ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև
  • ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար
    ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդի
  • Համաշխարհային տնտեսական աճը պետք է վերականգնվի 2021թ․ ԱՄՀ
    Կորոնավիրուսի համավարակը 2020թ․ գլոբալ հետընթաց կառաջացնի, որն ավելի վատ կլինի, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, սակայն համաշխարհային տնտեսական աճը կվերականգնվի 2021թ․, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ԱՄՀ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան ողջունել է արտակարգ ֆինանսական միջոցները, որոնք առողջապահության համակարգի ամրապնդման եւ ընկերություններին ու աշխատակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականությունը պարզեցնելու համար արդեն նախաձեռնվել են շատ երկրների կողմից։ Նա նշել է, որ կպահանջվեն լ
  • ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետեւանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների
  • Կորոնավիրուսի պատճառով տնտեսության խափանումը կհանգեցնի գլոբալ հետընթացի․ S&P Global
    S&P Global վարկանշային գործակալությունը նախազգուշացրել է, որ տնտեսության մեջ անսպասելի խափանումը, որը կառաջանա կորոնավիրուսի զսպան պատճառով, այս տարի կհանգեցնի գլոբալ հետընթացի եւ առաջիկա 12 ամիսներին կարող է հանգեցնել ԱՄՆ-ում կորպորատիվ դեֆոլտների մակադակի 10 տոկոս աճի, հայտնում է Reuters-ը։S&P Global-ի կարծիքով՝ դրամական հոսքերի անկումը եւ ֆինանսավորման կոշտ պայմանները, ի լրումն նավթի գների անկման, հարված կհասցնեն վարկունակությանը։  «Այս թվերը, հավանաբար, կհանգեցնեն դեֆոլտների կտրուկ աճի, ընդ որում՝ ԱՄՆ-ում ոչ ֆինանսական ընկերությունների դեֆ
  • ԵԱՏՄ տարածք բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
    Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս:Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկակա
  • Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը․ Կենտրոնական բանկ
    Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը․«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի հա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Լոգիստիկ ծառայությունների աութսորինգ. միջազգային միտումներ

    ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ
    ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ
    ԱՆՆԱ ՓԱԽԼՅԱՆ
    ՀՊՏՀ որակի ապահովման բաժին 


    Համընդհանուր մրցակցության սրումը, աշխարհաքաղաքական մարտահրավերները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների անհավասարաչափ բաշխումը լուրջ մարտահրավերներ են ստեղծում համաշխարհային տնտեսության  համար՝ մատնանշելով արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը: Լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը նպաստում է առևտրի ընդլայնմանը, արտահանման բազմազանեցմանը, հետևապես՝ տնտեսական աճի ապահովմանը:
    Ներկայիս համաշխարհային զարգացումները հանգեցրել են լոգիստիկ գործընթացներում աութսորսինգի կիրառման ծավալների աճին: Ընդ որում, աութսորսինգային ծառայությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվում են երրորդ կողմին պատվիրակվող գործառույթները՝ ընդգրկելով համալիր տրանսպորտային լոգիստիկայի գործընթացների իրականացումից, մատակարարումների շղթայի նախագծման և պլանավորման աշխատանքներից մինչև պատվիրատու ընկերությունում լոգիստիկ բնույթի գործարար գործընթացների համալիր կառավարումը: Միևնույն ժամանակ, մատակարարման շուկաների և ծավալների ընդլայնմամբ որոշ մասնագիտացված ծառայություններ հնարավոր չէ կամ տնտեսապես նպատակահարմար չէ իրականացնել ապրանքատիրոջ կամ բեռնատիրոջ սեփական ուժերով, ուստի նման ծառայությունները վերածվում են մասնագիտացված աութսորսինգային ընկերությունների հիմնական գործառույթների: 

    Հիմնաբառեր. լոգիստիկ ծառայություններ, լոգիստիկ արդյունավետության համաթիվ, աութսորսինգ, լոգիստիկ միջնորդ, երրորդ կողմի լոգիստիկա, համաշխարհային եկամուտներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ

    Աշխարհաքաղաքական մարտահրավերները, համընդգրկուն մրցակցության սրումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների անհավասարաչափ բաշխումն ըստ տարածաշրջանների և տրանսպորտի տեսակների լուրջ մարտահրավերներ են ստեղծում համաշխարհային տնտեսության համար: Բեռնափոխադրումների և տարանցման հետ կապված ծախսերը խոչընդոտում են միջազգային առևտրում երկրների առավել ընդգրկուն մասնակցությանը` մատնանշելով արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:Միևնույն ժամանակ, տրանսպորտային մեծ ծախսերը խաթարում են զարգացող երկրների մրցունակությունը համաշխարհային շուկայում, ինչպես նաև այդ երկրների` առավել ցածր ինքնարժեքով ապրանքներ արտադրելու հնարավորությունները: Այսպիսով` հույժ կարևորվում է արդյունավետ լոգիստիկ լուծումների շնորհիվ արտադրության ծախսերի կրճատումը: Արդյունքում տարեցտարի ավելանում են լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի համաշխարհային ծավալները:
    Միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 21.38%-ը, ընդ որում, այդ ցուցանիշն էապես տարբերվում է ըստ տնտեսության առանձին ոլորտների: Լոգիստիկ ծառայությունների որակն ու արդյունավետությունը նշանակալիորեն տարբերվում են նաև ըստ առանձին երկրների ու տարածաշրջանների: Այսպես օրինակ` Համաշխարհային բանկի ուսումնասիրություններից մեկի համաձայն, բամբակով բեռնված 20 ոտնաչափ երկարությամբ ստանդարտ բեռնարկղը (կոնտեյներ) Ղազախստանից արտահանելու համար պահանջվում է 93 օր, Մալիից` 67 օր, մինչդեռ նույն բեռնարկղը Շվեդիայից արտահանվում է ընդամենը 6 օրում: Նմանօրինակ ծայրահեղ անհամաչափություններ կան նաև արտահանման ծախսերի մասով:
    Սկսած 2007 թվականից` Համաշխարհային բանկը հաշվարկում է լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը` կիրառելով լոգիստիկ արդյունավետության համաթիվը: Լոգիստիկ արդյունավետության համաթիվը (Logistics Performance Index − LPI) լոգիստիկայի արդյունավետության բազ-
    մագործոն գնահատման հիման վրա համեմատում է աշխարհի 160 երկրներում արտաքին առևտրի սպասարկման լոգիստիկ հնարավորությունները և դրանք գնահատում 1-ից (վատագույն ցուցանիշ) 5 (լավագույն ցուցանիշ) սանդղակով: 
    Լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը կենսական նշանակություն ունի առևտրի և տնտեսական աճի համար: Միջազգային առևտրում երկրի մասնակցության հնարավորությունը պայմանավորված է վերջինիս առևտրականների համար բեռնափոխադրումների և լոգիստիկայի գլոբալ ցանցերի հասանելիությամբ: Գլոբալ լոգիստիկ ցանցին միանալու հնարավորությունները կախված են երկրի ենթակառուցվածքներից, ծառայությունների շուկայից և առևտրային ընթացակարգերից: Միևնույն ժամանակ, մատակարարումների շղթայի արդյունավետությունը (արժեք, ժամանակ և հուսալիություն) կախված է հայրենական տնտեսության լոգիստիկ համակարգի առանձնահատկություններից: Լոգիստիկայի ընդհանուր արդյունավետության և առևտրի ընթացակարգերի պարզեցման լավագույն ցուցանիշները սերտորեն կապված են առևտրի ընդլայնման, արտահանման բազմազանեցման, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար գրավչության և տնտեսական աճի հետ:
    LPI համաթիվը ներառում է վեց բաղադրիչ. 
    1. Սահմանային, այդ թվում` մաքսային վերահսկողության մարմինների
    կողմից իրականացվող մաքսային ընթացակարգերի արդյունավետություն (ձևականությունների արագություն, պարզություն և կանխատեսելիություն):
    Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մասնագետների հաշվարկների` ոչ արդյունավետ մաքսային ընթացակարգերի հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերը տատանվում են փոխադրվող ապրանքների արժեքի 2-15%-ի սահմաններում: Միաժամանակ, առավել բարենպաստ մաքսային ընթացակարգերից ստացվող օգուտները (բարեկեցության բարձրացման տեսանկյունից) մեծ մասամբ համադրելի են մաքսատուրքերի կրճատումից ակնկալվող օգուտների հետ:
    2. Առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների որակ (նավահանգիստներ, երկաթգծեր, ավտոմայրուղիներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ):
    Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը հաճախ դիտարկվում է որպես ազգային տնտեսության մրցունակության գրավական: Զարգացած ենթակառուցվածքները նվազեցնում են առանձին երկրների միջև հեռավորության ազդեցությունը, տրանսպորտային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքային ցանցերի որակն ու արդիականությունն էապես ազդում են տնտեսական աճի վրա:
    3. Մրցունակ սակագներով փոխադրումների կազմակերպման դյուրինություն:
    4. Լոգիստիկ ծառայությունների իրավասություն և որակ (տրանսպորտային օպերատորներ, մաքսային բրոքերներ):
    5. Բեռների շարժին հետևելու և վերահսկելու հնարավորություն:
    6. Բեռները ստացողին հասնելու ժամանակահատված:
    Գծապատկեր 1-ում ներկայացված են լոգիստիկ արդյունավետության
    համաթվերն ու դրանց բաղադրիչները Գերմանիայում, Հայաստանում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդ որում, Համաշխարհային բանկի գնահատականներով, Գերմանիան 2016 թվականի LPI համաթվով գլխավորում է երկրների դասակարգման աղյուսակը, իսկ եզրափակում է այն Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Ներկայացված տվյալների համաձայն` Գերմանիայում լոգիստիկ արդյունավետության համաթվի ներկայիս մակարդակը զսպվում է մաքսային ընթացակարգերի արդյունավետության և մրցունակ սակագներով փոխադրումների կազմակերպման հետ կապված որոշ խնդիրների առկայության պատճառով: Լոգիստիկ արդյունավետության բարձր մակարդակով Գերմանիային հետևում են Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդներն ու Սինգապուրը: 
































    Հայաստանում, որը 2016 թվականի LPI համաթվով երկրների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 141-րդ տեղը, լոգիստիկ արդյունավետության համաթվի 6 բաղկացուցիչներից առավել խոցելի են մաքսային ընթացակարգերի համեմատաբար ցածր արդյունավետությունը (որի համար LPI համաթվի համապատասխան բաղադրիչը կազմել է 1.95) և բեռների շարժին հետևելու ու վերահսկելու սահմանափակ հնարավորությունները (LPI համաթվի համապատասխան բաղադրիչը = 2.02):
    Հատկանշական է, որ 2016 թվականին Հայաստանը գրանցել է լոգիստիկ արդյունավետության համաթվի վատագույն ցուցանիշը, և դա այն դեպքում, երբ LPI համաթվով նախորդ` 2014 թվականի դասակարգմամբ երկիրն արձանագրել էր մինչ այդ իր լավագույն ցուցանիշը. 2014 թվականին Հայաստանը LPI համաթվի 2.67 արժեքով զբաղեցրել է 92-րդ տեղն աշխարհի 160 երկրների ցանկում: Փաստացիորեն, ընդամենը երկու տարվա ընթացքում մեր երկիրն իր լավագույն ցուցանիշից կտրուկ անցում է կատարել վատագույն ցուցանիշին, ինչի պատճառները, մեր կարծիքով, հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն:
    Մինչ այդ` 2012 թվականին ՀՀ լոգիստիկ արդյունավետության համաթիվը կազմել է 2.56 միավոր` երկրին ապահովելով 100-րդ տեղը դասակարգման աղյուսակում, 2010 թվականին արձանագրվել է 2.52 միավոր (111-րդ տեղը), իսկ 2007 թվականին` 2.14 միավոր (131-րդ տեղը):
    2016 թվականի ցուցանիշներով լոգիստիկ արդյունավետության առավել ցածր մակարդակում հայտնված Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատկապես խնդրահարույց են մաքսային ընթացակարգերի արդյունավետությունը, ապրանքային և տրանսպորտային ենթակառուցվածքների որակը, մրցունակ սակագներով փոխադրումների կազմակերպումը, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների իրավասությունն ու որակը:
    Լոգիստիկ արդյունավետության հետ կապված խնդիրներն առավել ցայտուն են դրսևորվում հատկապես ծովային ելք չունեցող և փոքր կղզիների վրա տեղակայված զարգացող երկրներում:
    Հաշվի առնելով լոգիստիկ գործընթացների հետ կապված խնդիրների տարածվածությունը և դրանց լուծման բարդությունը` վերջին շրջանում աշխարհում առավել մեծ տարածում է գտել լոգիստիկ գործառույթների պատվիրակումը մասնագիտացված աութսորսինգային ընկերություններին: Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգն արտահանող կամ ներմուծող կազմակերպության կողմից որոշակի գործառույթների հանձնումն է համապատասխան բնագավառում մասնագիտացած մեկ այլ ընկերության սպասարկմանը, այլ կերպ ասած` այն լոգիստիկ ծառայությունների (ապրանքների առաքման, պահեստավորման, փաստաթղթերի նախապատրաստման, մաքսային ձևակերպումների իրականացման և այլ գործընթացների) ձեռքբերումն է երրորդ կողմից: Լոգիստիկ աութսորսինգի նպատակն ընկերության ծախսերի կրճատումն է ապրանքների մատակարարման շղթայի առանձին հատվածներում մասնագիտացված լոգիստիկ օպերատորների ներգրավմամբ: Միջազգային տնտեսական հարաբերություններում լոգիստիկ ծառայությունների աութսորսինգն արտահայտվում է 3PL (Third Party Logistics` երրորդ կողմի լոգիստիկա կամ լոգիստիկ միջնորդ) տերմինով:
    Արտադրող կամ առևտրային ընկերության համար լոգիստիկ միջնորդներ են հանդիսանում փոխադրողները, առաքիչները (տրանսպորտաառաքչական ընկերություններ), բեռնային համալիրները, ընդհանուր օգտագործման պահեստները և հիմնական լոգիստիկ գործառույթներ կամ համալիր լոգիստիկ ծառայություններ իրականացնող այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: Ապահովագրական ընկերությունները, մաքսային միջնորդները, բանկերն ու այլ ֆինանսական հաստատություններ, որոնք իրականացնում են լոգիստիկ գործընթացների վճարահաշվարկային սպասարկում, հիմնականում դասվում են օժանդակ լոգիստիկ միջնորդների թվին: Խոշոր միջազգային տրանսպորտաառաքչական ընկերությունները և բեռների արագ առաքման սուրհանդակային ծառայությունները (օրինակ` TNT, DHL, Shenker / BTL, UPS, Federal Express (FedEx) և այլն) կոչվում են լոգիստիկ օպերատորներ կամ լոգիստիկ ծառայություններ մատուցողներ: Մի քանի տասնամյակ առաջ «լոգիստիկա» եզրույթը քչերին էր ծանոթ, իսկ այսօր համաշխարհային շուկայում արագորեն ընդլայնվում են երրորդ, չորրորդ և նույնիսկ հինգերորդ սերնդի լոգիստիկ ծառայությունները: Միաժամանակ, միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում լայնորեն կիրառվել և մինչ օրս կիրառվում են առաջին (1PL - First-Party Logistics) և երկրորդ (2PL - Second-Party Logistics) մակարդակի լոգիստիկ ծառայությունները:
    1PL-լոգիստիկան կամ առաջին կողմի լոգիստիկան բոլոր լոգիստիկ գործընթացների ինքնուրույն և միակողմանի իրականացումն է ապրանք արտադրողի կամ բեռնատիրոջ կողմից սեփական տրանսպորտային միջոցների և պահեստային տարածքների կիրառմամբ: Դա կարելի է բնորոշել նաև որպես ինքնավար լոգիստիկա կամ լոգիստիկ ինսորսինգ (Logistic Insourcing):
    2PL-լոգիստիկան` երկրորդ կողմի լոգիստիկան կամ մասնակի լոգիստիկ աութսորսինգը բեռնատիրոջ կողմից կապալառուների ներգրավումն է ավանդական լոգիստիկ գործընթացների իրականացման համար, ինչպես օրինակ` փոխադրողների ծառայություններից օգտվելը, պահեստային տարածքների վարձակալումը, մաքսային միջնորդի ծառայությունից օգտվելը և այլն: Այս դեպքում բեռնատերն ինքն է իրականացնում լոգիստիկ գործառույթների մի մասը` պլանավորում, լոգիստիկ շղթայի կազմում, սակայն սեփական տրանսպորտային միջոցների կամ պահեստային տարածքների բացակայության պատճառով օգտվում է այլ ընկերությունների ծառայություններից:
    3PL-լոգիստիկայի կամ համալիր լոգիստիկ աութսորսինգի դեպքում գործ ունենք լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր իրականացնող ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ սեփական ավտոպարկեր, տերմինալներ և պահեստային համալիրներ կամ դրանք վարձակալել ենթակապալառուներից` ձգտելով առավելագույնս պահպանել մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու մատչելիությունը: Երրորդ սերնդի լոգիստիկան ներառում է նաև ապրանքների բեռնման, բեռնաթափման և բեռների մշակման աշխատանքները: Այն ենթադրում է լոգիստիկ աութսորսինգի այնպիսի մակարդակ, որի դեպքում բեռնատերն այլևս ինքնուրույն չի զբաղվում արտաքին լոգիստիկ խնդիրներով` դրանք պատվիրակելով մասնագիտացված լոգիստիկ ընկերություններին: 3PL-լոգիստիկ ծառայությունները սկսեցին իրականացվել »Խառը փոխադրումների մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի« (1980 թ.) ընդունումից հետո: 4PL-լոգիստիկան` չորրորդ մակարդակի լոգիստիկան կամ ինտեգրված լոգիստիկ աութսորսինգը ենթադրում է աութսորսինգի այնպիսի մակարդակ, որի դեպքում արտադրողն աութսորսինգային ծառայություն մատուցող (աութսորսեր) ընկերությանը ներգրավում է ոչ միայն համալիր տրանսպորտային լոգիստիկայի գործառույթների իրականացման գործում, այլև նրան է փոխանցում մատակարարումների շղթայի նախագծման և պլանավորման խնդիրները, ինչպես նաև ընկերությունում լոգիստիկ բնույթի գործարար գործընթացների կառավարումը: Աութսորսինգային ընկերությունն այս դեպքում ձեռնարկության գործունեության ողջ լոգիստիկ շղթայի կազմակերպիչն  է` համադրելով խորհրդատվական ընկերության, լոգիստիկ բնույթի գործարար գործընթացների կառավարչի և երրորդ մակարդակի լոգիստիկ ծառայություններ (3PL) մատուցող ընկերության գործառույթները:
    Հինգերորդ մակարդակի` 5PL լոգիստիկ աութսորսինգային ծառայություն («վիրտուալ» լոգիստիկա) մատուցող ընկերությունն ապահովում է ծառայությունների ողջ համալիրը` ի հաշիվ համընդգրկուն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Նմանատիպ «վիրտուալ» լոգիստիկ ընկերությունը տիրապետում է լոգիստիկ ծառայությունների համաշխարհային շուկայի մասնակիցների և նրանց հնարավորությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, օժտված է բարձր տեխնոլոգիական ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս մշակել ամենաարդյունավետ լոգիստիկ շղթաները: Ընդ որում, նման աութսորսինգային ընկերությունը կարող է և չունենալ փոխադրումների կազմակերպման գործընթացում անմիջականորեն կիրառվող սեփական նյութական, ֆինանսական, աշխատանքային և այլ ռեսուրսներ:
    Այսպիսով` կարող ենք առանձնացնել լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի կիրառման մի շարք առավելություններ, մասնավորապես.
    - Լոգիստիկ աութսորսինգի կիրառման դեպքում անհրաժեշտություն չկա հսկայական ֆինանսական միջոցներ ծախսել սեփական տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման համար:
    - Կարիք չկա լոգիստիկ գործընթացի առանձին փուլերի կազմակերպումը պատվիրել տարբեր կապալառուների: Միակ կապալառուի աշխատանքն առավել հեշտ է վերահսկելը:
    - Երաշխավորվում է աշխատանքների իրականացման որակը, ինչը գրեթե անհնար է տարբեր ընկերությունների կողմից առանձին ծառայությունների մատուցման դեպքում:
    - Կրճատվում է լոգիստիկ գործընթացների իրականացման ժամանակը:
    - Աութսորսինգային ընկերությունը, ի տարբերություն պատվիրատուի ներքին լոգիստիկ ծառայության, առավել մոտիվացված է աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում, քանի որ տրամադրում է իրավական երաշխիք և ֆինանսական պատասխանատվություն է կրում իրականացվող աշխատանքի որակի և օպերատիվության համար:
    - Ի վերջո, լոգիստիկ գործընթացների իրականացումն աութսորսինգային ընկերությանը պատվիրակելու արդյունքում մարդկային, ժամանակային և ֆինանսական ազատված ռեսուրսները կարող են ուղղվել պատվիրատուի գործունեության հիմնական ուղղությունների զարգացմանը:
    Ուսումնասիրությունների համաձայն` 2015 թվականին լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի համաշխարհային ծավալները գնահատվել են շուրջ 751.3 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով մոտ 4%-ով, և սա այն դեպքում, երբ նախորդող տարիներին լոգիստիկ աութսորսինգի համաշխարհային ծավալներն անընդհատ աճի միտում են դրսևորել, ինչը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսական ակտիվության աճի և լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի ընդլայնման
    տեմպերով:
    Լոգիստիկ միջնորդների (3PL) 2013−2015 թթ. համաշխարհային եկամուտները ներկայացված են աղյուսակ 1-ում: 2013 թվականի տվյալների համաձայն` լոգիստիկ աութսորսինգի համաշխարհային եկամուտները կազմել են 705 մլրդ ԱՄՆ դոլար: 2014 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 750 մլրդ ԱՄՆ դոլարը` ապահովելով տարեկան 6.5% աճ: Սակայն 2015 թվականին լոգիստիկ աութսորսինգի համաշխարհային շուկայում գոյացել է ընդամենը 721 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ. նման անկումը պայմանավորված էր լոգիստիկ աութսորսինգի համաշխարհային շուկայում եվրոպական և հարավամերիկյան ընկերությունների դիրքերի թուլացմամբ:




















    Համաշխարհային լոգիստիկ եկամուտներում ամենաբարձր մասնաբաժինը 2013−2015 թթ. (255.6 մլրդ ԱՄՆ դոլար կամ համաշխարհային եկամուտների 36.3%-ը` 2013 թվականին, 269.6 մլրդ ԱՄՆ դոլար կամ համաշխարհային եկամուտների 35.9%-ը` 2014 թվականին, 276.9 մլրդ ԱՄՆ դոլար կամ համաշխարհային եկամուտների 38.4%-ը` 2015 թվականին) բաժին է ընկնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որի կազմում ԵԱՏՄ անդամ երկրներից ընդգրկվում է միայն Ռուսաստանը: Դիտարկվող տարածաշրջաններից Եվրոպայում (-11.4%) և Հարավային Ամերիկայում (-15.8%) 2015 թվականին դիտվել է լոգիստիկ միջնորդների եկամուտների անկում, սակայն, ի տարբերություն Եվրոպայի, Հարավային Ամերիկայում 2006−2015 թթ. լոգիստիկ եկամուտների` բարդ տոկոսներով հաշվարկված միջին տարեկան աճի տեմպը (բաղադրյալ աճի միջին տարեկան տեմպը) դրական է` +5.2%, ինչը վկայում է տարածաշրջանում լոգիստիկ աութսորսինգի ծավալների ընդլայնման հնարավորությունների մասին: Միևնույն ժամանակ, 2015 թվականին լոգիստիկ եկամուտների կտրուկ` −16.8%-ի հասնող անկում է նկատվել նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում` Աֆրիկայում և Օվկիանիայում, սակայն բաղադրյալ աճի միջին տարեկան տեմպն այդ տարածաշրջանում 2006−2015 թթ. ամենաբարձրն է` +10.2%, ինչը նշանակում է, որ այստեղ առկա է լոգիստիկ ծառայությունների աութսորսինգի ընդլայնման առավել մեծ ներուժ:
    Բաղադրյալ աճի միջին տարեկան տեմպը (CAGR - Compound AnnuaGrowth Rate) ցույց է տալիս լոգիստիկ ծառայությունների եկամտաբերության տոկոսը որոշակի ժամանակահատվածի համար: Այս ցուցանիշը հաշվարկում է եկամուտների աճը` հիմնվելով այն ենթադրության վրա, որ աճի տեմպը մշտական է, իսկ տոկոսները հաշվարկվում են ըստ տարվա: Լոգիստիկ աութսորսինգից օգտվողների և նման ծառայություններ առաջարկողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված աութսորսինգի ենթակա լոգիստիկ ծառայությունների ցանկը և դրանց կիրառելիության աստիճանը ներկայացված են աղյուսակ 2-ում, համաձայն որի` լոգիստիկայի բնագավառում ներքին փոխադրումների, բեռների պահեստավորման, միջազգային փոխադրումների, բեռների տրանսպորտաառաքչական փոխադրումների և մաքսային ձևակերպումների ու այլ ընթացակարգերի կազմակերպման հետ կապված ծառայություններն առավել հաճախ են պատվիրակվում աութսորսինգային ընկերություններին:

























    Միևնույն ժամանակ, մասնագիտացված լոգիստիկ միջնորդների զարգացմանը և լոգիստիկ ծառայությունների ընդլայնմանը զուգընթաց առաջ են եկել այնպիսի մասնագիտացված ծառայություններ, որոնք հնարավոր չէ կամ տնտեսապես նպատակահարմար չէ իրականացնել ապրանքատիրոջ կամ բեռնատիրոջ սեփական ուժերով. նման ծառայությունները վերածվում են մասնագիտացված աութսորսինգային ընկերությունների հիմնական գործառույթների: Այդպիսիք են, օրինակ` խաչաձև բեռնում-բեռնաթափումը, լոգիստիկ աութսորսերի կողմից խորհրդատվության տրամադրումը, պահեստամասերի լոգիստիկան և այլն:
    Խաչաձև բեռնում-բեռնաթափումը կամ միջանցիկ պահեստավորումը (Cross-docking) ենթադրում է անմիջականորեն պահեստում բեռների ընդունում և ուղարկում` առանց դրանք երկարաժամկետ պահպանման տարածքներում տեղակայելու: Նման ծառայությունների անհրաժեշտություն առաջանում է խառը տիպի փոխադրումների ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը բեռնված է լինում տարբեր մատակարարների կողմից ուղարկված և/կամ տարբեր հասցեատերերի համար նախատեսված բեռներով: Այսպես` բեռներն ընդունվում են, բեռնաթափվում պահեստում, խմբավորվում, բեռնվում այլ փոխադրամիջոցներում և անմիջապես ուղարկվում ըստ նշանակման վայրերի` առանց պահեստում պահպանման անհրաժեշտության: Ծառայության հիմնական առավելությունը փոխադրման ժամանակի ու ծախսերի կրճատումն է:
    Խաչաձև բեռնման-բեռնաթափման աութսորսինգային ծառայությունների նկատմամբ պահանջարկն ավելանում է միջազգային օնլայն գնումների ծավալների աճին զուգընթաց: 2015 թ. էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը համաշխարհային մանրածախ առևտրում կազմել է 7.4%` ապահովելով 1.55 տրլն ԱՄՆ դոլարի վաճառք: 2016 թ., նախորդ տարվա համեմատությամբ, էլեկտրոնային առևտուրն աճել է` ապահովելով համաշխարհային մանրածախ առևտրի 8,7%-ը, և այդ աճը շարունակական միտում ունի: Կանխատեսումների համաձայն` արդեն 2021 թ. էլեկտրոնային առևտրին բաժին կընկնի համաշխարհային մանրածախ առևտրի 15.5%-ը`12 խթանելով աութսորսինգային լոգիստիկ ծառայությունների պահանջարկը համաշխարհային շուկայում:
    Ժամանակակից պայմաններում լայն տարածում է գտել աութսորսինգի հիմքով պահեստամասերի լոգիստիկ սպասարկման ծառայությունների պատվիրակումը մասնագիտացված լոգիստիկ ընկերություններին: Պահեստամասերի լոգիստիկան (Service parts logistics) լուծում է պատրաստի ապրանքների, սարքավորումների կամ տեխնիկայի (ավտոմեքենաներ կամ այլ տրանսպորտային տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկա, գրասենյակային սարքավորումներ և այլն) առանձին մասերի ու բաղադրիչների պահեստավորման, փոխադրման, վերանորոգման և ֆիզիկական վերափոխման խնդիրները, որոնք էապես տարբերվում են հումքի և պատրաստի արտադրանքի լոգիստիկայից: Պահեստամասերի լոգիստիկայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջինս ենթադրում է ապրանքի վաճառքից հետո պահանջվող լոգիստիկ սպասարկում, մինչդեռ հումքի և պատրաստի արտադրանքի դեպքում լոգիստիկ ծառայությունները նախորդում են դրանց վաճառքին: Եթե ավանդական մատակարարման շղթաների լոգիստիկ սպասարկման պարագայում գործում է «ճիշտ ժամանակին» (just-in-time) սկզբունքը, որով նվազագույնի են հասցվում պահպանման և փոխադրման ծախսերը, ապա պահեստամասերի մատակարարման և տեղադրման դեպքում կիրառվում է «ըստ պահանջի» (just-in-case) մոտեցումը, որի ապահովման համար ընկերությունները ստիպված են լինում պահպանել որոշակի պահեստամասեր` տեխնիկայի և սարքավորումների հնարավոր անսարքությունից ապահովագրվելու համար: Բնականաբար, անորոշ ժամանակով պահեստամասերի պահպանումն ու սպասարկումը լրացուցիչ ծախսեր են առաջացնում արտադրող ընկերությունների համար, որոնք չեն կարող ներառվել արդեն վաճառված և շահագործման հանձնված սարքավորումների գներում: Նման պայմաններում պահեստամասերի լոգիստիկ սպասարկման գործառույթների փոխանցումը մասնագիտացված աութսորսինգային ընկերություններին արտադրողներին թույլ է տալիս իրենց ջանքերն ու միջոցները կենտրոնացնել բուն գործունեության վրա` բարձրացնելով արտադրության արդյունավետությունը: 




























    Աշխարհի 50 առաջատար լոգիստիկ աութսորսինգային ընկերությունների 2015 թվականի եկամուտները կազմել են շուրջ 230 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 5.8%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը` 244,2 մլրդ ԱՄՆ դոլար (աղյուսակ 3): Համաշխարհային աութսորսինգային ծառայությունների աճող շուկայում եկամուտների նման անկումը պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների արժեզրկման և վառելիքի համաշխարհային գների անբարենպաստ տատանման միտումներով: Առաջատարների շարքում են եվրոպական և ամերիկյան լոգիստիկ աութսորսինգային ընկերությունները, որոնց գլխավորում է 2015 թ. շուրջ 32,7 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ ապահոված գերմանական DHL ընկերությունը: Վերջինս աճող էլեկտրոնային մանրածախ առևտուրը սպասարկող հիմնական մատակարարներից մեկն է: Աշխարհի 50 խոշոր լոգիստիկ ընկերություններից 19-ը պատկանում են ԱՄՆ-ին, 7-ը` Գերմանիային, 6-ը` Ճապոնիային, 4-ը` Ֆրանսիային, 3-ը` Հարավային Կորեային, 2-ը` Դանիային, իսկ մնացածը` Նիդեռլանդներին, Լուքսեմբուրգին, Շվեյցարիային, Չինաստանին, Հոնկոնգին, Ավստրալիային, Միացյալ Թագավորությանը և Քուվեյթին:
    Այսպիսով` լոգիստիկայի բնագավառում աութսորսինգային ընկերությունների ներգրավումը թույլ կտա կիրառել բեռների սպասարկման և մատակարարման առավել արդիական ու արդյունավետ սխեմաներ` կրճատելով ժամանակի և ֆինանսական միջոցների ծախսումները: Թերևս այդ է պատճառը, որ ներկայումս մատակարարումների կայուն ծավալ ունեցող խոշոր ընկերությունները, մասնավորապես` վերազգային կորպորացիաները գերադասում են լոգիստիկ գործառույթները պատվիրակել մասնագիտացված աութսորսինգային ընկերություններին: