (5-րդ սերունդ) – 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է
  • Սպիտակ գինի Կարմիր մոլորակո՞ւմ. Վրացիներն ուզում են խաղող աճեցնել Մարսի վրա
    Վրաստանն իրեն ներկայացնում է որպես աշխարհի գինու օրրան։ Հետևաբար բնական է թվում, երբ երկիրը փորձում է պարզել, թե մի օր ինչ կխմեն Մարսի վրա։ Սա «IX Միլենիում» նախագծի հիմքում է, որի նպատակն է խաղողի վազեր մշակել, որոնք հնարավոր կլինի աճեցնել Կարմիր մոլորակի վրա։ Թիմը ցանկանում է նաև վրացական կնիքը դնել այնպիսի արտասովոր հետազոտության վրա, որը կապված է Մարսը բնակեցնելու հետ։«Եթե մենք ցանկանում են մի օր ապրել Մարսի վրա, Վրաստանը պետք է նպաստի դրան։ Մեր նախնիները գինին բերեցին Երկիր մոլորակ, հիմա մենք նույնը կարող ենք անել և այն Մարս տանել»,- ասել
  • 2018 թ. աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն
    Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 53 միլիարդ 478 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 52 միլիարդ 700 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 778 միլիոն 300 հազար դրամով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 34.6 %-ով կամ 13 միլիարդ 732 միլիոն 300 հազար դրամով: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 10 միլիարդ 62 միլիոն 300 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմ
  • Հայաստանի առևտրի ծավալները ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հետ կրկնակի աճել են
    Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Համաձայն վիճպետկոմի հրապարակման նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ տնտեսական ակտիության ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ.-ի նոյեմբերի նկատմամբ՝ 3.6%-ով: Այս տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ աճը կազմել է 0.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017թ. նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1%-ով: Մինչդեռ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 6.8%-ոց անկում: Արդյունաբերության ոլորտ
  • Տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել
    Մեր տիեզերքը կարող է ընդամենը զուգահեռ աշխարհի «հայելային արտացոլանքը» լինել, որը ստեղծվել է հակամատերիայից եւ ժամանակային սանդղակով ընթանում է Մեծ պայթյունի հակառակ ուղղությամբ, փոխանցում է BBC-ն։   Կանադայի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների կողմից առաջարկված հեղափոխական այս տեսությունը հնչում է որպես ֆանտաստիկ վեպի  մաս, սակայն այն օգնում է տալ մի քանի պարադոքսային հարցերի պատասխանները, որոնք ժամանակակից գիտությունում բացատրություն չունեն։Ըստ նոր մոդելի՝ Մեծ պայթյունի ժամանակ երկու սիմետրիկ տիեզերք է ձեւավորվել։ Մե
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հակապարբերաշրջանային կարգավորման հարկաբյուջետային գործիքակազմի կիրառման առանձնահատկությունները

    ՊՐԱՔՍՅԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
    ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոն

    Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության կարգավորման պետական լծակներից մեկն է: Տարբեր ժամանակաշրջաններում, կախված համաշխարհային և ներքին տնտեսության իրադրությունից, տարբեր երկրների կառավարություններ փորձում են լուծել իրենց առջև ծառացած հիմնախնդիրները` կիրառելով դիսկրեցիոն և ոչ դիսկրեցիոն հարկաբյուջետային քաղաքականությունների գործիքակազմեր: Չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում հակապարբերաշրջանային կարգավորման հարցում նախապատվությունը տրվում էր դրամավարկային քաղաքականությանը, 2007−2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը  ստիպեց համաշխարհային տնտեսագիտական հանրությանը   վերանայել հարկաբյուջետային քաղաքականության կիրառման հորիզոնները:

    Հիմնաբառեր. հակապարբերաշրջանային կարգավորում, հարկաբյուջետային քաղաքականություն, 2007−2009 թթ. ֆինանսական ճգնաժամ,  պետական բյուջե, պարբերաշրջանային և կառուցվածքային հաշվեկշիռ, Հոդրիկ-Պրեսկոտի ֆիլտր, ներուժային ՀՆԱ 

    Հարկաբյուջետային քաղաքականության կիրառումը, որպես հակապարբերաշրջանային կարգավորման գործիք, միշտ էլ եղել է քննարկումների  առարկա: Այս հարցի շուրջ տնտեսագետների կարծիքները տարբեր են:
    Ոմանք կարծում են, թե հարկերը, տրանսֆերտները և պետական ծախսերը  կարելի է արդյունավետորեն կիրառել տնտեսական գործունեության տատանումներին հակազդելու նպատակով, իսկ մյուսները պնդում են, որ հարկաբյուջետային քաղաքականության գործողությունները մեծ մասամբ անարդյունավետ են և կարող են հակառակ ազդեցություն ունենալ` կապված հարկաբյուջետային   քաղաքականության    կիրառման ժամանակային առանձնահատկությունների հետ: Երկրորդ տեսակետը գերիշխում էր վերջին երկու տասնամյակների ընթացքում և, որպես հետևանք` հակապարբերաշրջանային քաղաքականության հարցում հարկաբյուջետային միջոցառումներն իրենց  տեղը զիջեցին դրամավարկայինին:
    2000-ականների սկզբից ամբողջական պահանջարկի կարգավորման հարցում   տնտեսագիտական  հանրության  և կառավարող մարմինների կողմից նախընտրությունը հիմնականում տրվում էր  դրամավարկային քաղաքականությանը։ Հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ դրամավարկային քաղաքականության նախապատվության մի շարք պատճառներ գոյություն ունեն: 
    Անդրադառնանք դրանցից մի քանիսին.
    - Ժամանակային առանձնահատկությունները: Oրենսդրական մարմիններն ինստիտուտներ են, որոնք   խոչընդոտների են հանդիպում արագ որոշումներ կայացնելիս։ Ի հակադրություն դրան, կենտրոնական բանկերը կարող են փոփոխել ակտիվների գները մեկ ժամում։ Բանն այն է, որ այս  տարի ազդեցություն ունեցող հարկաբյուջետային քաղաքականությունն անցած տարի օրենսդրական մարմինների կողմից ընդունված որոշման արդյունք է, որը կայացվել է երկու կամ երեք տարի առաջ առկա տեղեկատվության հիման վրա։ Այսպիսի պայմաններում ցածր է հավանականությունը, որ  դա կհանգեցնի օպտիմալ   տնտեսական արդյունքների։
    - Քաղաքականության իրականացման խնդիրներ: Հնարավոր չէ կտրուկ ավելացնել կամ կրճատել պետական ծախսերն առանց տնտեսական կայունության վրա էական ազդեցությունների։ Որքան արագ է իրականացվում հարկաբյուջետային քաղաքականության միջամտությունը, այնքան քիչ է  հավանականությունը, որ այդ միջամտությունը լավ մշակված, ստուգված և փորձված է ժամանակով։ Բացի այդ, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հնարավորությունն էականորեն կախված է երկրում տիրող տնտեսական իրավիճակից: Օրինակ` մեծ բյուջետային պակասուրդ ունեցող երկրներում հարկաբյուջետային քաղաքականությունն ավելի  դժվար է արձագանքում անկումների փուլում, քան այն երկրներում, որոնք այդ առումով ավելի բարենպաստ իրավիճակում են կամ անգամ ունեն բյուջեի ավելցուկ: Իրականացվող միջոցառումներն էլ, իրենց հերթին, ավելի ուժեղ ազդեցություն են ունենում այն երկրներում, որտեղ պետական պարտքի ցուցանիշներն ավելի ցածր են: Այսպիսով` կարելի է ենթադրել, որ հարկաբյուջետային անվտանգության ավելի մեծ սահմաններ են անհրաժեշտ:
    Որոշակի հարկաբյուջետային կանոններ, ինչպիսիք են, օրինակ` պետական բյուջեի պակասուրդի առավելագույն չափի սահմանումը կամ պետական ծախսերի ավելացման սահմանափակումները, կարող են կիրառվել այդօրինակ անվտանգության սահմանների ստեղծման համար:
    - Քաղաքական ռենտայի իրացման խնդիրները: Կառավարությունները միտված են իրացնելու ժողովրդական զանգվածների շահերը, սակայն շատ  հաճախ կառավարող մարմիններն իրենց ընձեռված իշխանությունը կարող են օգտագործել հօգուտ սեփական շահերի: Նրանք հետամուտ են լինում, այսպես կոչված, «քաղաքական ռենտայի» իրացմանը և կարող են կայացնել քաղաքական որոշումներ, որոնք նպատակահարմար չեն երկրում տիրող տնտեսական իրավիճակի պայմաններում: Օրինակ` շատ հաճախ իշխող բյուրոկրատները սկսում են ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական ընտրությունների նախաշեմին` սեփական վարկանիշի բարձրացման նպատակով` հաշվի չառնելով, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել  անցանկալի տնտեսական հետևանքների:
    - Ավելորդության խնդիրը: Մինչև 2007−2009 թթ. ճգնաժամը, տարբեր երկրների պետական կառավարման մարմինների և տնտեսագետների շրջանում ձևավորվել էր այն թյուր կարծիքը, թե դրամավարկային քաղաքականությունը բավարար էր հակապարբերաշրջանային կարգավորման խնդիրների լուծման համար. հարկաբյուջետային քաղաքականության միջամտությունը պարզապես անհրաժեշտ չէր։
    Թերևս, վերոնշված պատճառներից ամենակարևորը վերջինն է: Մյուս քաղաքական և ինստիտուցիոնալ պատճառաբանությունները վերաբերում  են այն բանին, թե ինչու դիսկրեցիոն հարկաբյուջետային քաղաքականությունը չարժե կիրառել որպես հակապարբերաշրջանային կայունացնող քաղաքականության մի մաս` հիմնված դասական սկզբունքների վրա: Սակայն այս փաստարկումները հիմնավոր չէին թվա, եթե չլիներ ցանկացած պահի նախընտրելի ուղղությամբ տնտեսությունում անվանական ծախսեր կատարելու կենտրոնական բանկերի կարողությունը: Այս պայմաններում, կարծես,  «տարածք» չէր թողնվել հարկաբյուջետային քաղաքականության համար:
    Սակայն 2007−2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը, դրան հաջորդող մեծ անկումը զարգացած և դրա տարածումը զարգացող երկրներում  կրկին հետաքրքրություն առաջացրին քաղաքական գործիչների և հետազոտողների շրջանակներում հարկաբյուջետային քաղաքականության` որպես  հակապարբերաշրջանային կիրառելի գործիքի նկատմամբ:
    Տնտեսական կարգավորման նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը կիրառվում է երկու գործիքակազմով: Առաջինը ոչ ճկուն կամ ոչ հայեցողական հարկաբյուջետային քաղաքականությունն է, որը գրականության մեջ կոչվում է նաև ավտոմատ կայունարարների քաղաքականություն: Այս քաղաքականությունը հիմնականում իրականացվում է որոշակի  ժամանակահատվածում չփոփոխվող, ինքնակարգավորվող լծակների միջոցով, ինչպիսիք են հարկային դրույքաչափերը, գործազրկության նպաստները և այլն: Ավտոմատ կայունարարների ազդեցության ուժը կախված է հարկային համակարգի տեսակից, կիրառվող հարկադրույքների և նպաստների չափից և այլն: Իրենց բնույթով ավտոմատ կայունարարներն անմիջական դեր են խաղում տնտեսական տատանումների ընթացքում:
    Սակայն առավել հաճախ ճկուն կամ հայեցողական քաղաքականությունն է առաջադրվում որպես հակապարբերաշրջանային կարգավորման  միջոց: Դա ներառում է կառավարման մարմինների գործողություններ, որոնք  ազդում են պետական ծախսերի, հարկային մուտքերի և տրանսֆերների վրա և հաճախ նախաձեռնվում են տնտեսության կայունացումից զատ այլ  նպատակներով (սոցիալական, մշակության, երկրի պաշտպանության և  այլն): Այնուամենայնիվ, արդյունավետ ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հնարավորությունը վիճարկվում է շատ տնտեսագետների կողմից: Հիմնականում այս թերահավատությունը փաստարկվում է այն դրույթով, որ գործադիր իշխանությունները չեն կարող փոփոխվող  տնտեսական իրականությանը համընթաց նույնքան արագ իրականացնել  այդ քաղաքականությունը: Բացի դա, եթե անգամ ինչ-որ եղանակով հնարավոր լինի լուծել հարկաբյուջետային քաղաքականության ժամանակատարության խնդիրը, դրա արդյունավետությունը փոփոխական է` կախված տնտեսության բացության, կապիտալի շարժունակության աստիճանից, արտարժույթի կարգավորման ռեժիմից և այլ գործոններից, որոնց արդյունքում հարկաբյուջետային ազդակները կարող են արտահոսել երկրից:
    Որոշ նորդասականներ հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության ավանդական հակափաստարկներից զատ նշում են նաև սպառողների սպասումները` հիմնավորելով, որ տնային տնտեսությունները  որոշակի սպասումներ ունեն եկամուտների և հարկերի վերաբերյալ, և որ  հարկային բազմարկիչը, այս համատեքստում, կարող է լինել շատ փոքր կամ գուցե նույնիսկ բացասական, եթե աճող պետական ծախսերը արտամղման  էֆեկտով կրճատեն մասնավոր սպառման և ներդրումների ծավալները:
    Ի հակադրություն վերոնշյալ դրույթների, որոշ նորքեյնսյան մոդելներում նշվում է, որ պետական ծախսերի աճը կարող է դրական ազդեցություն ունենալ սպառման և իրական աշխատավարձերի վրա, և, որ ոչ բոլոր ժամանակավոր հարկաբյուջետային միջոցառումներն են անարդյունավետ: Այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է, օրինակ` սպառման հարկերի փոփոխությունը, հավանական է` լինեն արդյունավետ, եթե հասարակությունը գիտակցի, որ դրանք ժամանակավոր, այլ ոչ թե մշտական բնույթ ունեն:
    Գլոբալացման և տնտեսական ինտեգրման ժամանակակից պայմաններում սխալ կլինի հարկաբյուջետային քաղաքականության` որպես հակապարբերաշրջանային կայունացնող գործիքի կիրառման հնարավորությունները դիտարկել` հաշվի առնելով միայն դրա ազդեցությունը ներքին տնտեսության վրա: Տարբեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների ինտենսիվացումը հանգեցնում է հարկաբյուջետային քաղաքականության  արդյունքների` մի երկրից մյուսը փոխանցման: Այս առումով, հարկ ենք համարում նշել այն հիմնական խողովակները, որոնց միջոցով կատարվում է այդ փոխանցումը.
    - Թողարկման խողովակ: Հարկաբյուջետային քաղաքականությունը,  հայրենական արտադրության մեջ նշանակալի դեր ունենալով, ազդում է նաև ներմուծման նկատմամբ պահանջարկի վրա, ինչն էական  գործոն է ինտեգրված տարածքներում: Սա իր ազդեցությունն է թողնելու ինտեգրման խմբի ներսում երկրների զուտ արտահանման ցուցանիշների վրա:
    - Գնային խողովակ: Հարկաբյուջետային քաղաքականությունը, ազդելով երկրի ներսում ինֆլյացիայի տեմպի վրա, գործընկեր երկրներում  դրա փոփոխության պատճառ կարող է լինել: Հարկաբյուջետային քաղաքականությունը ազդեցություն է ունենում սղաճի տեմպի վրա,  այսպես կոչված, փոխանցման էֆեկտի միջոցով:
    -Տոկոսադրույքի և արտարժութային խողովակ: Հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետում կարող է ազդեցություն ունենալ տոկոսի և արտարժույթի դրույքաչափի վրա` հրահրելով տոկոսի և արտարժույթի դրույքաչափի փոփոխություն գործընկեր երկրներում:
    - Պետական պարտքի խողովակ: Որոշ ինտեգրման տարածքներում, ինչպիսին է, օրինակ` Եվրոմիությունը, պետական պարտքն ազդեցություն է ունենում երկարաժամկետ տոկոսադրույքի նորմայի վրա: Բացասական հետևանքների տարածումը տեղի կունենա, եթե ֆինանսական շուկաներում   պատշաճ կերպով չգնահատվեն առանձին երկրների պետական պարտքից բխող ռիսկերը:
    - Կառուցվածքային բարեփոխումների   խողովակ:   Կառուցվածքային  բարեփոխումները   միջանկյալ   և վերջնական սպառման ապրանքների շուկաներում պետք է ուժեղացնեն մրցակցությունը` հանգեցնելով արտադրողականության աճի: Առանձին երկրների կողմից ամբողջական առաջարկի աճին միտված միջոցառումների կիրառումն ավելացնում է ներմուծման ծավալները` դրական ազդեցություն ունենալով այլ երկրներում հանրային ֆինանսների ցուցանիշների վրա:
    Ինչպես արդեն նշվել է, 2007−2009 թթ. ճգնաժամը ստիպեց վերանայել հարկաբյուջետային  քաղաքականության կիրառման հորիզոնները: Ճգնաժամի հետևանքները մեղմելու և ավելի խոր անկումից խուսափելու համար մի շարք երկրներ իրականացրին հարկաբյուջետային միջոցառումներ` երկրի  խոշորագույն հիփոթեքային գործակալությունների, ֆինանսական ինստիտուտների և բանկերի մասնակի կամ ամբողջական ազգայնացում, գործազրկության և առողջապահության գծով   ապահովագրական համակարգի բարելավում, բնակչության լայն շերտերին հարկային   արտոնությունների տրամադրում, հարկային վարչարարության օպտիմալացում, տնտեսական աճ ապահովող ոլորտներում ներդրումներ և այլն:
    ՀՀ կառավարության կողմից ևս իրականացվեցին հարկային և մաքսային մի շարք բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը մակրոտնտեսական  կայունության ապահովումը և տնտեսական աճի լրացուցիչ խթանների բացահայտումն ու ներդրումն էին: Իրականացված բարեփոխումների շարքում  ընդգրկված միջոցառումները վերաբերում էին գործարար աշխարհի, մասնավորապես` ՓՄՁ-ի համար հարկային վարչարարության պարզեցմանը, պետական տուրքերի կրճատմանը, ԱԱՀ-ի գծով հարկման շեմի բարձրացմանը,  մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և այլն:
    Ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա հետևանքների մեղմմանն ու  հաղթահարմանն ուղղված   գործողությունները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել ՀՀ պետական բյուջեի ցուցանիշների վրա: 2009 թ. Հայաստանում պետական բյուջեի եկամուտները կտրուկ կրճատվեցին` 2008 թ.  785,3 մլրդ դրամի փոխարեն կազմելով 690 մլրդ դրամ: Ի հակադրություն  դրա, ծախսերն ավելացվեցին` 810.5 մլրդ դրամից հասնելով 929,1 մլրդ  դրամի` երկրում տնտեսական ակտիվության օժանդակության և խոցելի խավերի պաշտպանության նպատակով: Այս ամենի հետևանքով բյուջեի պակասուրդը 2008−2009 թթ. ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ աճեց 6 տոկոսային կետով, իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ավելի քանկրկնապատկվեց:
    Այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է հարկային  քաղաքականությունն արձագանքել ճգնաժամին. սկզբնական հաշվեկշռի  փոփոխության ո՞ր մասն է պայմանավորված եղել ավտոմատ   կայունարարների ազդեցությամբ, իսկ ո՞ր մասը` հայեցողական քաղաքականությամբ:
    Հենվելով միայն պետական բյուջեի տատանումների վրա` հնարավոր չէ  ամբողջական պատկերացում կազմել իրականացվող հարկաբյուջետային  քաղաքականության վերաբերյալ: Խնդիրն ավելի ակնառու է դառնում, երբ,  օրինակ, տնտեսական աճի փուլում բյուջեի պակասուրդի կրճատումը քողարկում  է  հանրային ֆինանսների վատթարացումը կամ հակառակը` տնտեսական անկման փուլում տեղի է ունենում պետական ծախսերի չնախատեսված աճ: Այդ իսկ պատճառով գործնականում քաղաքականության առավել համապարփակ պատկեր ստանալու համար ընդունված է պետական բյուջեն ճշգրտել պարբերաշրջանի ազդեցությամբ: Այս նպատակով տնտեսագիտական գրականության մեջ պետական բյուջեի ընդհանուր հաշվեկշիռը ընդունված է ներկայացնել պարբերաշրջանով ճշգրտված և պարբերաշրջանային հաշվեկշիռների հանրագումարի տեսքով:















    Կատարել ենք 2000−2016 թթ. ՀՀ կառավարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության վերլուծություն: Այդ նպատակով ՀՆԱ ներուժային մակարդակը գնահատվել է Հոդրիկ-Պրեսկոտի ֆիլտրի միջոցով:
    Ըստ մեր գնահատումների` ՀՆԱ իրական և ներուժային մակարդակների միջև ամենամեծ տարբերությունը եղել է 2008 թ., երբ ՀՆԱ ճեղքվածքի ցուցանիշը կազմել է 15,99 միավոր: ՀՆԱ իրական և ներուժային մակարդակների շարժընթացը 2000−2016 թթ. արտացոլված է գծապատկերում. 


































    Պետական բյուջեի ընդհանուր հաշվեկշռի բաղադրիչների շարժընթացի  (գծապատկեր 210) վերլուծությունից եկել ենք այն եզրակացության, որ պետական բյուջեի պակասուրդը հիմնականում պայմանավորված է կառուցվածքային հաշվեկշռի մեծությամբ: Եվ քանի որ կառուցվածքային հաշվեկշիռն արտացոլում է կառավարության կողմից իրականացվող հայեցողական կամ ճկուն հարկաբյուջետային քաղաքականությունը, ապա կարելի է  պնդել, որ 2000−2016 թթ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում եղել է հայեցողական: 
    Իր հերթին, պարբերաշրջանային հաշվեկշռի դինամիկան արտացոլում է  իրականացվող ոչ հայեցողական հարկաբյուջետային քաղաքականությունը:  Ուստի պարբերաշրջանային հաշվեկշռի ցածր աստիճանի մասնակցությունն  ընդհանուր հաշվեկշռի կազմավորման մեջ փաստում է ավտոմատ կայունարարների համակարգի թույլության մասին, ինչը բացատրվում է այնպիսի ինստիտուցիոնալ գործոններով, ինչպիսին են ստվերային տնտեսության չափերը,հարկային համակարգի վարչարարության անկատարությունները և այլն:
    Հարկաբյուջետային ազդակների շարժընթացի վերլուծության արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության. ինչպես մի շարք այլ զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում, այնպես էլ ՀՀ-ում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում պարբերաշրջանամետ է: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի նախընթաց տարիներին, մասնավորապես` 2004−2007 թթ.  խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է տնտեսության գերտաքացմանը, ինչի հետևանքով ՀՆԱ անկման ցուցանիշը մեր երկրում եղել է աշխարհում ամենաբարձրերից մեկը` 2009 թ. կազմելով -14%:
    Այնուամենայնիվ, 2013−2016 թթ. ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ տնտեսությունը ենթարկվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդային հետևանքների, և, Ռուսաստանի գործարար ակտիվության կրճատմամբ պայմանավորված, արտաքին ցնցումների, հարկաբյուջետային ազդակներն ունեցել են խթանող բնույթ, որի արդյունքում իրական և ներուժային  ՀՆԱ-ների միջև ճեղքվածքը չի գերազանցել -0.78 միավորը: 2017 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները  կազմել են 1108.4 մլրդ դրամ, ինչը բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 5.9%-ով: Եկամուտների այս աճը հիմնականում  ապահովվել է հարկերի և տուրքերի գծով 6.9% աճի շնորհիվ: Նույն ժամանակահատվածում պետական ծախսերը կրճատվել են 0.2%-ով` կազմելով ընդամենը 1249.6 մլրդ դրամ:
    Վերոշարադրյալից ելնելով` կարծում ենք` ՀՀ կառավարության կողմից  պետք է ծրագրեր մշակվեն ավտոմատ կայունարարների գործիքակազմի  առավել արդյունավետ իրացման համար: Մասնավորապես` հարկ է քայլեր ձեռնարկել դեպի հարկային դաշտ ստվերային տնտեսության ներգրավման և  հարկային վարչարարության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Անհրաժեշտ է պարբերաշրջանամետ հարկաբյուջետային քաղաքականությունից աստիճանական անցում կատարել դեպի հակապարբերաշրջանամետ քաղաքականություն, քանզի միայն այդ պարագայում դա կարող է արդյունավետորեն կիրառվել որպես հակապարբերաշրջանային կարգավորման գործիքակազմի լիարժեք տարր: