ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Անտարկտիդայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
    Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Երկրի Հարավային բեւեռը վերջին 30 տարվա ընթացքում երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակի մնացած մասը, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature Climate Change-ին։Հայտնի է, որ Անտարկտիդայի ջերմաստիճանը մեծապես տատանվում է՝ կախված տարվա եղանակից եւ տարածաշրջանից, ուստի երկար տարիներ հավատում էին, որ մայրցամաքի վրա գլոբալ տաքացման պատճառով ամենաքիչն են ազդում կլիմայի փոփոխությունները: Սակայն 60 տարվա ընթացքում օդերեւութաբանական կայաններից ստացված տվյալները եւ համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց
  • Նշվել է սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
    Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում
  • Ճապոնիան ավելի քան 652 մլն դոլար կհատկացնի 6G բջջային կապի համակարգի մշակման համար
    Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի
  • Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին
    Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը:Սուրբ աթոռում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողար
  • Չեխիան որոշել է վերացնել դիմակ դնելու պարտադիր պահանջը
    Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոժեժն ասել է, որ հուլիսի 1-ից սենյակներում և հասարակական տրանսպորտում դիմակներ դնելու պահանջը կչեղարկվի երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ այն վայրերի, որտեղ նկատվում է COVID-19 կորոնավիրուսի բռնկում՝ գրում է mk.ru-ն: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետագա արտակարգ միջոցառումները ձեռնարկվելու են մարզային հիգիենայի կայանների կողմից:Նյութի  աղբյուրը՝    https://www.1in.am/
  • Ոսկու պաշարները Նյու Յորքում ռեկորդային ծավալների են հասել
    Պահուստներում Նյու Յորքյան Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի, 2013 թվականից տվյալներ հավաքող FactSet ընկերությանը հղում անելով, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Այդ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում, նշում է թերթը։  Նյու Յորքի «ոսկու տենդը» թերթը կապում է համավարակի հետ, որը մատակարարումների շղթաների խափանման պատճառով քաոս է առաջացրել թանկարժեք մետաղների շուկայում։ WSJ-ը նշում է, որ կատարվածը խաա
  • Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի հուլիսյան մատակարարման գները
    Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարման գները ՕՊԵԿ + ձևաչափի երկրների նախարարների նիստից հետո: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco սաուդական պետական նավթային ընկերության գնացուցակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, խոսքը սաուդական նավթի հուլիսյան ֆյուչերսների մասին է: Ասիական շուկաների համար գնաճը միջինում կազմել է 5.60-7.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աղբյուրի տվյալներով՝ փորձագետներն առավել չափավոր գնաճ էին կանխատեսում՝ 4 դ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունը ֆինանսական համակարգերում

    ԳՈՌ ՉԱՏԻՆՅԱՆ
    ՄՀԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետ


    Տեխնոլոգիական փոփոխությունները կանխորոշում են անհատների և հասարակությունների կենսակերպը հաջորդող տասնամյակների կամ երբեմն դարերի համար: Այդպիսի տեխնոլոգիաներից է բլոկչեյնը: Հոդվածում քննարկվում են ֆինանսական համակարգերում բլոկչեյնի կիրառություններին ու աճող դերին վերաբերող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվում բանկային համակարգի վրա այդ տեխնոլոգիայի ազդեցությամբ հնարավոր վերափոխումներին: Այդ համատեքստում դիտարկվում են նաև Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավորությունները և մարտահրավերները բլոկչեյն տեխնոլոգիայի հետագա զարգացմամբ:

    Հիմնաբառեր. տեխնոլոգիական փոփոխություն, բլոկչեյն, բիթքոին, նոդ, մայնինգ, տարածված գրանցամատյան, ֆինանսական համակարգ, բանկային համակարգ 




    Համաշխարհային ֆինանսական համակարգում օրական կատարվում են տրիլիոնավոր ԱՄՆ դոլարների հասնող համախառն շրջանառությամբ գործարքներ միլիարդավոր մարդկանց միջև: Այդ գործարքները, բացառությամբ կանխիկ գումարով կատարվողների, տեղի են ունենում կենտրոնացված ֆինանսական հաստատությունների` բանկերի (կենտրոնական, առևտրային, ներդրումային և այլ), պետական մարմինների և մի շարք մասնագիտացած մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ: Նշված հաստատությունները հանդես են գալիս որպես վստահելի միջնորդներ գործարքների կողմերի միջև: Նրանց առաքելությունն է ապահովել գործարքների օրինականությունը, համոզվել խաբեությունների բացակայության մեջ և, ընդհանրապես, ապահովել գործարքների կնքման ոչ կանխիկ ձևերի նկատմամբ վստահելիության պատշաճ մակարդակ: Գործնականում որոշ չափի խաբեությունները և անօրինական գործարքները դառնում են վիճակագրորեն ընդունելի, իսկ 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ պարզ դարձավ, որ ֆինանսական շուկայի միջնորդները երբեմն կարող են անպատասխանատու կերպով առաջացնել տնտեսական ճգնաժամեր և դրանցից որոշ ժամանակ անց նույնկերպ շարունակել իրենց գործունեությունը գրեթե անփոփոխ մնացած կարգավորումների դաշտում: Ճգնաժամերի մեծ մասի պատճառը, ըստ որոշ դիտարկումների, հանգում է լճացման շրջանում շահութաբերություն որոնելուն: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ միջնորդավորված գործարքներում վճարումներն անվերադարձելի չեն, ինչի պատճառով գործարք կնքողների կողմից միմյանց մասին մեծածավալ տեղեկատվության տրամադրման օբյեկտիվ պահանջ է առաջանում: Դա էլ, իր հերթին, զսպող հանգամանք է դառնում այն անձանց համար, որոնք չեն ցանկանում անկանխիկ գործարքներ կատարելիս իրենց անձնական տվյալները տրամադրել մի շարք պետական և մասնավոր հաստատությունների:
    Միջնորդ հաստատությունների մեկ այլ կարևոր առաքելություն է ոչ կանխիկ գործարքներում կրկնակի ծախսումները կանխելը։ Բանն այն է, որ տեսականորեն բոլոր վճարահաշվարկային համակարգերի միջոցով (Visa, MasterCard, PayPal և այլն) հնարավոր է ծախսել միևնույն գումարը մի քանի գործարքում. դա այն ժամանակ, երբ այդ գործարքն անցնում է հաստատման փուլ: Այս խնդիրը լուծվում է, երբ կա վստահելի միջնորդ:
    Բլոկչեյն (անգլ.` block chain, հայերեն` բլոկ-շղթա) տեխնոլոգիայի միջոցով կարելի է լուծել մի շարք խնդիրներ` ինչպես վերը նշված, այնպես էլ հաջորդիվ քննարկվող:
    Բլոկչեյնի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թ. Սատոշի Նակամոտո անունով հանդես եկող անձի (անձանց) հրապարակած աշխատանքում:
    Բլոկչեյնի կիրառմամբ աշխատող Bitcoin-ը (ներկայումս տարածված վճարահաշվարկային համակարգ է) նա նկարագրում է որպես «գործարք կնքող երկու կողմերի միջև անկանխիկ դրամաշրջանառության ապահովման միջոց` առանց ֆինանսական միջնորդ հաստատությունների ներգրավման»:
    Ավելի ընդհանրական` բլոկչեյնը կամ տարածված գրանցամատյանի (distributed ledger) տեխնոլոգիան արձանագրություն է, որի միջոցով հնարավոր է դառնում տեղեկատվության փոխանակումն ուղղակիորեն` առանց միջնորդների գործակցող երկու կողմերի միջև: Համակարգի բոլոր մասնակիցներն անանուն կերպով են մասնակցում գործարքներին, և յուրաքանչյուր գործարք ավելացվում է անընդհատ թարմացվող և բոլոր նոդերին տարածվող գործարքների շղթային: Այսպիսով` ակնկալվում է, որ բլոկչեյնի ի հայտ գալով և դրա ներուժի բացահայտմամբ խիստ փոփոխվելու են մի շարք բնագավառներ, այդ թվում` բիզնես մոդելներ, վճարահաշվարկային համակարգեր, ֆինանսական շուկայի մասնագիտացված մասնակիցների (նաև բանկերի) գործառույթներ, հաշվապահության, աուդիտի իրականացման գործընթացներ և այլ տնտեսական ու ոչ տնտեսական բնագավառներ: Հետևաբար` հարցն այն չէ` արդյո՞ք բլոկչեյնի ներուժը կկիրառվի, այլ այն, թե երբ և որ ոլորտներում հատկապես:
    Բլոկչեյնի առաջին կիրառությունը տեղի է ունեցել բիթքոինի (bitcoin) ստեղծմամբ: Բիթքոինը կրիպտոարժույթ է, էլեկտրոնային փողերի ձև: Առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ինչ սուբյեկտներ են մասնակցում բլոկչեյնի կիրառությունում, մասնավորապես` բիթքոինի դեպքում: Գործարք կատարելու համար պետք է օգտագործել ուղարկող կողմի հանրային (public) և անձնական (private) բանալիները, իսկ ստացողի դեպքում միայն հանրային բանալին: Արդեն քննարկված կրկնակի ծախսման խնդիրը լուծվում է նոդերի օգնությամբ: Ըստ էության, կրկնակի ծախսումը կանխվում է կենտրոնացված մարմնի կողմից, քանի որ վերջինս ունի բոլոր գործարքների և հաշիվների շարժերի գրանցամատյան: Այդ միջնորդներին այս համակարգում փոխարինում են բոլոր ցանկացողները (նոդերը), որոնք պատրաստ են պահպանել և տարածել գործառնությունների անընդհատ թարմացվող գրանցամատյանը կամ դրա մի մասը: Գործնականում բիթքոինի յուրաքանչյուր իրազեկված տնօրինող պահում է բլոկչեյնի շղթայի բոլոր գործարքները` իր շահերը հարկ եղած դեպքում պաշտպանելու համար:
    Գոյություն ունի նոդերի ապակենտրոնացված համակարգ, որտեղ որոշ նոդեր, պահելով ամբողջ բլոկչեյնը (բլոկ-շղթան), կատարում են մի գործառույթ, որը ստացել է մայնինգ (mining) անվանումը: Նոդերը պահում են լիարժեք ցուցակը կամ ամբողջ բլոկչեյնը, որպեսզի տարածեն և օգտագործեն` պարզելու համար հնարավոր խարդախությունները, ստուգելով մայներների տրամադրած տեղեկատվությունը: Մայներները, իրենց հերթին, կա՛մ պահելով ամբողջ բլոկչեյնը, կա՛մ էլ ունենալով վստահված նոդ, զբաղվում են նոր կատարված գործարքների հաստատմամբ: Այդ գործընթացը պահանջում է հաշվողական մեծ հզորություն և էլեկտրաէներգիա, քանի որ խոսքը վերաբերում է մաթեմատիկական ծածկագրման սկզբունքով ստացված տեղեկատվությունը ստանդարտ, վերջնական տեսքի բերելուն, «հաշ»-ը (hash) գեներացնելուն: Մայներների կատարած աշխատանքը փոխհատուցվում է միջնորդավճարներով: «Հաշ»-ի միջոցով նոր գործարքը կապվում է բոլոր նախորդ գործարքների հետ, հետևաբար` բացառում խաբեությունները:
    Բացի նրանից, որ «հաշավորումը» կեղծիքներից խուսափելու միջոց է, գործընթացի ռեսուրսատար լինելը նաև հնարավորինս նվազեցնում է այն բանի հավանականությունը, որ մի քանի հզոր մայներներ կարող են զբաղվել նշանակալի թվով գործարքների հաստատումով` ներազդելով ամբողջ համակարգի վրա: Դեռևս 2014 թ. հաշվարկվել էր, որ կեղծ բլոկ ստեղծելու համար անհրաժեշտ է այդ ժամանակվա ամենահզոր գերհամակարգչի` չինական Tianhe-2-ի հզորության շուրջ 51500-ապատիկ հաշվողական հզորությունը: Գծապատկեր 1-ում ներկայացված է յուրաքանչյուր օրում ստեղծված բլոկի կախվածությունը նախորդից և բոլորի կախվածությունը սկզբնական բլոկից: 
















    «Nonce»-ը և յուրաքանչյուր այլ տեղեկատվություն փոփոխելու դեպքում կփոխվի «հաշ»-ը, և պարզ կդառնա, որ կատարվել է փոփոխություն: TX1,TX2…TXn-ը վերաբերում են n-րդ գործարքին: «Ժամանակի նշումը» (timestamp) առնչվում է ժամանակին, քանզի բլոկչեյնը լրացվում է ժամանակագրության սկզբունքով: Ի հավելումն դրա, բլոկչեյնի` տեսականորեն հնարավոր միակ սողանցքը համարվում է 50% և ավելի նոդերի կազմակերպված աշխատանքը համակարգի դեմ: Այդ առումով, Սատոշի Նակամոտոն նշում է. «Համակարգը ապահով է այնքան ժամանակ, քանի դեռ ազնիվ նոդերը միասնաբար կառավարում են ավելի շատ հաշվողական հզորություն, քան միմյանց հետ աշխատող նոդերի խումբը»:
    Բիթքոինի մայնինգի 6 քայլերը, որոնք նշված են Ս․Նակամոտոյի աշխատանքում, ուրվագծում են համակարգի անխափան աշխատանքի սկզբունքները․
    - նոր գործարքները տարածվում են բոլոր նոդերի վրա,
    - յուրաքանչյուր նոդ նոր գործարքները հավաքում է բլոկի մեջ,
    - յուրաքանչյուր նոդ ջանում է խրթին աշխատանքի (մայնինգի) հաստատում փնտրել իր բլոկի համար,
    - երբ նոդը գտնում է աշխատանքի (մայնինգի) հաստատումը, դա տարածում է բլոկի բոլոր այլ նոդերի վրա,
    - նոդն ընդունում է բլոկը միայն այն դեպքում, երբ բոլոր գործարքները վավեր են և դեռ ծախսված չեն,
    - նոդերն արտահայտում են իրենց համաձայնությունը բլոկի վերաբերյալ` աշխատելով հաջորդ բլոկի վրա, օգտագործելով վավեր բլոկի «հաշը» որպես նախորդող «հաշ»:
    Հատկանշական է, որ այն մայներները, որոնք աշխատել են ինչ-որ մի բլոկի ստեղծման ուղղությամբ, սակայն չեն հասցրել գտնել համապատասխան «հաշ»-ը, դրա դիմաց պարգևավճար չեն ստանա: Այդ իսկ պատճառով բիթքոինի մայնինգը ստացել է «մրցակցային հաշվապահություն» անունը:
    Օրինակ` բիթքոինի շրջանառության վերջին 1 տարում կատարված մայնինգից եկամուտները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի օրական սպառումը միջինում` 128,521 Մգ/ժ: Այդ ցուցանիշը մոտ է Իրաքի էլեկտրաէներգիայի սպառմանը, իսկ աշխարհի մասշտաբով սպառում է արտադրված էլեկտրաէներգիայի 0,21%-ը:
    Քրոսբին և այլք առանձնացնում են բլոկչեյնի ֆինանսական և ոչ ֆինանսական կիրառությունները, որոնցից ֆինանսականները ներկայացված են աղյուսակ 1-ում.






















    Վերոնշյալների հիմքում կարելի է առանձնացնել երեք հիմնական կիրառություններ` կրիպտոարժույթներ, սմարթ գործարքներ և նախնական մետաղադրամի առաջարկներ:
    Կրիպտոարժույթների ի հայտ գալը բլոկչեյն տեխնոլոգիայի առաջացման հիմքը դարձավ: Անշուշտ, պետք չէ նույնացնել բլոկչեյնը և կրիպտոարժույթները, քանի որ բլոկչեյնը շատ ավելի լայն կիրառության  հնարավորություն ունի, բայց և պետք է ընդունել, որ հենց դրանց միջոցով հետաքրքրություն առաջացավ բլոկչեյնի նկատմամբ: Առաջին և ամենահայտնի կրիպտոարժույթը, ինչպես արդեն նշվեց, բիթքոինն է: Գոյություն ունեն մի շարք այլ կրիպտոարժույթներ, որոնք հայտնի են ալտքոին անվանումով: Դրանցից ենԷքս-ԱՌ-Փին, Իթերիումը, Ռիպպլը, Լայթքոինը և Ստելարը: Ալտքոինները թեև ունեն որոշակի տարբերություններ, սակայն օգտագործում են նույն գաղափարը և սկզբնական կոդը, ինչ բիթքոինի դեպքում է, հասանելի են համացանցում:
    Հատկանշական է, որ այս արժույթները կառուցված են փոխադարձ վստահության հիման վրա: Այսինքն` եթե մի օր բոլոր օգտատերերը կամ նրանց զգալի մասը որոշեն ձերբազատվել բիթքոինից (կամ այլտքոիններից), ապա չի լինի որևէ երրորդ կողմ, որը ապահովի դրանց փոխարկելիությունը և արժեքը: Այդ երրորդ կողմի դերը, սովորաբար, ստանձնում է արժույթը թողարկող երկրի կենտրոնական բանկը, որից ազատվելու համար էլ ստեղծվել էին կրիպտոարժույթները: Չնայած այսպիսի ռիսկերին` բիթքոինի նկատմամբ պահանջարկը շարունակում է պահպանվել:
    Խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը` NASDAQ-ը, հայտարարել էր, որ 2018-ից կիրականացնի բիթքոինի ֆյուչերսային պայմանագրերի կնքում11, որը հնարավորություն կտա բիթքոինի փոխարժեքի կանխատեսումով «խաղադրույքներ» կատարելու: Փաստորեն, չունենալով որևէ բիթքոին, հնարավորություն է ստեղծվում` օգտվելու դրա գնային տատանումներից:
    Որոշ մասնագետների կարծիքով նմանատիպ գործիքների առկայությունն էր հենց առաջացրել 2008-ի ճգնաժամը, և շատերը կարծում են, որ բիթքոինի` որպես ֆինանսական գործիքի ուժեղացումը հղի է ֆինանսական աշխարհը ցնցելու ռիսկերով: Իհարկե, կարելի է վիճարկել բիթքոինի ռիսկայնությունը, բայց այն, որ բիթքոինի արժեքը զգալի տատանումներ է ունենում և կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում վստահություն չի ներշնչում, անկասկած է (գծապատկեր 2):


















    Կրիպտոարժույթներից բացի, բլոկչեյնի մեկ այլ շատ կարևոր կիրառություն են սմարթ գործարքները: Սմարթ գործարքը համաձայնագիր է երկու կողմի միջև` բլոկչեյնում պահվող: Դա հնարավորություն է տալիս փոխանակելու ակտիվներ` առանց երրորդ կողմի իմացության: Այս ընդհանուր կիրառությամբ հնարավոր է դառնում հեղափոխել իրավական ողջ համակարգը` ազատվելով կենտրոնացված նոտարներից և, ըստ էության, «նոտար դարձնել» ողջ հանրությանը: Սմարթ գործարքների միջոցով կարող են շրջանառվել ֆյուչերսային, ֆորվարդային համաձայնագրեր, արժեթղթեր, պարտատոմսեր և բոլոր այն ֆինանսական գործիքները, որոնք պահանջում են վստահելի միջնորդ` գործարքներն օրինական և լեգիտիմ դարձնելու համար:
    Վերոնշյալ սկզբունքով արդեն աշխատում են մի շարք կազմակերպություններ արժեթղթերի շուկայում` NASDAQ private equity, Medici, Blockstream, Coinsetter, ապահովագրության ոլորտում` Everledger, նոտարականում` Stampery, Viacoin, Ascribe և այլն:
    Ուշագրավ կիրառություն է նաև նախնական հրապարակային առաջարկին (IPO) փոխարինող նախնական մետաղադրամի առաջարկը (ICO): Երբ ինչ-որ մի կազմակերպություն մի նոր ապրանք կամ ծառայություն է ստեղծում, ICO-ի օգնությամբ կարողանում է ձեռք բերել առաջնային ներդրողներ: Ներդրումների դիմաց տվյալ կազմակերպությունը ներդրողներին է տրամադրում «տոկեններ»: Տոկենները կրիպտոգրաֆիկ պաշտպանություն ունեցող թվային ակտիվներ են: Կախված ձեռնարկության գործունեության   հաջողությունից` տոկենները փոխարկվում են կրիպտոարժույթների` առաջարկ-պահանջարկի միջոցով որոշված շուկայական գնով: Նախնական մետաղադրամի առաջարկների տարածմամբ ՀՀ-ում հնարավոր կլինի ֆինանսավորել հայկական ստարտափները համաշխարհային կապիտալով, ինչը, իր հերթին, կմեղմի ՀՀ-ում գործող վենչուրային կապիտալի պակասի խնդիրը և կդառնա տնտեսական աճի կարևոր ռեսուրս։
    Բլոկչեյնի զարգացման փուլերը հաճախ նմանեցվում են համացանցի զարգացման փուլերին: Մասնավորապես` ընդունված է, որ բլոկչեյնն անցնում է երեք փուլով և հինգ ենթափուլով`
    1. Նախնական մշակման փուլ.
    1.1. տեխնոլոգիայի հետազոտում ու հայտնաբերում,
    1.2. տեխնոլոգիայի նախատիպերի մշակում:
    2. Ստանդարտացման փուլ.
    2.1. բիզնեսի նախատիպի մշակում,
    2.2. բիզնես նորամուծության առաջարկ, տեխնոլոգիական ստանդարտացում:
    3. Արժեքի ստեղծման փուլ.
    1.1. բիզնես արժեքի առաջացում:
    Փաստորեն, բլոկչեյնը 2016 թ. 2.1 ենթափուլում էր, իսկ արդեն այսօր, կարելի է ասել, որոշ կիրառություններում (օրինակ` կրիպտոարժույթներում) անցել է բոլոր փուլերը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գտնվում է վերը նշված ենթափուլում: Դա կարելի է հիմնավորել նրանով, որ առ այսօր բլոկչեյնի կիրառությունների մեծ մասը գտնվում է նախատիպային մշակման փուլում: Այս հանգամանքը կարելի է հիմնավորել նրանով, որ առկա է զգալի հակազդեցություն առանց միջնորդների համակարգերի ներդրման հարցում:
    Որոշ դեպքերում բլոկչեյնի ֆինանսավորմամբ պետք է զբաղվեն այն ինստիտուտները (օրինակ`   կառավարությունները, բանկերը և այլն), որոնց գոյության նախկին կացութաձևերը հարցականի տակ են հենց այս տեխնոլոգիայի կիրառման հեռանկարի առումով: Այնուհանդերձ, բլոկչեյնի հետազոտմամբ, նոր կիրառությունների որոնմամբ զբաղվող կազմակերպությունները կարող են միլիարդավոր դոլարների կապիտալ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, ինչպես համացանցի առաջացման շրջանում էր, եթե, իհարկե, բլոկչեյնի կիրառումը հանգեցնի երկարաժամկետ դրական` բիզնես արժեքի ստեղծմանը:
    Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե որ ոլորտների վրա որքան ազդեցություն կունենա այս տեխնոլոգիան: Deloitte-ը որպես 2 առանցքային ազդեցությունների չափորոշիչ է սահմանել ազդեցությունը ծախսերի ու եկամուտների, տրանսֆորմատիվ ազդեցությունը` յուրաքանչյուր ոլորտի վրա:
    Այս համատեքստում տրանսֆորմատիվ ասելով նկատի ունենք այն, թե ինչպես է բիզնեսը կառավարվելու կամ տվյալ հաստատությունում (կորպորատիվ) ռազմավարությունն ինչպես է փոխվելու. գործնականում խոսքը վերաբերում է կորպորատիվ մշակույթի և բիզնես ռազմավարությունների մշակման և իրականացման մոտեցումների փոփոխությանը: 
    Այսպիսով` բլոկչեյն տեխնոլոգիայի ազդեցությունը, ըստ երկու չափորոշիչների, ամենամեծն է լինելու ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև լոգիստիկայի, ապահովագրության, առողջապահության և հանրային կառավարման ոլորտների վրա:
    Հարկ է նշել, որ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների համար գումարների «նստեցման» կարգավորումը բլոկչեյնով նշանակալի խնայողություն կլինի և՛ ծախսերի, և՛ ժամանակի առումներով: Ներկայում դա աշխատատար գործընթաց է բանկերի համար` հաճախ 3 օր պահանջող: Բլոկչեյնի գործող համակարգերով այդ գործընթացը կարող է 10 րոպե տևել, իսկ արդեն փորձարկվող, կատարելագործված համակարգերով` գրեթե ակնթարթային: Այստեղից էլ ակնհայտ է վերլուծությամբ ստացված գնահատականի երկրորդ մասը, ըստ որի ֆինանսական հաստատություններում փոխակերպման ազդեցությունը զգալի կլինի: Իհարկե, որոշ հաստիքներ կփոփոխվեն, որոշները առհասարակ կկրճատվեն, սակայն, միաժամանակ, կտնտեսվեն հսկայական միջոցներ, գործարքների կնքման և փողի տեղաշարժի արդյունքում վերջինս մեկուսացված չի լինի հաշիվներից օրերով այլ հաշիվներ անցնելու ժամանակ. կներդրվի տնտեսության մեջ ակնթարթորեն` ապահովելով շոշափելի տնտեսական և փողի բազմապատկիչ էֆեկտ:
    Ի հավելումն դրա, հանրային ֆինանսների կարգավորման, հաշվետվության և կառավարման  տեսանկյունից, բլոկչեյնի կիրառությունը գրեթե անսահմանափակ է: Ըստ էության, բյուջեի կատարման գործընթացի չորս հիմնական փուլերից երկուսում (բյուջեի կատարման և կատարման  հաշվետվությունների կազմման)  բլոկչեյնը կարող է ամբողջությամբ փոխարինել գործող համակարգին: Մնացած երկու` կազմման և կատարման արդյունքների գնահատման փուլերում կարող է որպես վստահելի տեղեկատվական ռեսուրս ծառայել ֆինանսական հոսքերի մանրակրկիտ մշտադիտարկման տեսանկյունից:
    Բլոկչեյնի կիրառման մեկ այլ հեռանկար քննարկվել է Սթիվ Հաքլի և Մարտին Ուայթի կողմից: Այս հեռանկարի հիմնական գաղափարն այն է, որ բլոկչեյնի հիմնական կիրառությունները դիտվում են ոչ թե որպես ազատական շուկայի կարգավորման գործիքներ, այլ որպես սոցիալիզմի համակարգում կիրառելի` հասարակական սեփականության և աշխատանքի արդյունքի կառավարման գործիք: Ապակենտրոնացված արժույթի շրջանառությունը, պայմանագրերի վավերացումը այստեղ դիտարկվում են որպես ոչ աստիճանակարգային կառավարմանն անցման նախադրյալ: Ինչպես Կ. Մարքսն էր կարծում, թե սոցիալիզմը գործող կապիտալիզմի բնական աճն է , այնպես էլ հնարավոր է համարվում օգտագործել բլոկչեյնը ապակենտրոնացված տնտեսություն կազմակերպելու և անարխիզմի կամ ուտոպիական սոցիալիզմի գաղափարներն իրականացնելու համար: Այդպես, օրինակ, առաջարկվում է բլոկչեյնի միջոցով գործող կրիպտոարժույթների ներդրմամբ փոխել կապիտալիզմի խիստ դրամական հասարակարգի արժեքային համակարգը: Կ. Մարքսն առաջարկում էր ազատվել փողից և արժեչափի գործառույթը վերագրել աշխատանքային սերտիֆիկատներին (վկայականներին):
    Համաձայն այդ վկայականների` պարզ կդառնար, թե ով ինչքան ժամանակ է ծախսել արտադրությունում: Ապրանքներ գնելիս յուրաքանչյուր ապրանքի արժեքը կորոշվեր ըստ արտադրությունում դրա վրա ծախսված ժամերի: Այս կարևոր հարցում էլ հենց կարող է օգտագործվել բլոկչեյնի ներուժը: Այսպես` եթե կիրառենք Կ․Մարքսի մեթոդով արժեքի որոշման սկզբունքը` ծախսված ժամանակի փոխարեն օգտագործելով ծախսված էլեկտրաէներգիայի չափը որպես արժեքի չափման միջոց, ապա կարող ենք նաև, օրինակ, բիթքոինի արժեքը կապել դրա վրա ծախսված էլեկտրաէներգիայի հետ: Արդեն ունենալով այդ ցուցանիշը` կարող ենք, օրինակ, հաշվարկել էլեկտրական մեքենայի լիցքավորման գումարն ըստ բիթքոինների: Փաստորեն, բիթքոին ստանալու վրա ծախսված էլեկտրաէներգիան կարող է կիրառվել որպես արժեչափման միջոց սոցիալիստական հասարակարգերում և, առհասարակ, յուրաքանչյուր ոչ դրամական տնտեսությունում:
    Մեկ այլ զարգացման հեռանկար, որը շատերի կարծիքով արդեն փաստ է, վերաբերում է անօրինական դրամաշրջանառության կազմակերպմանը` թմրանյութերի ու զենքի առք ու վաճառքին, թրաֆիքինգի դրամաշրջանառությանը: Բանն այն է, որ բլոկչեյնի նման տեխնոլոգիան կատարելապես համապատասխանում է անօրինական գործարքների կնքման տրամաբանությանը,
    քանի որ չկա կենտրոնացված մարմին, որը կհսկի, թե որ գործարքը ինչ նպատակով է կատարվում: Ըստ էության, անօրինական տարրերը նույնիսկ կարող են չօգտվել հայտնի կրիպտոարժույթներից, այլ հնարավորություն ունեն ստեղծելու իրենցը` անօրինական շրջանառության համար: Այս հեռանկարը կարող է ճակատագրական դեր խաղալ բլոկչեյնի համբավի, հետևապես նաև տեխնոլոգիայի ապագայի առումով:
    Բլոկչեյնի տեխնոլոգիան նոր հնարավորություն է ստեղծում ՀՀ-ի համար համաշխարհային զարգացումներում, որը կարող է հաջողությամբ պսակվել ներգրավվելու տեսանկյունից: Ավելի մանրամասն այս հնարավորությունը ուսումնասիրելու համար անդրադառնանք Շվեյցարիայի փորձին և Deloitte-ի կանխորոշած կարևոր գործոններին:
    Deloitte-ի զեկույցում խոսվում է Շվեյցարիայի` բլոկչեյնի համաշխարհային կենտրոն դառնալու հեռանկարի մասին` այդ նկատառումով շեշտադրելով ամենաբարենպաստ միջավայրի ստեղծումը ստարտափների իրագործման և նորարարությունների ներդրման համար: Այստեղ առանձնացվում են շվեյցարական էկոհամակարգի 6 հիմնական տարրեր, որոնց միջոցով երկիրը կարող է դառնալ մրցունակ նոր առաջացող ոլորտում: Դրանք են` 
    1. ֆինանսական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածք ունենալը,
    2. տեղեկատվության պաշտպանության և անվտանգության բարձր մակարդակը,
    3. նորաստեղծական կենտրոն լինելը,
    4. գիտական հանգույց համարվելը,
    5. տնտեսական բարեկեցության և կենսամակարդակի բարձր աստիճանը,
    6. իրավական և կարգավորման կայացած ու ժամանակակից համակարգ ունենալը:
    Կարելի է համարել, որ ՀՀ-ն միայն մասամբ բավարարում է 2-րդ պահանջը, իսկ մնացած գործոնների առումով կայացած չէ: ՀՀ-ում կենսամակարդակը ցածր է, համալսարանական կրթության որակը վիճարկելի է, վենչուրային կապիտալի հասանելիությունը` խիստ անբավարար (հաշվի առնելով նաև այն, որ չկա կայացած արժեթղթերի շուկա), բացակայում են մտավոր սեփականության պաշտպանության հուսալի մեխանիզմները և այլն:
    Առաջին հերթին անհրաժեշտ է պարզեցնել օրենսդրական դաշտը` ընդլայնելով ֆինանսական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ազատությունները:
    ՀՀ-ում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման առավելություններից են տեղեկատվության պաշտպանվածությունն ու էլեկտրաէներգիայի բավարար առաջարկի առկայությունը: Առաջինի մասին կարելի նշել միայն, որ մի շարք ընկերություններ ունեն ՀՀ-ում գործող ֆրիլանսերներ կամ համագործակցող ընկերություններ հենց կիբեռանվտանգության ապահովման բնագավառում:
    Իսկ էլեկտրաէներգիան, ինչպես արդեն նշվել է, բավական մեծ նշանակություն ունի մեծածավալ բլոկչեյն համակարգերի ներդրման գործում:
    ՀՀ-ն կարող է առաջիններից մեկը լինել հանրային ֆինանսներում բլոկչեյնի կիրառման հարցում, քանի որ այս տեխնոլոգիան խոստանում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը և բոլոր գործառնությունները  թափանցիկ դարձնել օգտատերերի համար:
    Հուսադրող է, որ 2018 թվականից սկսեցին ի հայտ գալ բիթքոինի մայնինգով զանգվածաբար զբաղվող կազմակերպություններ, սակայն կարևոր է նշել, որ դա հավելյալ արժեքի ստեղծմանը չի նպաստում, քանզի միայն տեխնիկական ծառայություն է: Ուստի հարկավոր է ոչ թե կենտրոնանալ բիթքոինի կամ այլ կրիպտոարժույթի միջոցով կարճաժամկետ միջոցներ ձեռք բերելու, այլ բլոկչեյնի ամբողջ ներուժը որոշակի ուղղություններով բացահայտելու վրա:
    Այնուհանդերձ, նշված բոլոր խնդիրները կարող են լուծվել նպատակասլաց քաղաքականության իրականացման պարագայում: Այն առավելությունները, որոնք Շվեյցարիան դարձրին բլոկչեյնի տեխնոլոգիայի զարգացման ամենահրապուրիչ վայրերից մեկը, կարող են որպես մարտահրավերներ ու հնարավորություններ հանդես գալ Հայաստանի համար: