ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի
    Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում կկառուցվի 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում։Երեք տարվա ընթացքում, կառուցման շրջանում, կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256 հազ. դրամ միջին աշխատավարձով եւ 106 աշխատատեղ՝ 545 հազ. դրամ միջին աշխատավարձով՝ շահագործման ընթացքում։Նյութի աղբյուրը՝   https://banks.am
  • Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 1.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.85 դրամ (աճել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (մնացել է անփոփոխ)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.51 դրամ, ոսկի՝ 22,945.23 դրամ, պլատին՝ 14,380.49 դրամ: Նյութի աղբյուրը`              https://news.am
  • Հայաստանը բարելավել է դիրքը Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում
    Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը 2019թ. Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում։«Հայաստանն այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն»: Banks.am-ը նշում է, որ զբոսաշրջության մրցունակության ինդեքսը կազմվում է ոլորտի կայուն զարգացման համար երկրներում ստեղծված պայմանների ու հնարավորությունների դիտարկմամբ։Այս տարի լավագույն եռյակում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 89-րդը, Ադրբեջանը՝ 71-րդը,  իսկ Թուրքիան՝ 43-րդը։140 երկրնե
  • Կազմվել է աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-100-ը՝ ըստ եկամուտների
    Թոփ-100-ի տվյալները վերցվել են աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշից: Ընկերությունների եկամուտները հաշվարկվել են 2018 թվականի համար:Աշխարհի բոլոր խոշոր ընկերություններն օգտվում են տնտեսության գլոբալացման առավելություններից: Թվարկված ընկերություններից շատերը հարյուր միլիարդավոր դոլարներ են ստանում: Fortune ամսագիրն ամեն տարի հրապարակում է ամենամեծ եկամուտներն ունեցող աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Ըստ howmuch-ի ստեղծված այս վիզուալացումը ներկայացնում է ընկերությունների թոփ-100-ը՝ տրամադրելով տեղեկատվութ
  • Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով
    2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ինչպես անցած տարի, այնպես էլ՝ ընթացիկ տարում գրանցել է Հայաստանը՝ 6.8 տոկոս, այնուհետև Ղրղզստանը՝ 6.4 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 2.1 տոկոսով, որի գծով ամենից բարձր աճը նկատվել է Ղազախստանում՝ 11.7 տոկոս։Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսնե
  • Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ - 05/09/19
      ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները սեպտեմբերի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 476.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 478.00 դրամ (+0.50 դր.): Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 524.00 դրամ (+3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 528.00 դրամ (+2.00 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 7.20 դրամ (+0.09 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 7.30 դրամ (+0.09 դր.): Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից: Նյութի աղբյուրը`       https://b24.am
  • Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար
    Շենքերի ճակատների համար «խելացի» արևամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները:Պանելները կարող են շարժվել հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում՝ տեղեկացնում է TASS-ը:Ինչպես իր կայքում նշել է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել է «տեղափոխելի արևային պանելների համակարգ էլեկտրականության արտադրության հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գլոբալացման ազդեցությունը ժողովուրդների և ազգերի քաղաքականության, լեզուների և աշխարհայացքային դրսևորումների վրա

    ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ լեզուների ամբիոն 


    Ներկայումս կա միասնական հոգևոր-քաղաքական տարածության ձևավորման անհրաժեշտություն: Պետք է մշակել նոր դարաշրջանին համապատասխան ազգային գաղափարախոսություն: Հարկ է ապահովել հոգևորի և նյութականի միջև ներդաշնակություն` շեշտը դնելով հոգևորի վրա: «Միջակ հասարակությունը» սպառել է իրեն և այլևս հեռանկար չունի: Homo sapience-ի հետագա զարգացումը պահանջում է համամոլորակային ռազմավարություն, որը պետք է գիտակցվի ամբողջ մարդկության կողմից: Նոր պետականություն ձևավորողները պետք է ընկալեն տիեզերքի օրենքները և միջազգային ասպարեզ դուրս գան նոր ու խաղաղ գոյություն ստեղծելու ծրագրերով ու գաղափարախոսությամբ:
    Որևէ երկրի անվտանգությունը լոկ նրա խնդիրը չէ: Դա պետք է դիտվի իբրև մարդկության գոյատևման ու զարգացման հայեցակարգ` ուղղված մշակույթի ու բնության ռազմավարական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Կհաղթեն այն ազգերը, որոնց հոգևոր-բարոյական արժեքներն ու մտավոր ունակությունները բարձր են: Համընդհանրացման գործընթացները պետք է ընթանան մշակույթների իրավահավասար փոխհարաբերություններով: 

    Հիմնաբառեր. գլոբալացում, կենսակերպ, գոյ, մշակութային համադրություն, սովորույթ, միջակայք, մակրոքայլեր, քաղաքակրթություն, կերպափոխություն, ինքնագիտակցում

    Գլոբալացումը, գրավելով աշխարհը, ներփակվում է` դառնալով փակ համակարգ: Կան աշխարհայացքային բախումներ, ավանդույթների, քաղաքակրթությունների (Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ) բազմազանություն, որոնք չեն կարող ամփոփվել մի շրջանակում: Նախկին «հարմար ու ծանոթ» աշխարհն արագորեն անհետանում է: Ստեղծվում է մարդկության նոր կենսակերպ, որը պահանջում է աշխարհընկալման և մտածողության նոր ձև:
    Ծագում են իմաստային անհամամասնություններ, որոնք ժողովուրդների ու ազգերի նկատմամբ մեքենայություններ անելու ճանապարհ են բացում: Անհրաժեշտ է նոր մշակութային համադրություն: Առանցքային խնդիր են համընդհանրացման պայմաններում քաղաքակրթությունների փոխհարաբերությունները: Տեղին է հիշատակել Հ. Հեսսեին. «Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան, սարսափելի ու վայրենի»: Յուրաքանչյուր ժամանակաշրջան, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը, համապատասխան քնքշություն ու դաժանություն, ինչ-ինչ տառապանքներ թվում են բնական, չարության ինչ-որ տեսակ` տանելի: Մարդկային կյանքն իսկական տառապանք, դժոխք է դառնում այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ, երկու մշակույթ, երկու կրոն: Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում, ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կլիներ, նույնկերպ որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում: Բայց կան ժամանակներ, երբ մի ամբողջական սերունդ հայտնվում է երկու դարաշրջանների, երկու կենսակերպերի միջակայքում այնպես, որ ոչնչանում են ցանկացած բնականություն, ցանկացած ավանդույթ, ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն: Բնականաբար, դրա ազդեցությունը ոչ բոլորն են զգում: Նիցշեն մերօրյա ցավը զգում էր և տառապում մի ամբողջ սերունդ ավելի վաղ` մենակության և չհասկացված լինելու պայմաններում. այսօր դա հազարավորների ճակատագիրն է:
    Գլոբալացման գործընթացի բացասական հետևանքները վերաբերում են համայն մարդկությանը. նման իրավիճակից ելք գտնելու մակրոքայլերի որոշումը հրատապ խնդիր է: Ներկա քաղաքակրթությունները սպառել են տարերային-բնական զարգացման հնարավորությունները, և մարդկության գոյատևման հիմնախնդիրն արդեն վերագիտակցման միջով պետք է անցնի: Հարկ է մեծ տեղ տալ հոգևորին և մտավորին: Այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, մեր մտածելակերպի արդյունքն է: Փոփոխման կարիք կա միջազգային հարաբերություններում. անհրաժեշտ է գիտակցականի որոշակի վերակառուցում: Մարդկային քաղաքակրթության երկու կարևորագույն ոլորտների` մշակույթի և տնտեսության փոխհարաբերությունների հիմնախնդիրը վաղուց է հետաքրքրել հետազոտողներին: Տնտեսության և մշակույթի ոլորտներում մարդկային գործունեության արդյունքները կապիտալացվում են, դրսևորվում նորարարական ձևերով: Եվ դժվար է մեր օրերում անտեսել մշակութային կապիտալի կարևորությունը երկրի տնտեսական առաջընթացի, սոցիալական զարգացումների և հասարակության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման գործում: 
    Այսպես` Պիեր Բուրդիեն արժեստեղծման համակարգում կարևորում է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապիտալի դերակատարումը: Նա իր ուսումնասիրություններում պնդում է, որ մշակութային կապիտալն ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք տնտեսական կապիտալը, մշակութային սովորույթները, որոնք նույնպես կարող են շահույթի ստացման աղբյուր  հանդիսանալ: Ըստ Բուրդիեի` մշակութային կապիտալը նախևառաջ գիտելիք է, որը ժամանակի ընթացքում փոխանցվում է սերնդեսերունդ, կուտակվում է և դառնում կապիտալ:
    Նշված խնդրին անդրադարձել են նաև հայ գիտնականները: Օրինակ` Մ. Մարգարյանը «Քաղաքական արդիականացման զարգացման հիմնահարցեր» մենագրության մեջ վերլուծում է գլոբալ  քաղաքակրթության կառուցվածքում տեղի ունեցող արժեքային կերպափոխությունների և ժողովրդավա-րությանն անցման գործընթացում գտնվող հայ քաղաքական իրականության արդիականացման խնդիրները: Հանրագումարելով քաղաքական արդիականացման համաշխարհային փորձը` նա բացահայտում է հումանիզմի, բարոյականության և հանդուրժողականության տեղն ու դերը գլոբալ քաղաքակրթության գոյաբանության կառուցվածքում: «Մարտահրավեր−պատասխան» հարաբերություններում ներկայացնում է ազգային արժեքային համակարգի ազդեցությունը քաղաքական գործընթացների, մշակույթի և ինստիտուցիոնալ կարգի վրա: «Գլոբալ քաղաքակրթության կայուն զարգացման խնդիրներն անհնար է լուծել առանց մարդկային գործոնի բազմակողմանի ընկալման, առանց արարիչ գործունեությունն առաջին պլան մղելու, առանց իրական մարդասիրության, բարոյականության ցանկացած գոյի` տեսակի պահպանության և անվտանգության»,- գրում է նա:
    Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Կիրակոսյանի «Քաղաքակրթական առաջընթացը որպես զարգացման հիմնարար մարտահրավեր» հոդվածի` մարդկային հասարակությունն իր պատմական զարգացման ընթացքում անցել է քաղաքակրթության տարբեր աստիճաններ և այսօր ապրում է հեղափոխական զարգացման մի շրջան, որի պայմաններում կրթությունը, գիտելիքը, տեղեկատվությունը ստանձնել են առաջատար դեր և դարձել զարգացման ու տնտեսական աճի ելակետային պայման: Մեր օրերում կրթության, գիտելիքի և գիտության հեղափոխական զարգացման արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակության քաղաքակրթական զարգացման, տնտեսական աճի շարժիչ ուժերն են: Հետևապես` ներկա ժամանակաշրջանում հասարակությունն ապրում է քաղաքակրթական զարգացման հեղափոխական շրջանում, որի պայմաններում կրթությունը, գիտելիքը, գիտությունը, մարդկային կապիտալը տեղեկատվությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել հասարակության գործունեության բոլոր ոլորտները:
    Այսպիսով` մարդկությունը հնարավորություն ունի դուրս գալու գլոբալ ճգնաժամից, սակայն դրա համար պետք է անցնի հոգևոր վերափոխումների մշակման բովով: Որևէ երկրի անվտանգությունը միայն նրա խնդիրը չէ. դա պետք է դիտվի մարդկության գոյատևման ու զարգացման համատեքստում:
    Կհաղթեն այն ազգերը, որոնց հոգևոր-բարոյական արժեքներն ու մտավոր ունակությունները բարձր են: Համընդհանրացման գործընթացները պետք է զարգանան մշակույթների իրավահավասար փոխհարաբերություններով: Ազգերի անվտանգության ժամանակակից գաղափարախոսությունը հարկ է հիմնել ազգերի` որպես տիեզերական տարրերի գաղափարի վրա` ապահովելով մարդկանց և հասարակության զարգացման ռազմավարության իրականացման գործընթացը:
    Անհրաժեշտ է ձևավորել միասնական հոգևոր քաղաքական տարածություն: Գերակայությունը պետք է տրվի հոգևոր և մտավոր ոլորտներին, մշակույթների զարգացմանը: Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Ու. Գոլդինգն ասել է. «Հատկապես գրքերը կարող են ստիպել մարդուն մտածել այնպիսի իրավիճակների ստեղծման անհրաժեշտության մասին, երբ աշխարհում կերաշխավորվի թեկուզ հարաբերական խաղաղություն, և մարդիկ ավելի լրջորեն կմտածեն կյանքի ու դրա իմաստի մասին, կանդրադառնան իրենց արարքներին:
    Նրանք պետք է հասկանան, թե ինչպիսի չարագուշակ հետևանքների կարող են հանգեցնել սանձազերծված ենթագիտակցական բնազդները, օրինակ` չարը: Մեր անգիտության մեջ, կրկնում եմ, մենք պետք է լինենք բարի և մարդկային»:
    Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերնդեսերունդ դրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակագործնական բնույթ: Ծեսը լայն տարածում ունի հավատալիքներում, կրոնում, կենցաղում, դիվանագիտական հարաբերություններում:
    «Ծես հասկացության ներքո, սովորաբար, ենթադրվում է ստանդարտ, հաստատուն, հետևողական գործունեություն, որն ունի արարողական բնույթ»:
    Կարծիք կա, որ գլոբալացման գործընթացները կառավարում և նոր համաշխարհային կարգի առաջնագծում է ԱՄՆ-ն: Այսօր նոր գաղափարախոսության ու արժեքների կրողներն ու ներկայացնողները ոչ թե մտավորականներն են, այլ զանգվածային տեղեկատվական միջոցները: Հեռուստատեսության ի հայտ գալով աշխարհը փոխվում է մեծ արագությամբ: Համակարգիչը և համացանցն ավելի են մեծացնում այդ փոփոխությունները: Առաջանում է տեղեկատվական հոսքերի խառնաշփոթ, որը պահանջում է նոր մշակութային համադրություն: Տեղեկատվության ընդլայնման և մարդկության կողմից դրա վերարտադրման ունակության միջև ծագում է անհամապատասխանություն: Քաղաքակրթությունը գոյատևում է այն բանի շնորհիվ, որ, հնարավորությունների մեծանալուն զուգընթաց, մարդը նաև իմաստնանում է:
    Գլոբալացման գործընթացի զարգացմամբ ազգային պետությունների ինքնավարությունը հետզհետե նվազում է: ԱՄՆ-ի գերակայության պահպանմանն օժանդակող իրադրությունն է գործնականում առաջնորդական դիրքի բոլոր թեկնածուների` Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, Ճապոնիայի առայժմ շահագրգռվածությունը և որոշ չափով նաև կախվածությունը ԱՄՆ-ից: Համընդհանրացումը դինամիկ կապիտալի, անմիջական կապերի և տեղեկատվության բաց սահմանների աշխարհ է: Ազգային պետությունների ինքնավարության նվազմանը զուգընթաց, վերջինս, որպես այդպիսին, չի վերանում, այլ ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն` ազգային հոգևոր մշակույթի տիրոջ և համամարդկային քաղաքականության մշակողի և պահպանողի դեր:
    Երկրագնդի միայն 380 միլիոն բնակչության մայրենի լեզուն անգլերենն է: Անգլերենի իմացությունն անհրաժեշտ պայման է խոշորագույն կորպորացիաներում աշխատելու համար: Առայժմ ԱՄՆ-ը ներկայացնում է իր կարգը` որպես ժողովուրդների միասնական ապրելու միակ տարբերակ: Որոշ լեզվաբաններ կարծում են, որ 21-րդ դարում կվերանա աշխարհի լեզուների 50-90%-ը: Այլ լեզուներով խոսելը, օրինակ` ֆրանսերեն, մանդարիներեն կամ չինարեն, դառնում է ճոխություն, այլ ոչ թե անհրաժեշտություն: Համացանցի գերիշխող լեզուն նույնպես անգլերենն է: Դրա օգտագործման աճը այն երկրներում, որտեղ վերջինս երկրորդ օտար լեզուն է, նպաստում է այդ երկրներում լեզուների բազմազանության համապատասխան աճին: Յուրաքանչյուր լեզու իր պատմության ընթացքում շփման մեջ է եղել ուրիշ լեզուների հետ: Այդ շփման արդյունքն այն է, որ դրանք փոխադարձաբար ազդել են միմյանց վրա: Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում բազմաթիվ այլալեզու ցեղեր ու տոհմեր ձուլվել են հայերին, նրանց լեզուներն էլ ժամանակի ընթացքում պարտվել, մահացել են, և հաղթող է եղել հայերենը:
    Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը առաջ է բերել սարքերին վերաբերող նոր բառեր, որոնք ավելի հեշտ ընկալվում են երիտասարդների, քան մեծահասակների կողմից: Օգտագործում են ոչ միայն այնպիսի բառեր, ինչպիսիք են event, message, cool, ok, այլ նաև ստեղծում են սեփական բառային տարբերակները:
    Ըստ Պոլ Ֆրանկի` շատ բրազիլացիներ սկսել են գլոբալացումը համարել սպառնալիք իրենց մշակույթի համար` գերազանցապես մայրենի լեզվի առումով: Լայնորեն կիրառվում են նաև համակարգչային և տեխնիկական սարքերին վերաբերող տերմիններ, օրինակ` scanner, e-mail և այլն: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունի միայն մեկ լեզու. դա անգլերենն է:
    Մեր օրերում հայերենը նույնպես գտնվում է անգլերենի մեծ ազդեցության ներքո: Անգլերենը ներթափանցում է ամենուրեք` իր ազդեցությունը տարածելով թե՛ եվրոպական, թե՛ ասիական մի շարք երկրներում: Հզորագույն համացանցը հսկայական տեղեկատվություն է մատակարարում անգլերենով, որը որոշակի վտանգ է ներկայացնում նաև հայ երիտասարդության համար: Հայերեն խոսքում ավելացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մեյլ ուղարկել», «չաթ անել» և այլն: Շատ բառեր ու արտահայտություններ մենք օգտագործում ենք առանց մտածելու` էքսպրես փոխանցում, տերմինալ, թիվի, բրիֆինգ, բրոքեր և այլն: Նախընտրությունը տրվում է անգլերենին նաև ընկերությունների անունները կազմելիս, տեխնիկական բնագավառին վերաբերող տերմինների հայերեն համարժեքների բացակայության պատճառով կիրառվում է անգլերենը, լավագույն դեպքում` դիմում են տառադարձման:
    Արդի ժամանակներում, երբ մարդկային գործունեության տարբեր բնագավառներում օտար լեզվի իմացությունը դարձել է անհրաժեշտ պայման, պետք է հստակեցնել բուհերում մասնագետների պատրաստման ժամանակակից պահանջները:
    Այսօրվա երիտասարդները հաղորդակցվում են ոչ միայն ուսումնասիրվող լեզվի կրողների, այլև տարբեր եվրոպական երկրների ու այլ մայրցամաքների ներկայացուցիչների հետ: Քանի որ հաղորդակցվողները տարբերվում են աշխարհընկալման արժեքներով ու մոտեցումներով, ապրելակերպով, ինչպես նաև կրոնական ու ազգային պատկանելությամբ, որոշակի դժվարություններ են առաջանում փոխըմբռնման և փոխգործունեության առումով:
    Նման հանգամանքը, թերևս, կարելի է բացատրել նաև նրանով, որ բուհում ուսուցումը հիմնականում ընթանում է միայն երկրագիտական գիտելիքների հաղորդմամբ: Բուհն ավարտելուց հետո շրջանավարտը փնտրում է ճանապարհներ` կատարելագործելու օտար լեզվի իր գիտելիքները: Սրանք խնդիրներ են, որ առկա են բուհում: Այսօր հիմնականում շեշտը պետք է դրվի երկրագիտական սահմանափակ կրթությունից սոցիալ-մշակութային կրթությանն անցնելու վրա:
    Այս առումով, անհրաժեշտ է`
    1. ուսուցման սկզբունք դարձնել վարքագծի նորմերի պահպանումը, ինչպես նաև աշխարհի մշակութային ժառանգությունն ու պատմամշակութային հիշողությունը հարգելու կարողությունը, 
    2. միջազգային հաղորդակցության պայմաններում լեզվաերկրագիտական վերլուծություններ կատարելիս մշակել սոցիալ-մշակութային և հաղորդակցական խաթարումները հաղթահարելու տեխնիկա,
    3.հմտորեն ներկայացնել Հայաստանի մշակութային բազմազանությունը` հաշվի առնելով հաղորդակցվողների աշխարհընկալման առանձնահատկությունները,
    4. բարձր մակարդակով կատարել մշակութաբանական աշխատանքներ, այն է` կազմել տեղեկատու և ուսումնական նյութեր, ուղեցույցներ, պատրաստել դրանց համապատասխան գրականություն,
    5. ուսուցման հիմնական նպատակ դարձնել մասնագետների` որպես պատմամշակութային սուբյեկտների պատրաստումը,
    6. նորացնել ավանդական դասընթացների բովանդակությունը կամ մշակել նոր դասընթացների համակարգ` օգտագործելով բուհում առկա ամբողջ ներուժը,
    7. երկրագիտական կրթության սահմանափակվածությունից անցնել մշակութաբանական լիարժեք կրթության,
    8. ցուցաբերել հստակ դիրքորոշում կրթության վերջնական արդյունքի հանդեպ` լիովին հրաժարվելով մեթոդական պարզունակությունից և շեշտակի անցում կատարելով մշակութաբանական կրթության տեխնոլոգիային: 
    Վերը նշված կետերը, ըստ էության, առաջին քայլերը կարող են լինել մշակութաբանական կրթության մոդելներ ստեղծելու ճանապարհին, որոնք  ցանկալի կլինի ընդգրկել լեզվական կրթության քաղաքականության և ռազմավարության մշակման մեջ:
    Դա ինչ-որ կերպ կնպաստի Պլատոնի «իդեալական պետության» ստեղծմանը, որը, նրա խոսքով` դժվար է լինելու, սակայն ոչ անհնար: