ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • «Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
    «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից: «Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի: «Հայփոստ»
  • Այսուհետ հնարավոր է անվճար ճշտել թանկարժեք մետաղից իրերի իրական քաշը
    Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող
  • Հայկական 9 տեխնոընկերություն ներկայացված է Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում
    ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը: Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:  Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
    Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։ Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործըն
  • ԵԱՏՄ երկրներում կարող են սահմանել նոր պահանջներ «ինքնահանգչող» ծխախոտի մասին
    Ծխախոտի վերաբերյալ նոր կանոնները, որոնց համաձայն՝ դրանք պետք է ինքնահանգչող լինեն, կարող են սահմանվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մշակված պահանջներն ուղարկվել են համաձայնեցման: «ԵԱՏՀ կոլեգիայի նախագիծը, որը սահմանում է պահանջներ փաթեթավորման եւ ծխախոտային ապրանքի տուփի վրա նշված տեղեկատվության մասին, ինչպես նաեւ պահանջներ ծխախոտի դյուրավառ հնարավորության մասին, որոնք շրջանառվում են միության անդամ երկրներում, ուղարկվել է ՌԴ առոջղապահության նախարարություն համաձայնեցման համար շահագրգիռ դա
  • Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով
    2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամի ոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերե ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնու
  • Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար
    Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Բարձրագույն կրթությունը թվային դարաշրջանի փոփոխվող իրողություններում

    Վարդան 
    ԱԹՈՅԱՆ
    Քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ


    Հիմնաբառեր. բարձրագույն կրթություն, թվային  դարաշրջան, համալսարան,  տեխնոքաղաքակրթություն, արհեստական բանականություն,  տեղեկատվական հասարակություն

    Հոդվածում քննարկվում են տեխնոլոգիական ոլորտում արագ փոփոխություններով պայմանավորված գլոբալ միտումները և դրանց ազդեցությունը բարձրագույն կրթության համակարգի վրա: Դիտարկվում են թվային դարաշրջանի մարտահրավերներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու ուղղությամբ որոշ երկրներում իրականացվող քայլերը, որոնց փորձի առավել խորքային ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ոլորտում պետական քաղաքականության և Հայաստանի համալսարանների զարգացման ռազմավարությունների մշակման համար:


    Ներածություն
    «Ամբերդ» տեղեկագրի անդրանիկ համարում համառոտ անդրադարձ էինք կատարել տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ փոփոխությունների ազդեցությանը պետության, հասարակության և մարդու կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Քննարկել էինք մասնավորապես՝ վերոնշյալ ազդեցություններով պայմանավորված մարտահրավերներն ու ի հայտ եկող հնարավորությունները, արծարծել հարցեր, որոնք, մեր դիտարկմամբ, անկյունաքարային նշանակություն ունեն Հայաստանի և մեր հասարակության անվտանգության, կայուն զարգացման ապահովման և ապագայի հնարավոր սցենարներին պատրաստ լինելու համատեքստում: Վերոնշյալ խնդիրները նախկինում ևս մշտապես եղել են մեր ուսումնասիրությունների առանցքում: Միաժամանակ, հաշվի առնելով թեմայի բազմաշերտությունը, հարկ ենք համարում շարունակել քննարկումը՝ ոլորտային առումով մասնավորեցնելով դիտարկվող հարցերի շրջանակը: Հավելենք, որ հոդվածում հաշվի ենք առել նաև ResearchGate.net ակադեմիական հարթակում մեր կողմից՝ քննարկվող թեմային առնչվող հարցադրման վերաբերյալ ստացված մասնագիտական մեկնաբանությունները:
    Իրավացի է հետազոտող Ռ. Էլամիրյանը, երբ նշում է, որ աշխարհը մուտք է գործում գլոբալ փոփոխությունների փուլ, և միայն ազգ-պետությունների կյանքի ու գործունեության համալիր արդիականացումը թույլ կտա մշակել համաշխարհային զարգացման որակապես նոր գործընթացներից ծնունդ առնող համաչափ և անհամաչափ մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք արձագանքման գործուն կառուցակարգեր: Փոփոխությունների մանրամասն վերլուծությունը, մարդկության զարգացման համապատասխանեցումը համաշխարհային միտումներին թույլ կտան օգտագործել տեղեկատվական դարաշրջանի բոլոր առավելությունները քաղաքացիների բարեկեցության և շարունակական առաջընթացի ապահովման նպատակով:
    Վերոնշյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ վերջին տասնամյակների տեխնոլոգիական բուռն զարգացումը և դրանով պայմանավորված բազմաոլորտ ու բազմաշերտ վերափոխումները նոր խընդիրներ են ի հայտ բերում նաև կրթական,  այդ թվում՝ բարձրագույն կրթության համակարգի արդիականացման հարցերում: Հայտնի է, որ կրթական համակարգն ունի առավելապես պահպանողական բնույթ և օժտված է ինստիտուցիոնալ իներցիայով, ինչը, երբեմն, բարդացնում է խորքային բարեփոխումների ճկուն և արագ իրականացումը: Այնուամենայնիվ, 21-րդ դարի հարափոփոխ գործընթացներն ու աշխատաշուկայի վերափոխվող պահանջները ոլորտի դերակատարներին պարտադրում են խաղի սեփական կանոններ: Աճող մըրցակցությունը համալսարաններին դրդում է անընդմեջ արդիականացվելու՝ նոր ուսանողների ներգրավման, լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ձևավորման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման և սեփական ակադեմիական հեղինակության բարձրացման խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Նման կոշտ մրցակցության պայմաններում կհաջողեն այն համալսարանները, որոնք առավել արդյունավետ կերպով կլուծեն իրենց առջև դրված խնդիրները, կբավարարեն հիմնական շահառուների ակնկալիքները և կհապատասխանեն ներկա՝ թվային դարաշրջանի պահանջներին:
    Հասարակության «թվայնացում» և նոր իրողություններ Թվային դարաշրջանում մշտապես պահանջված և արդիական բուհ լինելու որակական նշաձողը պահանջում է, առաջին հերթին, ռազմավարական տեսլականի առկայություն, որը պետք է ձևավորվի համալսարանի կառավարման համար պատասխանատու շրջանակների կողմից:
    Խնդրի հաջող լուծման ոչ երկրորդական նախադրյալներից է նաև դասավանդող և վարչական աշխատակազմերի «թվային» գրագիտության մակարդակի հետևողական բարձրացումը: Ակնհայտ է, որ արդի մրցակցության պայմաններում բարեփոխումներին անընդունակ կամ դրանց իրականացմանը ոչ բավարար ուշադրություն դարձնող և այդ գործընթացներին անհրաժեշտ արագություն չհաղորդող հաստատություններն իրենց տեղն աստիճանաբար և անխուսափելիորեն կզիջեն կրթական ծառայությունների շուկայում՝ դուրս մղվելով առավել արդյունավետ մրցակիցների կողմից:
    Միչիգանի համալսարանի նախկին նախագահ Ջեյմս Դուդերստադտը (James J. Duderstadt) դեռևս երկու տասնամյակ առաջ գրված իր արժեքավոր հոդվածում վեր էր հանել այն խոչընդոտները, որոնց կարող էին բախվել համալսարանները թվային դարաշրջանում: Խոսելով ապագայի հնարավոր զարգացումների մասին՝ Ջ. Դուդերստադտը նշում է, որ շատ հավանական է՝ 21-րդ դարում համալսարանների դասախոսներն անհրաժեշտ համարեն մի կողմ դնել ուսուցչի իրենց դերը՝ դառնալով ուսումնական փորձառության, կրթական գործընթացների և միջավայրերի ձևավորողներ: Վաղվա դասավանդողները, գուցե, ստիպված լինեն հրաժարվել ուսուցման՝ ներկայում գոյություն ունեցող ձևերից, երբ ուսանողները, որպես կանոն, սովորում են ինքնուրույն՝ կարդալով, գրելով և լուծելով խնդիրներ: Փոխարենը՝ նրանք, գուցե, զարգացնեն խմբային ուսման փորձառությունը, երբ ուսանողներն աշխատում և սովորում են միասին, իսկ դասախոսական անձնակազմը ստանձնում է առավելապես խորհրդատուի, մարզչի, քան ուսուցչի դերակատարում: Դասախոսներն առավել քիչ մտահոգված կլինեն  մտավոր բաղադրիչի ներկայացմամբ և փոխանցմամբ ու առավելապես կկենտրոնանան ուսանողների ոգեշնչման, խրախուսման և ուսումնառության գործընթացի համակարգման վրա:
    Թվային դարաշրջանում փոխվում են նոր սերնդի պահանջները: Երիտասարդությունն օբյեկտիվորեն առավել արագորեն է հարմարվում տեխնոլոգիական փոփոխություններին և ցանկանում նույն արագությունը տեսնել նաև կրթական ծառայությունների ոլորտում: Հատկանշական են ամերիկյան հանրահայտ Pew հետազոտական կենտրոնի 2019-ին իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
    Պարզվում է՝ ԱՄՆ-ի չափահաս բնակչության 72%-ն ինչ-որ ժամանակ օգտվել է սոցիալական մեդիայից: Համեմատության համար նշենք, որ 2005-ին իրականացված հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշն ընդամենը 5% էր: Առավել հետաքրքրական է, որ 18-29 տարիքային խըմբում այդ ցուցանիշը ներկայում 90% է: Այս առումով, համադրելի են նաև ռուսաստանյան հայտնի «Левада-центр» հաստատության 2019 թ. վերջին արված հարցման արդյունքները. ՌԴ 18-24 տարիքային խմբի քաղաքացիների 94%-ն ամենօրյա պարբերականությամբ օգտվում է համացանցից:
    Թվային դարաշրջանին բնորոշ տեղեկատվության աննախադեպ հասանելիությունը և դրա՝ ոչ միշտ գրագետ յուրացումն ու օգտագործումն ունենում են ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Այս առումով, ուշագրավ է ԱՄՆ-ի ռազմածովային քոլեջի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թոմ Նիքոլսի (Tom Nichols) «Փորձագիտության վախճանը» աշխատությունը: Գրքի ուղերձն այն է, որ տեխնոլոգիաներն ու կրթության աճող մակարդակն աննախադեպ քանակությամբ տեղեկություններ են տրամադ րում մարդկանց, ինչը, սակայն, խթանում է նաև նարցիսիստական և սխալական մտավոր էգալիտարիզմը (հավասարապաշտությունը): Միայն WebMD և Wikipedia շտեմարաններ օգտագործելով՝ միջին վիճակագրական քաղաքացին կարծում է, որ ինքը նույնչափ տեղեկացված է, ինչպես բժիշկներն ու դիվանագետները: Բոլորը պնդում են, որ իրենց կարծիքը հաշվի առնվի նույն լրջությամբ: «Փորձագիտության վախճանը» աշխատությունը ցույց է տալիս, թե ինչպես է զարգացել փորձագետներից հրաժարման գործընթացը (համացանցի բացություն, բարձրագույն կրթությունում հաճախորդների բավարարվածության մոդելի ծագում, 24-ժամյա տեղեկատվություն): Տարօրինակ կերպով տեղեկատվության լայն տարածումը, առավել կիրթ հասարակության ձևավորման փոխարեն, ստեղծել է վատ տեղեկացված և բարկացած քաղաքացիների բանակ, որը դատապարտում է ինտելեկտուալ նվաճումները:
    Այնուամենայնիվ, փաստ է, որ նոր սերընդի համար սոցիալական ցանցերը դառնում են հաղորդակցման, տեղեկատվության ստացման և փոխանակման հիմնական աղբյուր: Նրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատկերացումներ ու ակնկալիքներ, թե ինչպես պետք է համալսարանը փոխգործակցի իրենց հետ, ինչպես պետք է կազմակերպվի կրթական գործընթացը, ինչպես պետք է փոխանցվի գիտելիքը, և ինչ վերջնարդյունքի են նրանք ձգտում՝ վերադարձնելու համար կրթության վրա ծախսվող նյութական և ժամանակային
    ներդրումը: Միաժամանակ, աշխատաշուկայի խստացող պահանջներին զուգահեռ, վերջիններիս ակնկալիքներն առավել ռացիոնալ են դառնում, և համալսարանական կրթությունն առավելապես դիտարկվում է որպես սոցիալականացման, գործնական մասնագիտացման և ապագայում բարձր որակավորում պահանջող  աշխատանքի ապահովման նախադրյալ, քան պարզապես՝ որպես ինքնազարգացման վայր:
    Ակնհայտ է նաև, որ թվային դարաշրջանի և տեխնոքաղաքակրթության հաղթարշավը շարունակելու է վերափոխել աշխատաշուկայի պատկերը և համապատասխան կադրերի պատրաստման պահանջները: Սեփական գիտելիքների պարբերական թարմացումը, շարունակական կրթությունն ու մշտական վերապատրաստումն աշխատաշուկայում տեղ գտնելու և այն պահպանելու նախապայմաններ են դարձել նույնիսկ միջինից բարձր որակավորմամբ մասնագետների համար: Այսպես՝ IBM՚s Institute for Business Value-ի 2019 թ. հրապարակած հետազոտության համաձայն՝ արհեստական բանականության և ինտելեկտուալ ավտոմատացման ոլորտներում արձանագրվող առաջընթացի արդյունքում առաջիկա 3 տարում աշխարհի 12 խոշոր տնտեսությունների շուրջ 120 միլիոն աշխատակիցներ պետք է անցնեն վերապատրաստում: Միաժամանակ, հարցմանը մասնակցած գլխավոր տնօրենների ավելի քան կեսը հայտնել է, որ չունի բավարար ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նորագույն տեխնոլոգիաների արդյունքում առկա և անհրաժեշտ հմտությունների միջև խզվածքը բավարար արագությամբ հաղթահարելու համար: Առկա են փորձագիտական գնահատականներ՝ համաձայն որոնց մինչև 2030 թ. նորագույն տեխնոլոգիաները կարող են փոխարինել ԱՄՆ-ի աշխատատեղերի 1/4-ը: Հետազոտությունները փաստում են, որ վերջին մի քանի տարում աշխատակիցների որակավորման խզվածքը հաղթահարելու համար պահանջվող ժամանակն աճել է ավելի քան 10 անգամ: Դրա մասին են վկայում նաև Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) հրապարակումները՝ ըստ որոնց Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիական վերափոխումների հետևանքով մինչև 2030 թվականը հարկ կլինի վերապատրաստել ավելի քան 1 մլրդ մարդու: Միաժամանակ, կանխատեսվում է, որ առաջիկա երկու տարում ներկայիս աշխատատեղերի համար պահանջվող հիմնական հմտությունների 42%-ը փոփոխվելու է: Վերոնշյալի համատեքստում հետաքըրքրական մոտեցմամբ է հանդես եկել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիան, որն առաջարկում է ավտոմատացման բացասական հետևանքներից խուսափելու համար երկրում սահմանել ռոբոտների օգտագործման հարկ, իսկ դրանից ստացված միջոցներն ուղղել աշխատողների վերապատրաստմանը: Ի դեպ, այս գաղափարն արդեն իսկ ներդրվում է Հարավային Կորեայում:
    Ձեռնարկվող քայլեր Հաշվի առնելով ոլորտում արձանագրվող միտումները՝ բազմաթիվ երկրներում կրթության ոլորտի պատասխանատուները փորձում են քայլեր ձեռնարկել և համապատասխան ռազմավարություններ մշակել՝ դիմագրավելու ի հայտ եկող մարտահրավերներին։ Այսպես՝ 2019 թ. ՌԴ 100 բուհերում ուսանողների համար ներդրվել են արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրեր: Միաժամանակ, համալսարանների ղեկավարության և դասավանդող անձնակազմի համար նույնպես կազմակերպվում են դասընթացներ վերոնշյալ թեմատիկայի վերաբերյալ:
    Նախատեսվում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները կներդրվեն կրթական, գիտական և համալսարանի կառավարման գործընթացներում: Հատկանշական է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ կապված լրացուցիչ կրթական ծրագրերը հասանելի կլինեն ոչ միայն տվյալ ոլորտին ուղղակիորեն առնչվող մասնագիտությունների ուսանողներին, այլև, օրինակ, լրագրության ֆակուլտետում սովորողները նույնպես կարող են ծանոթանալ արհեստական բանականության տեխնոլոգիաներին, որոնք կօգնեն նրանց ձևավորել նյութերի վերնագրերը և գտնել համապատասխան պատկերազարդումներ:
    Հետաքրքրական է նաև ՌԴ-ում ներդրվող «Թվային համալսարան» մոդելի հայեցակարգը: Այն բաղկացած է լինելու չորս ուղղությունից՝ համալսարանի կառավարման տեղեկատվական համակարգ, կրթական գործընթացին առցանց աջակցություն, թվային տնտեսության առանցքային հմտություններ և անհատական ուսուցման հիմքով կրթական գործընթացի կառավարում: Նման մոդուլների մշակման, փորձարկման և ներդրման համար ոլորտը համակարգող գերատեսչությունը նախատեսում է համալսարաններին հատկացնել մինչև 100 մլն ռուբլի: Թվայնացվելու են բուհերի կողմից մատուցվող ծառայությունները, ներդրվելու են առցանց դասընթացներ և մեկ պատուհանի համակարգ, ինչը թույլ կտա ուսանողներին առավել արագորեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկանքներ: Թվային համալսարանում շեշտը դրվելու է ուսուցման անհատական հետագծի վրա: Արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով կմշակվի ոչ միայն գնահատականների վերաբերյալ տեղեկատվությունը, այլև առցանց ռեժիմով ստացված այլ տվյալներ, մասնավորապես՝ ինչ առարկաներով է հետաքրքրվում ուսանողը, ինչպես է հանձնել միջանկյալ թեստերը և այլն: Վերոնշյալ գործընթացները թույլ կտան ոչ միայն էականորեն բարելավել համալսարանի կազմակերպական հնարավորություններն ու կորպորատիվ մշակույթը, առավել գրավիչ և արդյունավետ դարձնել կրթական ծառայությունների մատուցման գործընթացը, այլև պատրաստել անհրաժեշտ մասնագետներ՝ թվային տնտեսությանը հաջողությամբ միասնանալու համար: Հավելենք, որ բարձրագույն կրթության համակարգում «Թվային համալսարանի» մոդելի մշակման և տարածման նպատակով 2019-2021 թթ. ընթացքում նախատեսվում է ներդնել շուրջ 6,14 մլրդ ռուբլի, որն իրականացվում է «ՌԴ թվային տնտեսություն» ազգային ծրագրի «Կադրեր թվային տնտեսության համար» դաշնային նախագծի շրջանակներում:
    Ստեղծված իրողություններում Հայաստանի համալսարանական համայնքին օգտակար կարող է լինել կարողությունների միավորման և դրա միջոցով բուհերի արդյունավետության ու գրավչության մակարդակի բարձրացման միջազգային փորձի դիտարկումը: Այս առումով, լավ օրինակ է ավելի քան վեց տասնամյակ առաջ ԱՄՆ-ում հիմնադրված Big Ten Academic Alliance-ը, որը միավորում է ամերիկյան 14 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ընկերակցության նպատակն է համախմբել համալսարանների կարողություններն արտոնագրերի գնման, համատեղ դասընթացների կազմակերպման, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունների, գրադարանային ռեսուրսների և ակադեմիական կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տարբեր նախագծերի իրականացման գործընթացներում: Ամփոփում և որոշ եզրակացություններ: Ինչպես ճշմարտացիորեն նշում են Foreign Affairs հանրահայտ հանդեսի «Գլոբալ տնտեսության հաջորդ հաղթողները» հոդվածի հեղինակները, պետությունները պետք է ներդրումներ կատարեն թվային ենթակառուցվածքներում և կրթության ոլորտում, եթե ցանկանում են հաջողել համաշխարհային թվային տնտեսությունում: Այս առումով, հատկանշական է նաև 2019 թ. դեկտեմբերին ՀՏՀ հրապարակած զեկույցում արված դիտարկումը՝ ըստ որի պետական և մասնավոր կազմակերպությունները, ակադեմիական շրջանակներն ու քաղաքացիական հասարակությունը պետք է միասին գործեն՝ օգնելու աշխատավորներին անցում կատարել դեպի արտադրության ապագան: Նպատակի իրականացման համար պահանջվում են կըրթական համակարգի վերազինում, զանգվածային վերապատրաստում֊ների, որակավորման բարձրացման և ցկյանս ուսումնառության համար բարենպաստ կրթական միջավայրի զարգացման մեջ ներդրումներ, որոնք կապահովեն շարունակական հարմարեցում հարափոփոխ պահանջներին:
    Քննարկվող խնդիրները չափազանց
    օրակարգային են մեր կրթական համակարգի ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի համար: Հայաստանի բուհերը նույնպես թվային դարաշրջանի գլոբալ կրթական շուկայում մրցունակության ապահովման համար կարիք ունեն համալիր արդիականացման և խորքային բարեփոխումների, որոնք երբեմն պահանջելու են բարդ և ոչ ժողովրդահաճո որոշումներ:
    Այս համատեքստում, հատկանշական է ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետի ելույթում առաջադրված խնդիրը՝ ըստ որի մայր բուհը առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականներից մեկում: Հաշվի առնելով նման արդյունքի ապահովման բարդությունը՝ վերոնշյալ խնդրի լուծումը կարող է պահանջել ռազմավարական ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Սփյուռքի մտավոր ռեսուրսների ներգրավմամբ: Հարկ է նշել, որ նման ծրագրի մշակման գործում կարող է օգտակար լինել նաև հետազոտող Ա. Սիմավորյանի հրապարակած աշխատանքը, որտեղ հեղինակը, վերլուծելով ոլորտի միջազգային և հայրենական փորձն ու արձանագրվող գործընթացները, հանդես է գալիս մի շարք գործնական առաջարկություններով:
    Հայաստանի այլ առաջատար բուհերին նույնպես՝ հարափոփոխ աշխարհի գլոբալացվող գիտակրթական տարածությունում մրցունակ լինելու, առաջնորդողի, այսպես կոչված՝ «դրայվերի» դեր ստանձնելու համար անհրաժեշտ կլինի նոր թափ հաղորդել կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների արդիականացման, միջազգայնացման, կրթական ենթակառուց վածքների բարելավման, առցանց և հեռավար դասընթացների ներմուծման, հետազոտությունների և մշակումների, շարունակական կրթության բաղադրիչի ուժեղացման, համալսարանական ընկերակցությունների միջոցով կարողությունների միավորման, գիտական շտեմարանների հասանելիության ապահովման, աշխատակիցների գիտական գործունեության խրախուսման համակարգի, կարողությունների և փափուկ հմտությունների (soft skills) զարգացման, ակադեմիական և հանրային հարթակներում ակտիվության բարձրացման, որոշ ծառայություններ մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակման, և, անշուշտ, վարչարարության ավտոմատացման ու թվային տեխնոլոգիաների ներդրման գործընթացներին: