ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Amazon-ը չվաճառված իրերը կտրամադրի բարեգործությանը
    Amazon ընկերությունը հայտարարել է Fulfillment by Amazon (FBA) Donations բարեգործական նախաձեռնության մասին։Դա թույլ կտա համապատասխան կազմակերպություններին ստանալ չվաճառված և վերադարձված ապրանքները ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պահեստներից, հայտնում է 1in.am-ը:Մենք գիտենք, որ սննդամթերքի հանձնումը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, փոխում է իրենց կյանքը և ամրապնդում տեղական համայնքները: Մենք ուրախ ենք տարածելու այս ծրագիրը մեր ծառայություններից օգտվող վաճառողների շրջանում՝ ասվում է ընկերության բլոգում:Ծրագրի լրացուցիչ նպատակը թափոնների կրճատումն է, քանի որ վաճառողներ
  • Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները
    Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երկրի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի 6-ամսյա աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ, գրում է tass.ru-ն:«Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-
  • Երևանն ամռանը դարձել է ռուսաստանցիների նախընտրելի արտասահմանյան ուղղությունը
    Երևանը 2019թ. ամառվա ընթացքում եղել է Ռուսաստանցիների կողմից արտասահման այցելության նախընտրելի վայրը: Դեպի Երևան ուղղությունների դինամիկան ավելացել է մոտ քառորդ անգամ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտնում են Туту.ру ընկերության վիճակագիրները: Ընկերության մասնագետները հետազոտության են ենթարկել 2019թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած բոլոր ավիատոմսերը և դրանք համեմատել 2018թ. ավիատոմսերի հետ:«Այս ամառվա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, այն դեպքում, երբ այս ամառը Վրաստանում անցկացնել ցանկացողների քանակը
  • Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են
    ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են ան
  • Գերմանիան պատրաստվում է ընդունել պլաստիկ տոպրակներ օգտագործելու դեմ օրենք
    Գերմանիան մտադիր է ընդունել օրենք, որը կարգելի պլաստիկից տոպրակների օգտագործումը, քանի որ առեւտրականների հետ կնքած կամավոր համաձայնագրերը բավարար չափով արդյունավետ չէին, հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սվենյա Շուլցեն, հաղորդում է Reuters-ը։ «Իմ նախարարությանը կարգելվի օգտագործել պլաստիկ տոպրակներ,-հայտարարել է Շուլցեն՝ նշելով, որ նրա նպատակն է «աղտոտող հասարակությունից» ազատվելը եւ ընդհանուր առմամբ պլաստիկի պակաս օգտագործումը»։2021 թվականից ԵՄ-ը կարգելի որոշ պլաստիկից պատրաստված ապրանքների օգտագործումը, մասնավոր
  • ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց
    Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։Այսպես՝ Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է  Ղրղ
  • ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր փուլ է մտնում. չինական յուանը գտնվում է ամենացածր մակարդակի վրա
    Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային պատերազմի ֆոնին չինական յուանը վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.7%-ով՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույնին։«Չինական յուանը գտնվում է պատմական մինիմումի վրա, ինչը կոչվում է  «արժութային մանիպուլյացիա... Սա համարվում է գլխավոր խախտում, ինչը ժամանակի ընթացքում մեծապես կթուլացնի Չինաստանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման անկումը ՉԺՀ կենտրոնական բանկը պարզաբանել է ԱՄՆ կողմից վարվող պաշտպանողական քաղաքականությամբ և չինական ապրանքների վրա սակագներ սահմ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Մարդկային կապիտալում կատարվող ներդրումների առանձնահատկությունները

    ՖԻՐՈՒԶԱ  ՄԱՅԻԼՅԱՆ
    ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոն


    Հոդվածում ներկայացվում են մարդկային կապիտալի տեսության ծագման սոցիալ-տնտեսական  նախադրյալները: Քննարկվում են մարդկային կապիտալի էության  վերաբերյալ տարբեր տնտեսագետների մոտեցումներն ու բնորոշումները: Հատկապես շեշտադրվում են մարդկային կապիտալի առանձնահատկությունները: Ըստ հեղինակի առաջ քաշած նոր մոտեցման` մարդկային կապիտալի վրա երկար ժամանակահատվածում և մակրոմակարդակում չի տարածվում նվազող հատույցի օրենքը:

    Հիմնաբառեր. մարդկային կապիտալ, ֆիզիկական կապիտալ, մարդկային կապիտալում ներդրումներ, նվազող հատույց, աճող հատույց 


    Մարդկային կապիտալի հայեցակարգի ձևավորման հիմքում կապիտալի էության վերաբերյալ ավանդական պատկերացումների վերաիմաստավորումն է: Միևնույն ժամանակ, դա տարբեր տնտեսագիտական դպրոցների ձեռքբերումների համադրությունն է: XX դարի ամերիկացի տնտեսագետ Ի.
    Ֆիշերի գաղափարներից ծնվեց, այսպես կոչված, ազգային հարստության և կապիտալի ընդլայնված մեկնաբանության հայեցակարգը, համաձայն որի կապիտալ է համարվում այն ամենը, ինչը համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
    1. որոշակի ժամանակահատվածում ապահովում է եկամտի որոշակի հոսք, ընդ որում, ցանկացած եկամուտ դիտարկվում է որպես կապիտալի որևէ տեսակի արդյունք,
    2. կարող է ձևավորվել ներդրումների արդյունքում,
    3. ունի ինքնաճելու հատկություն:
    Ելնելով վերը նշվածից` մարդկային ունակությունները, գիտելիքներն ու հմտությունները տնտեսագիտության տեսության մեջ մեկնաբանվում են որպես կապիտալի յուրահատուկ տեսակ, քանի որ`
    1. Յուրաքանչյուր անհատի անբաժան հարստությունն են:
    2. Անհատի կյանքի ընթացքում ապահովում են եկամտի հոսք: Ընդ որում, կապիտալի այս տեսակն իր տիրոջը բերում է ոչ միայն դրամական եկամուտներ, այլ նաև լուրջ ոչ դրամական օգուտներ` կյանքի որակի բարելավում, հասարակության սոցիալական կառուցվածքում որոշակի դիրք և այլն:
    3. Մարդկային ունակությունների, գիտելիքների, հմտությունների և փորձի ձևավորման համար մեծ ծախսեր են պահանջվում և՛ անհատից, և՛ ողջ հասարակությունից:
    4. Մարդկային գիտելիքները, փորձն ու հմտություններն օժտված են
    կուտակման հատկությամբ և որոշակի պաշար են ներկայացնում:
    Կապիտալի և ազգային հարստության ընդլայնված հայեցակարգի կողմնակից է նաև ամերիկացի տնտեսագետ Ջ. Քենդրիկը, որը կապիտալը բնորոշում է որպես «որոշակի ժամանակահատվածում արդյունք և եկամուտ ստեղծելու ունակություն` ներառյալ նաև եկամտի ոչ շուկայական ձևերը»:
    Նման մեկնաբանությունից ելնելով` ազգային հարստության բոլոր տարրերը, որոնք կուտակվում, օգտագործվում են արտադրության մեջ և ապահովում որոշակի եկամուտ, դիտարկվում են որպես կապիտալ: Դա, իր հերթին, թույլ է տալիս ամբողջը բաժանել երկու մասի` մարդկային կապիտալի և ոչ մարդկային կապիտալի:
    Տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեն «մարդկային կապիտալ» եզրույթի բազում բնորոշումներ: Ըստ Հ. Բոուենի` մարդկային կապիտալը բաղկացած է ձեռքբերովի գիտելիքներից, հմտություններից, էներգիայից և շահադրդումից, որոնք կարող են օգտագործվել որոշակի ժամանակահատվածում` ապրանքների և ծառայությունների արտադրության նպատակով: Է.Ջ. Դոլանը մարդկային կապիտալը բնորոշում է որպես «ֆորմալ կրթության կամ փորձի միջոցով ձեռք բերված մտավոր ունակություններ»: Լ. Թուրոուն, ամփոփելով մարդկային կապիտալի վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները, նշում է. «Մարդկային կապիտալը ապրանքներ և ծառայություններ արտադրելու մարդկային ունակություններն են»: Մարդկային ունակությունների մեջ Լ. Թուրոուն ընդգծում է գենետիկական առանձնահատկությունները, որոնք ներդրումների արդյունք չեն, սակայն մեծապես պայմանավորում են մարդկային կապիտալում կատարվող ներդրումների արդյունավետությունը: 
    Գ. Բեքերը «Մարդկային կապիտալ» աշխատության մեջ տարբերակում է «առանձնահատուկ մարդկային կապիտալ» և «ընդհանուր մարդկային կապիտալ» հասկացությունները: Առանձնահատուկ մարդկային կապիտալն ընդգրկում է վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներ և հմտություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում միայն այն կազմակերպության համար, որտեղ դրանք օգտագործվում են:
    Ռուս հեղինակներից Վ. Ն. Կոստյուկը, զարգացնելով էվոլյուցիոն տեսության հայեցակարգը, մարդկային կապիտալը բնորոշում է որպես մարդու անձնային հատկանիշներ, որոնք թույլ են տալիս նրան գործել անորոշության պայմաններում: Մարդկային կապիտալի կազմում նա առանձնացնում է ռացիոնալ և ինտուիտիվ (ներըմբռնողական) բաղադրիչները: Դրանց փոխներգործությունը մարդկային կապիտալի տիրոջը թույլ է տալիս հասնել հաջողության այնտեղ, որտեղ բավարար չէ միայն պրոֆեսիոնալիզմի և գիտելիքների բարձր մակարդակը:
    Պետք է նշել սակայն, որ մարդկային կապիտալը ոչ միայն ներդրումների արդյունքում ձեռք բերված գիտելիքների, փորձի և ունակությունների, այլև բնածին և ձեռքբերովի ունակությունների ամբողջություն է: Մարդիկ ծննդյան պահից արդեն իսկ տարբերվում են իրենց գենետիկական հատկանիշներով, որոնք շատ մեծ դեր են խաղում հետագա կյանքի ընթացքում` և՛ գիտելիքների ձեռքբերման, և՛ դրանց օգտագործման տեսանկյունից: Վերջին տարիներին հոգեբանների կատարած հետազոտությունները վկայում են, որ «....մտավոր ներուժը, ինչպես և գրեթե բոլոր անձնային հատկանիշները հիմնականում ժառանգվում են: Ընդ որում, ինտելեկտն ունի պոլիգեն հատկություն, այսինքն` պայմանավորված է մի քանի գեների համախմբով»: Մտավոր ներուժի ժառանգման փաստն առաջին անգամ նկատեց Ֆրենսիս Գալտոնը 1869 թ. «Տաղանդի ժառանգականությունը, դրա օրենքներն ու հետևանքները» հիմնարար աշխատության մեջ: Իհարկե, դա չի նշանակում, թե ներդրումները մարդկային կապիտալում կարևոր դեր չեն խաղում անհատի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և այլնի զարգացման համար:
    Առանց համապատասխան ներդրումների` անգամ գենետիկ լավ հատկանիշներով օժտված անձինք չեն կարող կատարելագործել և զարգացնել իրենց ունակությունները: Պարզապես խնդիրն այն է, որ անհատի բնածին հատկանիշները անհրաժեշտ է դիտարկել որպես մարդկային կապիտալի կարևոր տարր: Բնածին հատկանիշները (առողջություն, ինտելեկտ, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններ) այն հենքն են, որի վրա կառուցվում, ձևավորվում և իրացվում է մարդկային կապիտալը: Այլ կերպ ասած` մարդու բնածին հատկանիշները մեծ ազդեցություն են ունենում մարդկային կապիտալում կատարված ներդրումներից ստացվող հատույցի մակարդակի վրա:
    Մարդկային կապիտալում կատարվող ներդրումներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցով տարբերվում են ներդրումների այլ տեսակներից: Դրանք են` 
    1. Մարդկային կապիտալում կատարվող ներդրումներից ստացվող հատույցը անմիջականորեն կախված է նրա տիրոջ կյանքի տևողությունից և այն ժամանակահատվածից, որի ընթացքում կատարվում են այդ ներդրումները: Որքան վաղ տարիքին են վերաբերում այդ ներդրումները, այնքան ավելի երկար ժամանակահատվածում են դրանք ապահովում հատույց:
    2. Մարդկային կապիտալը ենթարկվում է ֆիզիկական և բարոյական մաշվածության: Բայց, միևնույն ժամանակ, ի տարբերություն ֆիզիկական կապիտալի, մարդկային կապիտալը օգտագործման ընթացքում կուտակվելու և ինքնաճելու հատկություն ունի: Մարդկային կապիտալի ֆիզիկական մաշվածությունը պայմանավորված է օրգանիզմի բնական մաշվածությամբ, իսկ բարոյական մաշվածությունը` գիտելիքների հնացմամբ: Մարդկային կապիտալի կուտակումն իրականացվում է աշխատողի ուսուցման, պարբերական վերապատրաստման և փորձի ձեռքբերման ընթացքում, այսինքն` որոշակի ժամանակահատվածում, համընկնում է մարդկային կապիտալի օգտագործման հետ: Փաստորեն, օգտագործման ընթացքն ինքնին ապահովում է մարդկային կապիտալի կուտակում` փորձի ձեռքբերման ճանապարհով: 
    Նույնը չի կարելի ասել կապիտալի այլ տեսակների մասին: 
    3. Մարդկային կապիտալի կուտակմանը զուգընթաց նրա եկամտաբերությունն աճում է մինչև որոշակի սահման (ակտիվ աշխատանքային գործունեության վերին տարիքային սահման), որից հետո կտրուկ նվազում է: Այսինքն` սկսում է գործել նվազող սահմանային հատույցի օրենքը: Բայց նշված օրինաչափությունը բնորոշ է միայն միկրոմակարդակում մարդկային կապիտալում կատարված ներդրումներին, երբ որպես ներդրման օբյեկտ են դիտարկվում առանձին մարդիկ: Եթե մակրոմակարդակում քննարկենք մարդկային կապիտալում կատարվող ներդրումները, ապա կտեսնենք, որ դրանց վրա չի տարածվում նվազող սահմանային հատույցի օրենքը: Բանն այն է, որ մարդկային կապիտալն անընդհատ վերարտադրվում է, այսինքն` ապահովվում է սերնդափոխության կանոնավոր գործընթացը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ մակրոմասշտաբով մարդկային կապիտալը չի ենթարկվում ֆիզիկական մաշվածության (կամ աննշան է մաշվում), և մարդկային կապիտալում կատարվող ամբողջական ներդրումներն ապահովում են աճող, այլ ոչ թե նվազող հատույց: Վերջին տասնամյակների փորձառական հետազոտությունների արդյունքները (Մ. Թոդարո, Փ. Ռոմեր, Ի. Բենհաբիբ, Մ. Շպիգել, Ռ. Նելսոն, Է. Ֆելպս, Գ. Բարո, Հ. Սելա, Գ. Մարտին և այլք) վկայում են այն մասին, որ տնտեսական աճի մոդելների փորձարկման ժամանակ գործնականում դրսևորվում է մասշտաբից կայուն կամ աճող հատույց: Այսպես` Մ. Թոդարոն նշում է, որ ամբողջ տնտեսության մասշտաբով աճի էնդոգեն մոդելների փորձարկումը հերքում է նվազող հատույցի օրենքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մակրոմակարդակում գործում է կապիտալի աճող հատույցը: Փ. Ռոմերը նույնպես չի բացառում, որ ագրեգացված արտադրական գործառույթը կարող է դրսևորել մասշտաբից աճող հատույց: Բայց դա հնարավոր է միայն գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում: Նշված հետազոտությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ աճող հատույցը պայմանավորված է ոչ թե ֆիզիկական, այլ մարդկային կապիտալի աճող հատույցով: Պարզապես` մարդկային կապիտալի աճող հատույցը հնարավոր է միայն ողջ տնտեսության ծավալով և երկար ժամանակահատվածի առումով: Բանն այն է, որ մարդկային կապիտալը օգտագործման ընթացքում ոչ միայն ինքնաճում, կատարելագործվում, այլ նաև փոխանցվում է փորձի փոխանակման, վերապատրաստման և այլնի ձևով: Այսինքն` ապահովվում են լուրջ դրական էքստերնալներ (արտաքին էֆեկտներ): Մարդկային կապիտալի աճող հատույցը ապահովվում է նոր գիտելիքների համադրման, կուտակման, ներդրման և փոխանցման մեխանիզմների միջոցով: Բայց նշված օրինաչափության դրսևորման համար անհրաժեշտ է գիտելիքների կուտակում որոշակի «կրիտիկական» սահմանի վրա, որն ապահովում է տնտեսության թռիչքաձև զարգացում: Կարծում ենք` հենց դրանով էլ բացատրվում է աճող հատույցի փաստը` տնտեսական աճի մոդելների փորձարկման ժամանակ: Ն. Դ. Կոնդրատևը իր «Տնտեսական դինամիկայի հիմնախնդիրները» աշխատության մեջ նշում է. «Ընդհանուր աճը և զարգացումն անշրջելի են, քանի որ դրանց հիմքում գիտելիքի կուտակման անընդհատ գործընթացն է, որի վրա որևէ տնտեսական իրադրություն էական ազդեցություն չի թողնում: Ընդհակառակը` գիտելիքի կուտակման ինտենսիվությունը պայմանավորում է տնտեսական կոնյունկտուրան` լուծելով տնտեսության զարգացման փուլերի հիմնախնդիրները, ապահովելով, որ տնտեսությունը երբեք մեկ անգամից ավելի չլինի միևնույն մակարդակում կամ փուլում»: Եվ, այս համատեքստում, առաջարկում ենք այն գաղափարը, որ տնտեսության պարուրաձև զարգացման հիմքում հենց մարդկային կապիտալի աճող հատույցի ֆենոմենն է: Եթե միավորենք առանձին անհատների մարդկային կապիտալում կատարված ներդրումները և դրանցից ստացվող եկամուտները, ապա, երկրի մասշտաբով, կստանանք մարդկային կապիտալ ներդրումներից եկամտի կախվածության ֆունկցիա, որն, ըստ էության, կարտահայտի աճող հատույց: Ընդ որում, այդ աճող հատույցի կորը կարող է ունենալ խզումներ` պայմանավորված գիտելիքների կուտակմամբ, որոնք, հասնելով որոշակի կրիտիկական սահմանի, հանգեցնում են գիտատեխնիկական հեղափոխությունների: Նշենք, որ երբեմն խզումներ կարող են առաջանալ նաև միկրոմակարդակում, երբ էական տարբերություն է առաջանում մարդկային կապիտալում կատարված ներդրումների և դրանցից ստացվող հատույցի միջև: Այսպես` Վան Գոգի, Գոգենի մարդկային կապիտալից ստացվող հատույցը նրանց կյանքի ընթացքում եղել է շատ շնչին (չեն կարողացել վաճառել իրենց կտավները): Այս համատեքստում մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտելիքի կուտակման և դրա` գիտական հեղափոխության վերածման գործընթացի կորը` տնտեսական մեծ պարբերաշրջանների կորի համադրմամբ: Այս հայեցակարգի շրջանակներում ենթադրվում է, որ տեխնոլոգիական տնտեսական հայտնագործությունների, արտադրության նոր մեթոդների ներդրման համար որպես հիմք են ծառայում գիտելիքի վճռորոշ զանգվածի ստեղծումը (գիտություն), տարածումը (կրթություն) և արդյունավետ կիրառումը: Եթե տնտեսական կոնյունկտուրայի մեծ պարբերաշրջանների ավարտից հետո սկսվում է ավելի բարձր մակարդակի պարբերաշրջան, բայց նվազում են անվերարտադրելի ռեսուրսները, ապա գիտելիքի ռեսուրսները, ընդհակառակը, մեծանում են: Նախորդ ժամանակահատվածի գիտելիքը ստանում է նոր կիրառություն և նպաստում նոր գիտելիքների համադրությանը: Գիտելիքների արդյունավետ կիրառության համար անհրաժեշտ է լուրջ ներդրումներ կատարել մարդկային կապիտալում` համապատասխանեցնել կրթական ամբողջ համակարգը նոր պահանջներին, ապահովել մարդկային կապիտալում ներդրումների խթանները (ընտանիքի, կազմակերպության մակարդակով), ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ մարդկային կապիտալի արդյունավետ իրացման համար: Այս շղթայի որևէ բաղադրիչի անտեսումը կարող է խախտել նոր գիտելիքների մշակման գործընթացը: Այս գործընթացների արդյունավետությունը, ըստ էության, ապահովում է մարդկային կապիտալից աճող հատույց, քանի որ հենց մարդկային կապիտալն է գիտելիք ստեղծողը, տարածողը և ներդնողը:
    4. Մարդկային կապիտալի ձևավորման գործընթացում առաջանում է սիներգետիկ փոխներգործության էֆեկտ, երբ ուսման ընթացքում որակապես բարելավվում են ոչ միայն ուսումնառողի մտավոր ունակությունները, այլ նաև ուսուցանողինը:
    5. Մարդկային կապիտալում կատարվող ներդրումների բնույթի և տեսակների վրա էական ազդեցություն են թողնում երկրի պատմական, ազգային, մշակութային առանձնահատկություններն ու ավանդույթները: Այսպես` երեխաների կողմից մասնագիտության ընտրությունը, կրթություն ստանալու ցանկությունը մեծապես պայմանավորված են կրոնական, էթիկական պատկերացումներով, ընտանեկան ավանդույթներով, ծնողների կրթական մակարդակով և այլն:
    6. Մարդկային կապիտալում կատարվող ներդրումները, կապիտալի մյուս տեսակների համեմատությամբ, առավել արդյունավետ են և՛ անհատի, և՛ ողջ հասարակության տեսանկյունից: Այսինքն` մարդկային կապիտալից ստացվող հատույցի նորման գերազանցում է ֆիզիկական կապիտալից ստացվող հատույցի նորման:
    7. Եթե ֆիզիկական կապիտալում կատարվող ներդրումները պայմանավորված են միայն տնտեսական խթաններով, ապա մարդկային կապիտալում կատարվողներն իրականացվում են ոչ միայն տնտեսական խթանների ազդեցությամբ: Դրանք պայմանավորված են ինքնազարգացման ձգտմամբ, ինքնապաշտպանության բնազդով, հոգեբանական և սոցիալական այլ պահանջմունքներով: