ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկի գնահատականը
    Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպ
  • Ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների չափերը կնվազեցվեն
    ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագա
  • Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է
    Ռադիոյի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ ամեն տարի, սկսած 2012թվականից, նշվում է փետրվարի 13-ին։ 2013թ․ հունվարին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հավանության արժանացրեց տոնի հռչակումը եւ 67-րդ նստաշրջանում ընդունեց բանաձեւ՝ փետրվարի 13-ը հայտարարելով Ռադիոյի համաշխարհային օր։Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել՝ 1946թ․ հենց փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։Ինչպես ասում են տոնը հիմնադրողները, այն ոչ միայն պետք է արժանին
  • Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա G20-ի հանդիպման հիմնական թեման կլինի
    2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա կլինի G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների հանդիպման հիմնական թեման: Հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում փետրվարի 22-ին եւ 23-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:Հաղորդվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն հնարավոր հակամիջոցները` կապված ստեղծված իրավիճակի հետ, որը, մասնավորապես, հանգեցրել է  ապրանքների մատակարարման շղթայի խաթարմանը եւ զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:2019-nCoV վիրուսով պայման
  • Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել
    Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային եւ ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ եւ կդարձնի այն կարեւոր ուղղություններից մեկը, հայտնում է Reuters-ը։Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում եւ
  • Չինական բորսաները անկումով են մեկնարկել
    Երկուշաբթի մայրցամաքային Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորյա տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Մայրցամաքային Չինաստանի բորսաներում վերջին անգամ սակարկություններն անցկացվել էին հունվարի 23-ին՝ չինական նոր տարուց առաջ, այս արձակուրդների ժամանակ վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչե
  • Շվեյցարիայում կգործարկվի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված ֆերման
    Շվեյցարական Growcer ընկերությունը Migros Basel կոպերատիվ միջնորդի հետ համագործակցությամբ ներկայում մշակում է առաջին ռոբոտացված ուղղահայաց ֆերման Շվեյցարիայում, գրում է Comments.ua-ն։Կլոր տարին ֆերման կգործի՝ անկախ եղանակային պայմաններից, առանց պեստիցիդների եւ ջրի չնչին օգտագործմամբ։ Առաքման կարճ երթուղիների շնորհիվ արտադրանքը տեղի խանութներ կառաքվի նույն օրը, երբ այն հավաքվել է։ Արտադրությունը շուտով կսկսվի, եւ առաջին մթերքները, ինչպես ակնկալվում է, այս ամառ հասանելի կլինեն բացառապես MParc Dreispitz-ում։Առաջին շվեյցարական ուղղահայաց ֆերման ներկայում
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպաստող ժամանակակից գործոնները

    ՄԻԽԱՅԻԼ ԹԱՎԱԴՅԱՆ
    ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ 



    Հոդվածում քննարկվում են ներկա փուլում ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և  դրանց լուծմանը նպաստող ժամանակակից գործոնները: Մասնավորապես, արդի դարաշրջանում աշխարհի բոլոր երկրներում էլ մեծացել են տնտեսական զարգացման գործընթացների սոցիալական տեսանկյունների ուսումնասիրությունները: Քանի որ ՀՀ-ն համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ տարրերից մեկն է, ուստի գլոբալացման պայմաններում տեղի ունեցող վերափոխումները վերաբերում են նաև մեր երկրին: Տնտեսական համընդհանրացման սոցիալական հետևանքների ուսումնասիրությունները հրատապ են նաև ՀՀ պարագայում: Կարևոր նշանակություն են ստանում ֆինանսատնտեսական ճգնաժամերի, ներդրումների, «կապիտալի փախուստի», արտագաղթի, մրցունակության, նորամուծական զարգացումների վերլուծությունները:

    Հիմնաբառեր. սոցիալ-տնտեսական զարգացում, օտարերկրյա ուղղակի ներդրումներ, մրցունակություն, մարդկային կապիտալ, նորամուծություն, համախառն կուտակում 


    Արդի պայմաններում ցանկացած երկրի բուն նպատակը սոցիալապես կայուն տնտեսական աճի ապահովումն է, որն էլ ենթադրում է կառուցվածքային խոր վերափոխումներ: Փորձը ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում նշված գործընթացն ուղեկցվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ: Դրա վառ ապացույցն են անցյալ դարի 70-ական թթ. արևմտյան մի շարք երկրներում տեղի ունեցած համանման երևույթները: Դա բացատրվում է հետևյալ հանգամանքներով. գոյություն ունեցող տնտեսական ենթակա ռուցվածքների` առաջադրված տնտեսական խնդիրների լուծմանն անհամապատասխանությունը, ռեսուրսների սղությունը, նոր տեխնոլոգիաների օգտագործման անբավարար մակարդակը և այլն:
    Պակաս դերակատարում չեն ունեցել նաև տնտեսական ու քաղաքական ռիսկերը` կապված էներգակիրների գների փոփոխությունների հետ: Ընդհանրապես, շուկայական տնտեսությանն անցման պայմաններում անխուսափելի են դառնում արմատական փոփոխությունները: Պետք է նշել, որ նոր տնտեսակարգի մարտահրավերների հաղթահարումը տարբեր երկրներում տարբեր տևողությամբ է կատարվում: Պատահական չէ, որ խորքային փոփոխություններ վերապրող հասարակությունը կայունացման կարիք է ունենում:
    Ավելին, ազգային համաձայնության ձևավորումը բավականին տևական ժամանակ է պահանջում` անգամ տասնամյակներ: Բացի այդ, եթե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար ճիշտ ուղղություն է ընտրված, ապա դա կնպաստի տնտեսական, մշակութային, սոցիալական զարգացած հասարակարգի ձևավորմանը:
    Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման վրա ազդող գործոններից են գերտերությունների միջև ընթացող մրցակցային գործընթացները: Դա իր անմիջական հետևանքներն է ունենում նաև ՀՀ տնտեսության վրա: Հայտնի է, որ մրցակցությունը շուկայական տնտեսության կարևորագույն հատկանիշներից է: Իրականում դա դրսևորվում է տնտեսավարող սուբյեկտների միջև ընթացող պայքարով, որի հետևանքով յուրաքանչյուրի գործողությունն ուղղված է լինում ապրանքաշրջանառության պայմանների ներգործությանը: Յուրաքանչյուր մրցակից, օգտագործելով տարբեր տիպի անբարեխիղճ մեթոդներ, ձգտում է դաշտն ազատել մրցակիցներից: Ժամանակակից տնտեսագիտության տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ նշել են, որ մրցակցությունը ծնում է մենաշնորհներ: Այս իմաստով, գլխավոր շարժիչ ուժը դառնում է պարզ և կայուն տնտեսական հեռանկարներին ձգտելը, որի շնորհիվ էլ տնտեսական գործունեության համար կայուն հիմքեր են ձևավորվում: Նման ձևերով են ստեղծվել այն շուկայական կառուցվածքները, որոնք այժմ գերակշռում են առաջատար երկրների տնտեսություններում: Շուկայական այդ կառուցվածքին անցնելը արևմտյան երկրներից դարեր է պահանջել, որի ընթացքում մանրազնին մշակվել են համապատասխան տնտեսավարման կանոններ: Բացի դրանից, այս կամ այն շուկայի մենաշնորհային բնույթը որոշող քանակական չափորոշիչներից զատ, որոշվել են նաև, այսպես կոչված, ձեռնարկատիրական մենաշնորհները, երբ մեկ կամ մի քանի ֆիրմաներ շուկայում գերիշխող դիրք էին գրավում: Այսպիսով, մի կողմից` առկա են  բազմաթիվ ձևեր և եղանակներ ֆիրմաների կողմից մրցակցությունը սահմանափակելու համար, որոնք ձևականորեն մենաշնորհներ չեն, մյուս կողմից`  ֆիրմաները ձևական մենաշնորհներ են` հաշվի առնելով դրանց չափերն ու  շուկայի տիրապետման աստիճանը: Դրանք այնպիսի գնային քաղաքականություն են վարում, որն ապահովում է բավարար եկամուտներ, հետևաբար` արտացոլում է դրանց երկարաժամկետ շահերը` շուկային տիրապետելու իմաստով: Յուրաքանչյուր պետություն պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի ազատ մրցակցության համար, քանի որ մակրոմակարդակում մրցակցությունը գների և ծախսերի նվազեցման խթաններից է: Սակայն պետք է նշել, որ եթե հասարակության հիմնական զանգվածն օժտված չէ մրցակցային հարաբերությունների սոցիալական հոգեբանությամբ, ապա, վերափոխումները բավական դանդաղ կընթանան: Մյուս կողմից` եթե անգամ մրցակցային հարաբերություններն ավանդական են, ապա, միևնույն է, մրցակցությունն, ինչպես նաև դրա դերը երկրի տնտեսության զարգացման գործում սահմանափակ բնույթ է կրում:
    Ակնհայտ է, որ շուկայական տնտեսության պայմաններում մրցակցային պայքարը տարբեր սուբյեկտների կողմից տարվում է տարբեր մակարդակներում: Ապրանքների մրցապայքարն այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնք տարբերվում են մրցակցող ֆիրմաների նպատակներից: Ի դեպ, երկրները միմյանց հետ մրցակցում են յուրահատուկ ձևերով. դրանց նպատակներն ու մեթոդները բացահայտ տարբերվում են ինչպես ապրանքային,  այնպես էլ ֆիրմաների մրցակցությունից: Հետևաբար, մի կողմից` մրցակցության յուրաքանչյուր մակարդակում լուծվում են տարբեր խնդիրներ, մյուս  կողմից` մրցակցության տարբեր մակարդակներն իրար հետ սերտ կապի մեջ  են: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ ապրանքների մրցակցությունը  սովորաբար լուծում է կարճաժամկետ խնդիրներ` դրանց անմիջական վաճառքի միջոցով, իսկ ֆիրմայի մրցակցությունը` միջին և երկարաժամկետ  խնդիրներ, որոնք կապված են ներդրումային ռեսուրսների ներգրավման  հետ: Ինչ վերաբերում է տարբեր երկրների միջև ընթացող մրցակցությանը, ապա դա լուծում է երկարաժամկետ, պատմական խնդիրներ, որով ապահովվում է ազգի գոյատևումն ու զարգացումը, սոցիոմշակութային արժեքների ստեղծումը: Այսպիսով` մրցակցային հարաբերությունների իրավական նորմերի ստեղծումը ենթադրում է մակրոմակարդակում առավելության ձեռքբերում: Այժմ տարածված է այն տեսակետը, որ երկրի մրցունակությունը ձևավորվում է որպես ապրանքների, ֆիրմաների մրցունակության ամբողջություն: Սակայն իրականում ապրանքների և ֆիրմաների մրցունակությունը ձևավորվում է ազգային արժեքների համակարգի և պատմական հենքի վրա:
    Դրա շնորհիվ էլ ստեղծվում են ազգային տնտեսության կառուցվածքը, տնտեսավարման վարքագիծը, տնտեսության մասնագիտացումը և այլն: Մրցակցող սուբյեկտների նպատակները ձևավորվում են մի շարք գործոնների առկայության պայմաններում: Դրանցից կարևոր են ռեսուրսները, գործառնականը (առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը) և ծրագրառազմավարականը: Առաջին երկուսը սերտորեն փոխկապված են, քանի որ ռեսուրսների առկայությունը միաժամանակ պահանջում է նաև դրանց արդյունավետ օգտագործում: Օրինակ` հիմնական արտադրական ֆոնդերի և որակյալ աշխատուժի առկայությունը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու: Ինչ վերաբերում է երրորդ գործոնին, ապա այն հատուկ կարգավիճակ է ձեռք բերում, քանի որ ներկայիս մրցապայքարը բոլոր մակարդակներում վեր է ածվում ռազմավարական պայքարի, իսկ ռազմավարական բաղադրիչը մրցունակության կարևորագույն բնութագրիչն է:
    Այսպիսով` մրցակցությունը գործառնական առավելությունների միայն մի մասն է: Դա լոկ սոցիալ-հոգեբանական խթանների ակտիվացման յուրահատուկ մեթոդ է, որը կապված է տնտեսական ոլորտում մրցակցության կազմակերպման հետ և նպաստում է ծախսերի ու գների իջեցմանը: Արդյունքում` բարձրանում է արտադրանքի մրցունակությունը: Տնտեսական մրցակցության վրա ազդող գործոնների բազմազանությունը կարելի է դասակարգել արտածին (որոնք որոշում են զարգացման համընդգրկուն միտումները), ինչպես նաև ներծին (որոնք արտացոլում են այս կամ այն տնտեսական համակարգի ազգային առանձնահատկությունները) տեսակների: Գաղտնիք չէ, որ ազգային տնտեսական համակարգերը փոխադարձ կապերի մեջ են համաշխարհային տնտեսական համակարգի հետ:
    Եթե, օրինակ, հայաստանյան որևէ արտադրություն գործում է միայն հայրենական շուկայում և մոտ ապագայում մտադրություն չունի կատարելու միջազգային գործարքներ, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնի միջազգային մրցունակության մակարդակին, թեկուզ այն տեսանկյունից, որ երկրի ներսում կան գործող կամ էլ հայաստանյան ներքին շուկա ներթափանցելու ձգտում ունեցող արտասահմանյան ֆիրմաներ:
    Փորձը ցույց է տալիս, որ համընդհանրացման պայմաններում ՀՀ տնտեսական համակարգի մրցունակության աստիճանի բարձրացումն անհնարին է առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման ակտիվացման: Դրանով կլուծվի ոչ միայն հայրենական ներդրումային ռեսուրսների պակասուրդի խնդիրը, այլ նաև կապահովվի օտարերկրյա ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը, արտադրության կառավարման և կազմակերպման առաջավոր մեթոդների ու ձևերի ներդրումը: Ներդրումային գործունեության խթանումն ու ներդրումային ակտիվության ապահովումը ցանկացած երկրի տնտեսության զարգացման ուղղություններից են: Ավելին, ներդրումային միջավայրի բարելավումը որպես հիմք է ծառայում ամենից առաջ սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այս համատեքստում նպատակահարմար է ընտրել և ուսումնասիրել ներդրումային գործունեության ակտիվացման իրական գործիքակազմերը:
    Ներդրումային գործունեության ակտիվացման ցուցանիշներից է ՕՈՒՆ-ի ծավալը, որն արտացոլում է ներդրումային շուկայի բացությունը և ներդրումային միջավայրի գրավչությունը: ՀՀ վերոգրյալ ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 1-ում: 

















    Աղյուսակի տվյալներից պարզվում է, որ ՕՈՒՆ-ի զուտ հոսքերը վերջինտարիներին նվազել են, բայց դրանց տեսակարար կշիռը ակնառու փոփոխությունների չի ենթարկվել: Այդուհանդերձ, դրանք էականորեն նպաստում  են կենսամակարդակի բարձրացմանը: Բացի դրանից, վերլուծություններից պարզվում է, որ օտարերկրյա կապիտալով աշխատող ձեռնարկությունների  մրցակցային առավելություններից է ակտիվ ռազմավարության առկայությունը. այդ թվում` մարքեթինգային ոլորտը, ազգային, օտարերկրյա ֆինանսական ռեսուրսների, արդյունավետ կառավարման մեխանիզմների հասանելիությունը և այլն: Տեղին է նշել, որ նման ձեռնարկությունները նպաստում են  շուկայական ավանդույթների ձևավորման, տարածման և ձեռներեցության  կանոնների արմատավորման գործընթացներին: Մասնավորապես, խոսքը
    վերաբերում է փոխհարաբերությունների այնպիսի նորմերի ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչպիսիք են գործավարության մեջ ազնվությունն ու կարգապահությունը, պայմանագրային պարտավորությունների կատարումը, ֆիրմայի հեղինակության բարձրացումը և այլն: Սակայն պետք է նշել, որ ՕՈՒՆ-ի դինամիկ հոսքը մեքենայաբար զբաղվածության աճ չի կարող ապահովել: Շատ հաճախ այն հակառակ արդյունք է ունենում, քանի որ, որպես  կանոն, օտարերկրյա կապիտալով ֆիրմաներում բավականին խնայողաբար
    և արդյունավետ են օգտագործում աշխատանքային ռեսուրսները:
    Զբաղվածության մակարդակի նվազեցումը փոխհատուցվում է զբաղվածների որակավորման և նրանց աշխատանքի արտադրողականության  բարձրացմամբ: Այսպիսով` ՕՈՒՆ-ի շնորհիվ մեծանում է ֆիրմայի ներդրումային ակտիվությունը, աճում են շահույթի արտադրական վերաներդրման  ծավալները: Նման տնտեսավարող սուբյեկտների կարևոր բնութագրիչներից  է արտաքին շուկաներում գործարքների ակտիվության բարձր մակարդակը:
    Այսպես` օտարերկրյա կապիտալով գործող ֆիրմաների արտահանման  կողմնորոշվածությանը նպաստում են արտադրված արդյունքների բարձր  որակը և մրցունակությունը, մարքեթինգային առաջավոր մեթոդների կիրառումը և այլն: Գաղտնիք չէ, որ ներդրումային գործընթացների ակտիվացմանը մեծապես նպաստում է ՕՈՒՆ-ի ռիսկի ապահովագրման համակարգի ձևավորումը: Ներկա պայմաններում զարգացող երկրները ձգտում են մեծացնել ՕՈՒՆ-ի հոսքերը: Այդ նպատակով դիմում են մոնետարիստական քաղաքականության գործիքակազմի օգնությանը, սակայն վերջինս 20-րդ դարի ընթացքում անընդհատ փոփոխությունների է ենթարկվել: Ըստ որոշ տնտեսագետների` գործազրկության և սղաճի մակարդակների նվազումները երկու կարևոր, սակայն միմյանց հակասող երկարաժամկետ տնտեսական նպատակներ են: Զբաղվածության մակարդակի բարձրացման հիմնական եղանակը նոր աշխատատեղերի ստեղծումն է տնտեսական աճի բարձր տեմպերի պայմաններում, սակայն տնտեսական աճի բարձր տեմպերը կարող են առաջ բերել սղաճի բարձր տեմպեր:
    ՕՈՒՆ-ի ներգրավման վրա ազդող գործոնները բազմազան են` սղաճի մակարդակը, աշխատողների որակավորումը, մրցակցությունը, քաղաքական կայունությունը, մակրոտնտեսական միջավայրի կայունությունը, սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը, շուկայի բացությունը, դրա ընդլայնման ներուժը և այլն: Վերոգրյալ գործոնները կարելի է դասակարգել արտաքին և ներքին խմբերի:
    Արտաքին գործոնների շարքին է դասվում համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակը, որն արտացոլում է այս կամ այն երկրում ներդրումների այլընտրանքային ծախսերը, մասնավորապես` մակրոտնտեսական ընդհանուր պայմանները, տոկոսադրույքները, արտարժույթի փոխանակային արժեքը: Եթե արժույթի փոխարժեքը ցածր է, ապա ՕՈՒՆ-ի հոսքերը դեպի որոշակի երկիր մեծանում են, քանի որ ֆիրմաները տեղական շուկաներից արտադրության գործոններ կարող են ձեռք բերել հարաբերականորեն էժան գներով: Բացի այդ, եթե ներդրում կատարող ֆիրման արտադրված արտադրանքը վերաարտահանում է ներքին շուկա, ապա բարձր գներով վաճառում է այն` մեծացնելով շահույթը: Այսպիսով` ազգային արժույթի թուլացումը խթանում է ՕՈՒՆ-ի ներհոսքը, եթե, իհարկե, կապիտալի շարժունությունը բացարձակ չէ: Սղաճի տեմպերի կարգավորման քաղաքականությունը կարելի է դիտարկել որպես ՕՈՒՆ-ի ներգրավման ներքին բաղադրիչ, որը կապված է տվյալ երկրում վարվող դրամավարկային քաղաքականության հետ: Այս ամենի հետևանքով նվազում է սղաճի տեմպը, և մակրոտնտեսական միջավայրն ավելի կայուն է դառնում: Սղաճի տեմպերի կարգավորման քաղաքականությունը միաժամանակ միավորում է մի քանի գործոններ, որոնք տեսականորեն դրական ազդեցություն են ունենում ՕՈՒՆ-ի ներհոսքի վրա:
    Հաճախ մասնագետները հայտարարում են, որ ՀՀ զարգացման միակ ճիշտ ուղին նորամուծական մոդելների կիրառումն է: Մասնավորապես, նոր տեխնոլոգիաների և բարդ գիտատար արտադրությունների ստեղծման ու իրացման բարձր տեմպերը պետք է հիմնված լինեն զարգացած գիտական համալիրների վրա: Սակայն, մեր կարծիքով, այդ ամենով հանդերձ` բացառապես կարևոր է նորամուծական շահադրդումը, որը հնարավորություն կտա արձագանքելու շուկայում ձևավորված պահանջմունքներին: Դա ապահովվում է ոչ միայն նոր տեխնոլոգիաներով և յուրացման հնարավորություններով, այլ նաև դրանց անընդհատ կատարելագործմամբ: Տնտեսությունը կարող է նորամուծական լինել, եթե դրա բոլոր ոլորտներում տիրապետող է կոշտ մրցակցությանը դիմակայումը, նոր շուկաների հայտնաբերումն ու յուրացումը: Բացի նոր տեխնոլոգիաների յուրացումից, տնտեսությունը կարող է լինել նաև տարբերակված, ճկուն արտադրությամբ: Անկասկած, այս ամենը կախված է նաև մրցակցային իրավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ նորամուծությունն իրեն արդարացնում է, եթե թողարկվող արտադրանքի սպառումը ներքին շուկայում անընդհատ աճում է: Կան մի շարք երկրներ, որոնք գիտության բնագավառում առաջատար չեն համարվում, բայց նորամուծությունների ոլորտում բավական մեծ հաջողությունների են հասել. օրինակ` Բելգիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իսպանիան, Հարավային Կորեան, Թայվանը, Մալայզիան, որոնք ունեն համաշխարհային տնտեսությանն ինտեգրման բարձր տեմպեր: Շատ հաճախ դրանք իրենց աճի և որակի տեսակետից գերազանցում են մեծ գիտական ներուժ ունեցող երկրներին, մասնավորապես` ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և այլն: 
    Որոշ դեպքերում, նորամուծական մոդելների կիրառման իմաստով, առանձին երկրներ ձգտում են ընդօրինակել զարգացած երկրների փորձը` առանց հաշվի առնելու ազգային առանձնահատկություններն ու շուկայական բարեփոխումների ավարտման աստիճանը: Ուստի կարելի է եզրակացնել, որ սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ նորամուծական ուղղությունների սկզբունքներն ու մեխանիզմները պետք է գիտականորեն հիմնավորված լինեն ու արտացոլեն երկրի ազգային շահերը: Ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրները սերտորեն կապված են խորքային վերափոխումների հետ, որոնց արդյունքում տնտեսական համակարգն արմատապես նորացվում է: Նման երևույթները բնորոշ են աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում` ՀՀ-ին, բայց յուրաքանչյուր երկրում յուրովի են լուծվում առաջադրված խնդիրները: Որպես կանոն, բոլորի համար ընդհանուրն այն է, որ առաջացած հիմնախնդիրներն ունենում են սուր բնույթ և լուծում են պահանջում: Այս առումով, ՀՀ-ն չի կարող բացառություն կազմել: Պետք է ստեղծել զարգացման մի այնպիսի մոդել, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին:
    Զարգացման արդի փուլի առանձնահատկություններից է նաև այն, որ ամբողջ աշխարհում տնտեսական կյանքն աստիճանաբար ավելի է քաղաքականացվում: Դրա վառ ապացույցն է այն, որ շուկաներն ավելի ներազդվում են քաղաքական, քան տնտեսական գործընթացներից: Այլ կերպ ասած` քաղաքական գործոնն աստիճանաբար ավելի է միջամտում տնտեսական քաղաքականությանը, և կարող ենք նշել, որ ինչ-որ առումներով էլ խանգարում է շուկայական մրցակցությանը. օրինակ` ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից զանազան պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ի, ԻԻՀ-ի կամ այլ երկրի նկատմամբ: Վերջին հաշվով, դա կհանգեցնի անհամաչափ զարգացման, հետևաբար` կխոչընդոտի տնտեսական աճին:
    ՀՀ-ում 2017-ին իրականացված ներդրումային ծրագրերն ունեցել են ֆինանսավորման տարբեր աղբյուրներ` պետական, վարկային և դրամաշնորհային, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` 856.5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Դրանց բաշխումն ըստ ֆինանսավորման աղբյուրների կարելի է ցույց տալ գծապատկերի միջոցով. 

















    Սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը սերտորեն կապված է արտադրության գործոնների` հատկապես աշխատանքի և կապիտալի արտադրողականության բարձրացման հետ: Բնական է, որ դրա համար ներդրումներ են անհրաժեշտ` պետական և մասնավոր, ներքին և արտաքին: Դրանք պետք է դառնան տնտեսական աճի ապահովման հիմնական գրավականը: Ընդ որում, սրանք առավել կարևոր են, քան սպառման և արտահանման պահանջարկի աճն է: Այս տեսակետից կարևորվում են ներքին մասնավոր միջոցները, հետևաբար` անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք, խնայողությունների հետ միասին, կնպաստեն դրանք ներդրումների վերածելու գործընթացներին: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին բոլոր զարգացած երկրներում կայուն ձևով խնայողությունները գերազանցում են ներդրումները11: Այդ միտումը նկատվում է նաև հետխորհրդային երկրներում, ինչի մասին են վկայում նաև ներքոնշյալ աղյուսակում արտացոլված ԱՊՀ երկրների համախառն կուտակման և համախառն խնայողությունների վերաբերյալ ցուցանիշները: 


























    Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր է բյուջետային քաղաքականությունը: Բյուջետային ծախսերի օպտիմալացումը ենթադրում է ցածր արդյունավետությամբ ծախսերի կրճատմամբ և եկամուտների հնարավորություններից ելնելով` ավելացնել առավել արդյունավետություն ապահովող ծախսերը, որոնք ուղղված կլինեն ՀՀ տնտեսության զարգացմանը: Առաջին հերթին նկատի են առնվում մարդկային կապիտալում կատարվող ներդրումները: Մարդկային կապիտալը, եթե աշխատանքի շուկայի կողմից առավելագույնս պահանջված է, օգտագործվում է ամբողջությամբ: 
    Սակայն շատ հաճախ դժգոհություններ են արտահայտվում, որ աշխատանքի շուկայում չկան այս կամ այն մասնագիտությամբ որակյալ աշխատողներ: Առաջին հայացքից թվում է, թե դա առաջարկի հիմնախնդիր է և պետք է լուծվի լրացուցիչ կադրերի պատրաստման միջոցով, սակայն երևույթն իրականում այլ բացատրություն ունի: Գաղտնիք չէ, որ տնտեսության իրական հատվածում ինչ-որ պատճառներով շարունակում են գործել ցածր արդյունավետությամբ ֆիրմաներ: Ինչ խոսք, դրանք կարող են պետության համար մեծ նշանակություն ունենալ: Այս ֆիրմաները ստիպված են ցածր աշխատավարձ վճարել, որի պատճառով էլ կորցնում են իրենց որակյալ կադրերին:
    Որպես հետևանք` բարձրաձայնում են մասնագետների պակասի մասին: Նման իրավիճակներում խնդիրը վերաբերում է աշխատանքի սահմանափակ պահանջարկին: Փաստորեն, մարդկային կապիտալին առավելություն է տրվում պահանջարկի անտեսման պայմաններում, ինչն այնքան էլ ռացիոնալ չէ: Հայտնի է, որ աշխատանքի նկատմամբ պահանջարկն ածանցվում է այդ աշխատանքով արտադրվող արդյունքների նկատմամբ պահանջարկից: Բացի դրանից, աշխատանքի պահանջարկը կախված է շուկայի
    զարգացման մակարդակից. ոչ հաջողակ գործարար միջավայրում նոր ֆիրմաներ չեն ստեղծվում, իսկ գործողները չեն ընդլայնվում, բարդ արտադրանքներ չեն արտադրում: Այս ամբողջը պայմանավորում է տնտեսության պարզունակ կառուցվածքը, չեն օգտագործվում ժամանակակից բարդ ու գիտատար սարքավորումներ, տեխնոլոգիաներ: Արդյունքում` աշխատանքի պահանջարկի կառուցվածքում գերիշխող են դառնում ցածր որակավորում ունեցող աշխատողները: Եթե աշխատանքի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը, ապա մարդկային կապիտալ կուտակած երկիրը, աշխատանքի արտադրողականության տեսակետից, հետին պլան է մղվում: Սա ենթադրում է ձեռք բերված գիտելիքների և ունակությունների անարդյունավետ օգտագործում: Նորդասական դպրոցի ներկայացուցիչները միշտ էլ
    նշել են, որ առաջարկն ու պահանջարկն իրարից զատված չպետք է ուսումնասիրվեն: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի կամ տարածաշրջանի զարգացումը պայմանավորված է դրանցում գիտության և գործարարության կենտրոնացմամբ: Այլ կերպ ասած` պետք են բուհեր և գիտահետազոտական կառույցներ, ընդ որում, առաջնային դերը պատկանում է բուհերին: Դա պայմանավորված է նրանով, որ բուհերում կենտրոնացած է հավակնություններ ունեցող երիտասարդությունը, որը ձգտում է ոչ միայն գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև բարձր եկամուտներ ստանալ: Դա հենց այն հզոր խթանն է, որը հանգեցնում է գիտելիքների առևտրայնացմանը: Ներկայումս տարածված է այն տեսակետը, որ համացանցի դարաշրջանում պարտադիր չէ կապիտալի և գիտական ներուժի տարածքային համակենտրոնացումը: Մեր կարծիքով`  դա այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն, որ ռիսկային ներդրումներ կատարողները միշտ ձգտում են լինել դրանց կողքին` գործերի ընթացքին հետևելու համար:
    Դրա վառ ապացույցներից է ՏՏ ոլորտի բազմաթիվ մասնագետների Կալիֆոռնիա` Սիլիկոնյան հովիտ մեկնումը` անձամբ մասնակցելու շնորհանդեսներին. համացանցային շփումը նրանց չի բավարարում: 
    Այսպիսով` ցանկացած երկրի, այդ թվում և ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևորվում է վերը նշված գործոնների ազդեցությունը: Քննարկված գործոնները սերտորեն փոխկապված են, հետևաբար` դրանց համատեղ փոխգործակցության շնորհիվ յուրաքանչյուր հիմնախնդիր հաջողությամբ իր լուծումը կստանա: